ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արամայիս Մեժլումյանի աննախադեպ հաջողությունը

18 նոյեմբերի, 2012 | 20:15

Արամայիս Մեժլումյանի աննախադեպ հաջողությունը

Հայ գործարարի պլաստմասսայե շշերից սալիկները գրավել են չեխական շուկան

ՕՐԵՐ, 3-4/63/ 2012

Չեխական Վելկի Մեժրիցե քաղաքի ”Տրի Պիրամիդի”  (Երեք բուրգ) ընկերությունը, որի համասեփականատերերից է մեր հայրենակից 48-ամյա Արամայիս Մեժլումյանը, չեխական շուկայում դարձել է ամենապահանջված տանիքածածկ  սալիկների արտադրողը։ Սալիկի գյուտը մեծ արտադրողականություն է ապահովել  Չեխիայում։

Արամայիս Մեժլումյանը   եւ իր ընկերը` Յան Մալեցը երկար են մտածել, թե դատարկ պլաստմասսայե շշերն ինչպես կարող են օգտագործել շինարարությունում։ Երկար փորձարկումներից  հետո, դատարկ շշերը խառնել են ապակե ավազի հետ, եւ այդ երկու խառնուրդներից ստացել են պլաստե բետոն։ Հետագայում  Մալեցի հետ որոշել են, որ դա կարող են օգտագործել տանիքածածկ սալիկների արտադրության մեջ։

Շշշերը հավաքում են, լվանում, աղում, հետո խառնելով ապակե ավազի հետ եւ ճնշման գործիքների միջոցով ստանում են վերջնական արտադրանքը։  Պրահայում սալիկների տեխնիկական փորձաքննությունը  մոտ մեկ տարի է տեւել, որից հետո ստացել են անհրաժեշտ բոլոր սերտիֆիկատները։ Այս սալիկները շատ բարձր որակ ունեն, եւ հայտնագործությունը պատենտավորված է իբրեւ համաշխարհային նորույթ եւ համարվում է պլաստ-բետոնի միակ  գործարանը ողջ Եվրոպայում։ Առաջին փորձարկումներն արվել են` չունենալով համապատասխան արտադրական տարածքներ։ Այժմ Եվրամիության աջակցությամբ կառուցվել է նոր գործարան, որն արժեցել է ութսուն միլիոն կրոն։

“Մեկ կիլոգրամ պլաստմասայե շիշը գնում ենք տասից մինչեւ քսան կրոնով։ 25 շիշ է անհրաժեշտ մեկ սալիկի պատրաստման համար։ Ամսական 200 տոննա շիշ ենք գնում։ Արտադրությունում 15 մարդ է աշխատում` երեք հերթափոխով։ Նրանց համար նույնիսկ տնակներ ենք կառուցել գործարանի տարածքում։ Մեր աշխատակիցների թվում կան  հայաստանցիներ, չեխեր եւ ուկրաինացիներ”,- ասում է Արամայիս Մեժլումյանը։

Դիմացկունության առումով կարեւորն այն է, որ մեր սալիկը չի այրվում, կրակը դրա վրա չի տարածվում, ջուր չի ներծծում, եւ եթե նույնիսկ դրանց վրա թռչկոտան, դրանք չեն ջարդվում։ Այս սալիկները քառասուն տոկոսով ավելի թեթեւ են  եւ չորս անգամ ավելի ամուր, քան սովորական սալիկները։ Դրանք նաեւ ցրտադիմացկուն են եւ լավ պաշտպանում են քամուց, քանի որ քամին չի կարողանում դրանք պոկել տանիքից։ Արամայիսի ասելով, սալիկներին 36 տարվա պահպանման ժամկետ են տալիս։ Դրանք նաեւ էժան են ավելի քան 40 տոկոսով։ ”Արտադրության ժամանակ ոչ մի թափոն չի մնում, ամեն ինչ նորից է օգտագործվում։ Իսկ եթե մեր պատվիրատուն ինչ-որ մնացորդ կամ թափոն է ետ բերում, նրան գումարը վերադարձնում ենք”,-ասում է հայ գործարարը։

Շուկայում առաջին նման սալիկները հայտնվեցին 2006-ին, եւ առաջինը  փորձարկվեցին Վելկի Մեժրիցե ավանի տների տանիքներին։ Այնուհետեւ մեկ տարի անց դրանք ցուցադրվեցին Պրահայի միջազգային ցուցահանդեսում։ “Այնտեղ հասկացանք, որ մեր արտադրանքը ապագա ունի, քանի որ հետաքրքրվողները շատ-շատ էին։ Մենք միակն ենք, որը տեղական` չեխական հումք ենք օգտագործում այդ սալիկների արտադրության համար։ Մնացյալ բոլոր ֆիրմաները դրանք բերում են արտասահմանից”,- պատմում է Ա. Մեժլումյանը։

Այս սալիկները մաքուր բնական ռեսուրսներից են եւ որեւէ  քիմիական ազդեցություն չունեն շրջակա միջավայրի վրա։ Այսօր ”Երեք բուրգ” ընկերությունը օրական արտադրում է 7-8 հազար սալիկ, որը բավարար է 4-5 սեփական տան տանիքի սալիկապատման համար։ Սալիկները արտահանվում են նաեւ Գերմանիա, Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան եւ Իսպանիա։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք զարգացման այլ ծրագրեր կան, Արամայիս Մեժլումյանը պատասխանեց.

”Մյունխենում մասնակցեցինք ”Սոլար” միջազգային ցուցահանդես-վաճառքին, որտեղ տարբեր երկրներից ժամանած մեր գործընկերների հետ քննարկեցինք մեր նախագծերից մեկը, կապված արեւի  էներգիայով էլեկտրաէներգիա ստանալու հատուկ ծածկասալիկների արտադրության հետ։ Դրանք կլինեն այնպիսի սալիկներ, որոնք կապահովեն սեփական տան էլեկտրաէներգիայի  սպառման բոլոր պահանջները”։

Վերջում նշենք, որ  Արամայիս Մեժլումյանի հաջողությունների մասին գրել է նաեւ չեխական ամենաազդեցիկ օրաթերթերից մեկը` ՄՖ Դնեսը, որն արտատպում ենք Օրեր-ի չեխերեն էջերում։

Հակոբ Ասատրյան


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
2.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
3.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
4.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
5.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
6.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
7.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
8.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
9.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
10.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: