ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Արարատը հայի աչքերով» խորագիրը կրող շարժական լուսանկարչական ցուցահանդես

18 հունիսի, 2016 | 21:58

Vahan KocharՀՀ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների աջակցությամբ Թեքեյան Կենտրոնում բացվել է «Արարատը հայի աչքերով» խորագիրը կրող շարժական լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձին:

Ցուցահանդեսի մասնակիցներն են ազգությամբ հայ լուսանկարիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բրազիլիայից եւ ԱՄՆ-ից: Ցուցադրված 32 լայնաֆորմատ աշխատանքները ներկայացնում են հայ ազգի խորհրդանիշ Արարատ լեռը արվեստագետների ամենատարբեր ընկալումներով:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, հյուրեր Կիպրոսից, Անգլիայից, Շվեյցարիայից, արվեստասերներ:

Բացման խոսքում «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, ողջունելով ներկաներին, ուրախությամբ նշեց, որ նման ձեւաչափի ցուցահանդեսների կազմակերպումը Թեքեյան Կենտրոնի հարկի տակ դարձել է ավանդույթ, ինչը նպաստում է լուսանկարչական արվեստի զարգացմանն ու տարածմանը, ճանաչելի դարձնելով ժամանակակից արվեստագետներին: Տնօրենը նաեւ խորին երախտագիտություն հայտնեց տիկին նախարարին հայերի համար խորհրդանշական այս թեմայով ցուցահանդեսն այցելելու եւ նրա կայացմանը օժանդակելու համար:

«Յուրաքանչյուր հայի իղձն է՝ ամեն առավոտ աչքերը բացել եւ տեսնել Արարատը», – նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ողջունելով ցուցահանդեսի գաղափարը եւ բարձր գնահատելով աշխատանքները: Նախարարը նաեւ անդրադարձավ Թեքեյան Կենտրոնի դերին. «Որպես մշակույթի նախարար, ես հպարտ եմ, որ ունենք այսպիսի մշակութային կենտրոն, որն արժանի է այն գաղափարախոսությանը եւ այն բովանդակությանը, որը ժամանակի մեջ պատմականորեն դրել է Թեքեյան միությունը: Թեքեյան Կենտրոնը մեզանում դարձել է հայ մշակույթը ներկայացնող լավագույն օջախներից մեկը, որի ձեռնարկները մշտապես հետաքրքրություն են առաջացնում հանրության շրջանում, ինչի մասին վկայում է այսօրվա ձեռնարկը: Շնորհավորում եմ միջոցառման կազմակերպիչներին եւ մասնակիցներին նման հրաշալի աշխատանքներ ներկայացնելու համար»:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանը /Լոնդոն/, շնորհակալություն հայտնելով նախարարին եւ հիմնադրամի հոգաբարձուներին ձեռնարկի իրականցմանը մեծապես օժանդակելու համար, նշեց, որ ցուցահանդեսը կներկայացվի նաեւ Արցախում, ինչը մեծ դեր կունենա մեր մշակութային կյանքում: Վ. Ուզունյանը հույս հայտնեց նաեւ, ԹԿ հիմնադրամի համագործակցությունը մշակույթի նախարարության հետ կլինի շարունակական եւ կյանքի կկոչի մշակութային արժեք ունեցող այլ ձեռնարկներ:

Հայ լուսանկարիչ Վահան Քոչարը, անդրադառնալով ցուցահանդեսի գաղափարին, համոզմունքով նշեց, որ ցուցահանդեսը պետք է ունենա շարունակություն՝ «Արարատը աշխարհի աչքերով», եւ դառնա միջազգային ցուցահանդես ու շրջի աշխարհով, ինչը եւս մեկ առիթ կլինի հայի մասին խոսելու, նրա բազմադարյա մատմությունն ակնարկելու համար:

«Արարատը հայի աչքերով» ցուցահանդեսը Թեքեյան Կենտրոնում բաց կլինի մինչեւ ս.թ. հունիսի 30-ը եւ այնուհետեւ կներկայացվի Արցախում:

 

tekeyan exb6 Hasmik Poghosian tekeyan exb4 tekeyan exb2


Առնչվող նյութեր
1. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
3. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
4. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
5. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
6. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
7. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
8. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
9. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում
10. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: