ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արամ Ջիվանյան. Գիտնականների արժանապատվությունը հերթական անգամ չտրորելու համար Նախագահը պետք է երկնիշ թվով բազմապատկի ԵԳԱԾ-ի 100 մլն-ը

05 ապրիլի, 2013 | 00:57

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Արամ Ջիվանյանը մի քանի ամիս եղել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ղեկավար մարմնի անդամ։ Ինչպես հայտնի է, ՀՀ Նախագահի հատկացրած 100 մլն դրամով իրականցվող այս ծրագրի ղեկավար մարմնի կազմում ընդգրկված են 9 երիտասարդ, որոնցից երեքը ներկայացնում են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների երիտասարդ գիտնականների խորհուրդները, 3 հոգի հանդիսանում են բուհական ուսանողական գիտական միավորումների ներկայացուցիչներ և 3 հոգի ներկայացնում են «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնությունը։ Ինչպես հայտնի է, վերջիններս պարբերաբար փոխվում են՝ համաձայն նախաձեռնության կողմից որդեգրած ռոտացիայի սկզբունքի։ Ծրագրի մեկնարկային շրջանում, ղեկավար մարմնի կազմավորման և աշխատակարգի ընդունման ժամանակ այս և մեկ այլ սկզբունքի՝ որոշումների ընդունման կոնսենսուսային մոտեցման շուրջ ծավալվեցին լուրջ բանավեճեր։ Նախաձեռնության անդամները պնդում էին, որ այս սկզբունքների կիրառումն անհրաժեշտ է, որպեսզի հնարավորինս նվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը, որպեսզի «ղեկավար մարմնի անդամությունը ի վերջո չվերածվի նոր կերակրամանների, ինչը, ցավոք, բավական տարածված երևույթ է մեզանում»։ Ի վերջո, կողմերը համաձայնության եկան կոնսենսուսի սկզբունքի կիրառման անհրաժեշտության շուրջ, իսկ ռոտացիայի վերաբերյալ որոշվեց, որ այդ սկզբունքով կգործի ՊԳՖԱ-ն։ Արամ Ջիվանյանն այն 6 երիտասարդներից մեկն է, ով ռոտացիոն կարգով այս ընթացքում ԵԳԱԾ-ի ղեկավար մարմնի կազմում ներկայացրել է ՊԳՖԱ-ն։

-Արամ, հակիրճ կներկայացնե՞ք ծրագրի իրականացման ընթացքը, ինչպե՞ս եք այն գնահատում, ինպիսի՞ ձեռքբերումներ ու արձագանքներ կան։

-Երբ ես խորհրդի անդամ էի, մենք աշխատում էինք երեք տիպի` գիտաժողովների մասնակցության գործուղումների, գիտաժողովների կազմակերպման և գիտական հետազոտությունների դրամաշնորհնների ֆինանսական աջակցություն ցույց տալու ծրագրերի վրա: Բացի այդ երեք ծրագրերը կյանքի կոչելուց, խորհուրդը իրականացրեց նաև մրցանակաբաշխություններ, ինչը ես շատ բարձր եմ գնահատում: Շահառուներ են հանդիսացել տարբեր երիտասարդ գիտնականներ, և ես չեմ լսել որևիցե էական բողոք` իրականցվող ծրագրերի վերաբերյալ: Խորհրդի իրականացրած ևս մեկ շատ կաևոր քայլ ես համարում եմ Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպքի տիեզերք» գրքի տպագրության համաֆինանսավորումը: Այդ ծրագրի շահառուներ դեռ կհանդիսանան նույնիսկ մեր երեխաները:

-Դուք ինքներդ օգտվե՞լ/դիմել եք ԵԳԱԾ ծրագրերից/ին, կոնկրետ՝ ո՞ր։

-Ես չեմ օգտվել ԵԳԱԾ-ի որևէ ծրագրից: Գուցե կօգտվեմ, երբ առաջին անգամ ձեռքս կառնեմ նշածս գիրքը:

-Ինչպե՞ս են կայացվում որոշումները ծրագրի ղեկավար մարմնում, արդարացնո՞ւմ է արդյոք իրեն կոնսենսուսի սկզբունքը։

-Խորհուրդը կազմավորման պահից մինչև աշխատանքային փուլ սկսելը անցել է որոշակի «դժվարությունների» միջով։ Եվ ՊԳՖԱ-ի առաջարկած սկզբունքները, կոնսեսուսով որոշումներ ընդունելը և խորհրդի անդամների` պարբերաբար ռոտացիա իրականացնելը եղել են այն հիմնական կետերը, որոնց շուրջ համաձայնության գալուց հետո խորհուրդն սկսեց իր բնականոն և արդյունավետ աշխատանքը: Ես ինքս ողջունել եմ այդ սկզբունքները: Կոնսենսուսի սկզբունքն ընդունելը բացառում էր այնպիսի որոշումների ընդունումը, որոնք իրականացվեին, ենթադրենք, ԵԳԱԾ-ի խորհդում ներկայացված երեք տարբեր մարմիններից միայն երկուսի կողմից: Հիմա ես արդեն դուրս եմ եկել խորհրդի կազմից և քաջատեղյակ չեմ այնտեղ տիրող մթնոլորտին, սակայն իմ կարծիքով այնտեղ տիրում է այնպիսի թիմային ոգի, որ բացառում է որևիցե կարծիքի առհամարհումը: Այս իսկ պատճառով ցանկացած որոշում կհանդիսանա կոնսենսուսի արդյունք: Դա իմ կարծիքն է:

-Ի՞նչ կասեք երկրորդ՝ ռոտացիայի սկզբունքի վերաբերյալ։

-Ղեկավար մարմնի անդամների պարբերաբար փոփոխելու՝ ռոտացիայի սկզբունքը որդեգրելու անհրաժեշտությունը ժամանակին բավականաչափ լավ հիմնավորվել է: Խորհրդի կազմում արդեն իսկ իրականացվել են մի քանի ռոտացիաներ, և փաստացի՝ խորհրդի աշխատանքը դրանից չի տուժել, ինչպես և ենթադրվում էր: Բացի դրանից, դա հանդիսացավ նաև` որպես «իրավական» հիմք` խորհրդի անդամների` խորհրդից դուրս գալու կամ մեկին փոխարինելու համար:

-Ի՞նչ կասեք ԵԳԱԾ-ի ծրագրերում որդեգրված չափորոշիչների վերաբերյալ։ Դրանցից որո՞նք են առաջադիմական և որո՞նք են, ըստ Ձեզ, քննադատելի։ Մասնավորապես, արդարացվա՞ծ է արդյոք այն, որ բացառապես բանավոր զեկույցներ ունեցողներն են ստանում միջազգային գիտաժողովներին մասնակցելու համար հատկացվող ֆինանսական աջակցությունից։

-Նախ, այդ չափորոշիչների առաջին նպատակը գումարների հնարավորինս օբյեկտիվ և արդյունավետ բաշխման մեթոդները սահմանելն է: Այդ առումով արվել է առավելագույնը: Հաշվի առնելով գումարների սղությունը, պետք էր մտցնել բավական «խիստ» չափանիշներ` բաշխումը հնարավորինս արդար իրականացնելու համար: Այդ առումով արդարացված է` ֆինանսավորման համար ընտրել բացառապես բանավոր զեկույցները: Իհարկե, բազմաթիվ պաստառային զեկուցումներ նույնպես լիովին արժանի են ֆինանսավորվելու: Սա առաջին հերթին գումարի խնդիր է: Եթե գումարները բավականացնեն, ԵԳԱԾ-ը կարող է մշակել համապատասխան չափորոշիչներ` բարձրակարգ պաստառային զեկուցումներն ընտրելու և ֆինանսավորելու համար: Ինչ վերաբերում է ընդհանրապես չափորոշիչների քննադատելի լինելուն, միշտ էլ, իհարկե, ցանկացած բան կարելի է քննադատել:

-Ինպե՞ս եք գնահատում ԵԳԱԾ-ի ղեկավար մարմնի աշխատաոճը՝ այն բավարար թափանցի՞կ է, իսկ օպերատի՞վ է որոշումները կայացնելիս, առաջադիմակա՞ն է և ընդհանրապես, արդարացվա՞ծ է արդյոք ԵԳԱԾ-ի ձևաչափը` երիտասարդական գիտական ծրագրեր իրականացնելու համար։

-Երիտասարդական գիտական ծրագրեր իրակացնելու համար ԵԳԱԾ-ի ձևաչափը առավել քան արդարացված է այն առումով, որ 1) երիտասարդ գիտնականների հարցերով զբաղվում են հենց երիտասարդ գիտնականները, և դա այդպես էլ պետք է շարունակվի. ոչ ոք իր տունը իրենից լավ չի սարքում: 2) ԵԳԱԾ-ի խորհրդում փորձ է արվել ներգրավել հնարավորինս տարբեր «մշակույթների» ներկայացուցիչ երիտասարդների: Խորհուրդն աշխատում է թափանցիկ և հնարավորինս օպերատիվ, ինչը բավական ակնհայտ է: Իսկ ինչ վերաբերում է առաջադիմական լինելուն, ապա այս տարի խորհուրդը միայն հասցրեց կազմավորվել, որդեգրել աշխատաոճ և ձեռնամուխ լինել` հայտարարված չորս ծրագրերի իրականացման համար չափորոշիչներ մշակելուն: Այսինքն, որպես այդպիսին, առաջադիմ լինելը դեռ չի դրսևորվել: Ես կհամարեմ, որ այդ խորհուրդը առաջադեմ է, եթե նրան հաջողվի հասարակության մեջ որոշակի նոր «մշակութային» տարրեր մտցնել: Այժմ ԵԳԱԾ- խորհուրդը իրեն դրսևորել է միայն հատկացված գումարի տնօրինման լավ մենեջմենթով:

-Նաև, խնդրում եմ ընդհանուր գնահատական տալ՝ որքանո՞վ է արդյունավետ գործել ծրագիրը, որքանո՞վ են արդյունավետ ծախսվել ֆինանսները։

-Ես կարևորում եմ իրականացրած բոլոր ծրագրերը: Եթե նայենք, թե երիտասարդ գիտնականի աշխատավարձի համեմատ գիտաժողովի գումարը ինչքան մեծ գումար է ներկայացնում, ապա պարզ է դառնում թե գործուղումները ֆինասավորելն ինչքան կարևոր է: Մանավանդ, երբ ֆինանսավորվում են լավագույնները: Նույնը կարելի է ասել մյուս ծրագրերի մասին: Մրցանակաբաշխությունների մասին պետք է ասել, որ դրանք պետք են նաև գիտությունը կարևորելու մշակույթ ձևավորելու առումով: Ընդհանուր առումով, ծրագիրը, որպես մոդել, ավելի քան հաջողված է: Երբ գիտության ֆինանսավորման ավելացման մասին է խոսքը գնում, ապա կառավարությունը միշտ առաջ է բերել նախ օպտիմիզացիայի խնդիրը, հետո գումարների ավելացման հարցը, այն հիմնավորումով, որ ավելացված գումարները բաժին հասնեն միայն արժանիներին: Գուցե կառավարությունը տեսնի, որ ԵԳԱԾ-ի խողովակով պետք է հոսքը հնարավորինս մեծացնել, քանի որ մեր՝ «օպտիմիզացման» խիստ կարիք ունեցող այս գիտական համակարգում հատկացված գումարները ծախսվեցին շատ օպտիմալ և անհրաժեշտ կերպով:

-Ի՞նչ առաջարկներ ունեք ծրագիրն է՛լ ավելի լավացնելու համար, ինչպիսի՞ ծրագրեր արժե իրականացնել ապագայում։

-Իրականացվող երեք ծրագրերն էլ հիմնարար անհրաժեշտություն ունեն և պետք է շարունակվեն: Ես գտնում եմ, որ կյանքի պետք է կոչվի կենսական անհրաժեշտություն ունեցող ևս մեկ ծրագիր: Դա ազդեցության գործակից (ԱԳ) ունեցող ամսագրերում մեր երիտասարդ գիտնականների տպագրած յուրաքանչյուր հոդվածի համար «հոնորար» հատկացնելն է, որը մեկ հոդվածի համար, կախված ԱԳ-ից, պետք է տատանվի 500-ից մինչև 1500 դոլլար: Նման խրախուսման մեթոդի ազդեցությունը գիտության զարգացման վրա արդեն ապացուցվել է բազմաթիվ երկրներում` Թուրքիայում, Չինաստանում: Եթե չեմ սխալվում, Ռուսաստանի որոշ ինստիտուտներում էլ է այն գործում: Պետք է հասնել դրան և դրա համար գտնել միջոցներ, պետական կամ ոչ պետական. ցանկալի է՝ պետակա՛ն, իհարկե: Այդ նպատակով գումար հատկացնելիս կառավարությունն արդեն չի կարող ասել, թե դա ոչ օպտիմալ ծախս կլինի, կասկածի տակ չի լինի այդ հոնորարնեը ստացողների արժանիությունը: Գուցե ԵԳԱԾ-ը կատարի որոշակի վերլուծություններ, մշակի չափորոշիչներ բոլոր ոլորտների համար, կատարի հաշվարկներ` անհրաժեշտ նախնական գումարի վերաբերյալ և պատրաստի փաթեթով բարձրացնի այդ հարցը: Դա էական նշանակություն կունենա նաև ուղեղների արտահոսքը կանխելու հարցում: Սա գուցե մշակման կարիք ունի, բայց արդարացի և հիմնավորված ծրագիր է: Եվ սա պետք է պահանջ լինի: Չգիտեմ` դա գործադուլների՞, թե՞ հացադուլների միջոցով է լինելու, բայց վաղ թե ուշ մենք հասնելու ենք դրան:

-Որքանո՞վ է հավանական, որ ծրագիրը շարունակական կլինի։

-Չտիրապետելով որևէ ինֆորմացիայի, ես այնուամենայնիվ մտածում եմ, որ ծրագիրը շարունակություն կունենա: Բայց հարցն այն է, թե ինչպիսի գումարներով կշարունակվի:

-Ինչպե՞ս եք վերաբերվում այն բանին, որ Նախագահի թեկնածու, գործող Նախագահ Ս.Ա. Սարգսյանի ընտրական ծրագրում տեղ է գտել արձագանք ԵԳԱԾ-ին. «Ընդլայնվելու են երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրի ծավալները»։

-Նախընտրական ծրագրում եղել է իրականում ոչինչ չասող մի արձագանք` առանց հստակեցումների` ինչքան-ի և երբ-ի մասին: Մանավանդ, վերջին` 350000 դոլարով երկու զուգարան ներկրելու և նախագահականի վարագուրների 40 միլիոն դրամի ֆոնին շատ հետաքրքիր է լինելու, թե ինչքա՞ն է ընդլայնվելու երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի համար տարեկան 100 մլն հատկացված գումարը: Երևի Նախագահի թեկնածուն միտք ունի երկնիշ թվով բազմապատկելու այդ գումարը` գիտնականների արժանապատվությունը հերթական անգամ չտրորելու բարի ցանկությամբ:

-Որո՞նք են ներկա պահին գիտական համակարգի ամենակարևոր խնդիրները։

-Այստեղ շատ բան կարելի է ասել. օրինակ` գիտություն-տնտեսություն կապի բացակայությունը, գիտության ծերացումը, սակայն այս ամենի, եթե չասեմ` միակ, ապա ամենակարևոր պատճառը գիտության թերֆինանսավորումն է, որին կարելի է կոպիտ համարել նաև չֆինանսավորում:

Մանե Հակոբյան

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Լուսինե Սարգսյան. Երկար եմ պայքարել, որպեսզի մի դրական բան արվի Բյուրականում, սակայն՝ ապարդյուն
2. Վռամ Մուղնեցյան. Մեր երկրին անհրաժեշտ են ոչ միայն գիտության էնտուզիաստներ, այլ նաև գիտական լուրջ դպրոցներ
3. Վարդան Ափինյան. Գիտության արհամարհումից առաջացած խորը բարոյական ճգնաժամն առավել ակնհայտ է, երբ վերադառնում ես արտասահմանից
4. Գառնիկ Մկրտչյան. Գիտության ոլորտում իրական դրական միտումներ կտեսնենք ֆինանսավորման գոնե քառակի ավելացման դեպքում
5. Արմեն Գալստյան. ՀՀ կառավարությունը չնչին ներդրումով պահում է «գիտության շունչը», իսկ պետք են լո՛ւրջ ներդրումներ, որպեսզի «եկամուտը» տեսանելի լինի
6. Կարեն Հակոբյան. Մեկնում եմ աշխատանքային լավ հույսերով, բայց մեծ թախիծով
7. Լևոն Արամյան. Նման ֆինանսավորման պայմաններում կշարունակվի մեր լավագույն կադրերի միակողմանի արտահոսքը դեպի արտասահման
8. Մուշեղ Ռաֆայելյան. Հայաստանում երիտասարդ գիտնականի ապագան անկանխատեսելի է
9. Վահագն Եղիկյան. Գիտությունը երկրին պետք է ո՛չ միայն տնտեսական կամ այլ նյութական տեսակետից, այլ նաև՝ որպես մշակութային արժեք
10. Մարինե Սամսոնյան. Եթե Հայաստանի գիտնականներն այլևս չունենան կենսական խնդիրներ, աշխարհի գիտական բարձունքները կլինեն նաև մերը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
2.Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
3.ԱՐԱ ԿԻՒԼԷՐ ՅԱՒԵՐԺՈՒԹԵԱՆ Կ՚ՈՒՂԵՒՈՐՈՒԻ ԲԻՒՐ ՅԱՐԳԱՆՔՈՎ
4.Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
5.Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
6.,,Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան
7.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
8.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
9.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
10.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: