ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավրորայի հերոսի անունը հնչեց Արարատի հովանու ներքո. փաստաբան Չո Լա Աուն/ Մյանմա/

10 հունիսի, 2018 | 09:25

Հունիսի 7-ից  ,,Ավրորա,, միջազգային մարդասիրական նախաձեռնության ձեռնարկներն այսօր վաղ առավոտյան՝ ժամը 4-ին Խոր Վիրապում հասան իրենց գագաթնակետին։ Արշալույս գյուղի 14 ամյա Արշալույս աղջնակը բեմից հրապարակեց եզրափակիչ փուլ անցած երեք թեկնածուներից հաղթողի անունը՝ Մյանամից փաստաբան, ռոհինջա ժողովրդի առաջնորդ եւ մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աուն։

Վերջինս  ստանալով մրցանակը, շնորհակալություն հայտնեց Հայաստանից ու հիմնադիրներից, եւ հուզված ձայնով ասաց, որ շարունակելու է պայքարը իր ժողովրդի իրավունքների համար։ Աուն 12 տարի բանտարկված է եղել իր  մահմեդական ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, քանի որ Մյանամի իշխանությունները 1962 թվականից սկսյալ  շարունակ վարել են ռոխինջա էթնիկ խմբի ոչնչացման քաղաքականություն, ինչի հետեւանքով 400 հազար մարդ հայտնվել է հարեւան Բանգլադեշում։ 1962-86 թվականներին նա իբրեւ փաստաբան աշխատել է կառավարության համար, սակայն տեսնելով, որ իր ժողովրդի նկատմամբ շարունակվում է խտրականության քաղաքականությունը, պայքարել է հանուն նրա ազատության եւ իրավունքների։

Չո Լա Աուն մրցանակը ստանալուց հետո. Լուսանկարը՝ ՕՐԵՐ-ի

Նրա նվիրումը Մյանմայի կառավարության կողմից հետապնդվող հարյուր հազարավոր մահմեդական փախստականների եւ կրթությունից զրկված երեխաների իրավունքների եւ արդարության պայքարին զորեղ է, քան երբեւէ։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը Չո Լա Աունի մասին դրվատանքի իր խոսքում ասաց. «Հիշելով, թե Ցեղասպանության ընթացքում բռնի տեղահանության ճանապարհներին հայերը եւ հատկապես կանայք ու երեխաներն ինչպիսի սարսափների ու վայրագությունների են ենթարկվել, մենք մեծագույն պատասխանատվությամբ այժմ ոտքի ենք կանգնել՝ աջակցելու Չո Լա Աունի մարդապաշտպան գործին, որը մի օր հանգեցնելու է նրան, որ գործի դրվեն պետական եւ միջազգային օրենքներ՝ կոչված պաշտպանելու մարդկանց խոցելի խմբերին։ Սեփական կյանքի համար մեծագույն սպառնալիքի պայմաններում Չո Լա Աունն անում է վիթխարի աշխատանք՝ օրինակ դառնալով այն հեռահար ազդեցության, որ կարող է ունենալ մեկ անհատը՝ սկիզբ դնելով մեծ շարժման եւ օգնելով մարդկանց վերափոխելու իրենց կյանքը»։

 

Ռուբեն Վարդանյանը, Վարդան Գրեգորյանը եւ Նուբար Աֆեյանը, Լուսանկարը՝ ՕՐԵՐ-ի

Որպես «Ավրորա» մրցանակի 2018 թ. դափնեկիր՝ Չո Լա Աունն ստանալու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ, ինչպես նաեւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ մրցանակի 1,000,000 ԱՄՆ դոլարի մրցանակն իր ընտրությամբ նվիրաբերելով հետեւյալ երեք միջազգային կազմակերպություններին, որոնք Մյանմայում բժշկական օգնություն եւ օժանդակություն են տրամադրում փախստականներին.

  • «Բժիշկներ առանց սահմանների», Լոնդոն (Médecins Sans Frontières)
  • MERCY Մալայզիական բժշկական նպաստամատույց, Մալայզիա (Malaysian Medical Relief – MERCY Malaysia)
  • Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով, Շվեյցարիա, ԱՄՆ (ICMC – International Catholic Migration Commission)

 

Մրցանակն ստանալուց հետո, ՕՐԵՐ-ին տված բացառիկ հարցազրույցում նա նշեց, որ իր գործը առաջ կտանի  երեք հասարակական կազմակերպությունների միջոցով, որոնց միջեւ կբաժանվի 1 միլիոն դոլար մրցանակը, եւ կռարունակի պայքարել իր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման համար։

«Չո Լա Աունն նաեւ ասաց. «Իմ ժողովուրդը ենթարկվում է դաժան սահմանափակումների, եւ արդեն կորցրել է իր խիզախությունն ու սեփական ուժերի նկատմամբ հավատը, դարձել անգրագետ, ուստիեւ՝ ընչազուրկ։ «Ավրորա» մրցանակի աջակցությունը կարեւոր ճանաչում է բերում մարդու իրավունքների խախտումների ենթարկված բոլոր մուսուլմաններին, եւ ռոհինջա ժողովրդի թշվառ կացությունն օրեցօր ավելի նկատելի է դառնում միջազգային հանրությանը»։

 

Մյուս երկու թեկնածուներն էին կին իրավապաշտպան Սունիտա Քրիշնան/Հնդկաստան/, ով 27 տարի առաջ՝ 15 տարեկանում ենթարկվել էր խմբակային բռնաբարության, եւ անցած տարիների ընթացքում պայքարել է բռնությունների ենթարկված կանանց եւ ստրկության մեջ գտնվող աղջիկներին ազատելու համար։ Նա իր հիմնած հասարակական կազմակերպության միջոցով արդեն 20 հազար կանանց կյանք է փրկել։

Նա համարում է, որ ամենամեծ մարտահրավերը հասարակության անտարբերությունն է, իներտությունը։ Հետեւաբար նա առաջարկում է ընտանիքներում տղամարդկանց դաստիարակության հարցը  նոր մակարդակի բարձրացնել, որպեսզի կանայք չենթարկվեն նման բռնությունների։

Երրորդ թեկնածուն Սեքսիկայից Հայր Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն է, ով իր ,,Լա 72,,  կազմակերպության միջոցով աշխատում է Հարավային Ամերիկայի երկրներից Մեքսիկա հասած փախստականների իրավունքների համար, քանի որ Մեքսիկայի իշխանությունները՝ ոստիկանության միջոցով նրանց ենթարկում են տարբեր բռնությունների, եւ նրանցից 10 հազար դոլարի չափ գումար են կորզում, որպեսզի տեղափոխեն այլ երկրներ։ Կոռուպցիան եւ կազմակերպված հանցավորությունը մեծ խնդիր է դարձել այդ երկրի համար։

Արարատ լեռան ստվերի ներքո կազմակերպված միջոցառումը, ինչպես բացմանը նշեցին նախաձեռնության հիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը եւ Վարդան Գրեգորյանը, նպատակ ունի բոլոր հյուրերին եւ աշխարհին ցույց տալ քրիստոնեության բնօրրան Հայաստանի մարդասիրական ուղերձը, լեռ, որ վկան է հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերին, մի երկրում, ուր մարդկությունը գոյության երկրորդ հնարավորությունը ստացավ, եւ որտեղ Նոյը երկիր կառուցեց եւ այգիներ տնկեց։

Երախտագիտություն գործով արտահայտելու գաղափարը »Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շարժիչն ուժն է։ Աշխարհով մեկ սփռված այն անհամար փրկվածները, որոնք վերապրելու հնարավորություն են ստացել շնորհիվ ուրիշների մեծահոգության, կարող են լավագույնս արտահայտել իրենց երախտագիտությունը՝ համարժեք քայլ կատարելով։ Սա է գործով արտահայտված երախտագիտությունը։

Առավոտյան արեւածագի հետ մեկտեղ, երբ ավելի ու ավելի էր գեղեցկանում Արարատի պատկերը, տեղի ունեցավ Ավրորայի հերոսի մրցանակի շնորհման արարողությունը, որը Սերգեյ Շանովիչի ռեժիսորական աշխատանքի շնորհիվ ստացել էր խորհրդավոր բնույթ՝  օգտագործելով լուսային եւ ձայնային գեղեցիկ ձեւավորում։ Բեմում  միմյանց հաջորդեցին ,,Հովեր,, պետական կամերային նվագախումբը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դաշնակահար Վաչե Շարաֆյանը, դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը, ջութակահար Պոլինա Շարաֆյանը եւ Գագիկ Գինոսյանի ,,Կարին,  ավանդական երգի-պարի համույթը, որն իր շուրջպարի մեջ ներառեց հանդիսությանը ներկա բոլոր հյուրերին։

Ներկաներից ամեն մեկն իր խաղողի որթը անվանագրեց, որի տնկումից 5 տարի անց յուրաքանչյուրը գալով Խոր Վիրապ, կարող է ճաշակել այդ այգու գինին՝ իբրեւ ապագայի նկատմամբ հավատի խորհրդանիշ։

Նախաձեռնության շրջանակներում անցած երկու օրերին  Հայաստանի Ամերիկյան համալսարանում եւ  Մատենադարանում անցկացվին Ավրորայի քննարկումները, որոնց մասնակցեցին ժյուրիի հայտնի անդամներ Վարդան Գրեգորյանը, Սամատա Փաուերը, Բեռնար Կուշները, Էռնեստո Զեդիլոն, Մերի Ռոբինսոնը եւ Արա Դարսին, ինչպես նաեւ աշխարհի տարբեր կողմերից ժամանած իրավապաշտպաններ, լրագրողներ, քաղաքական ու հասարակական գործիչներ։

Երեկ Թոմո կենտրոնում տեղի ունեցավ պաշտոնական արարողության առաջին մասը, որի ընթացքում ներկայացվեցին 2016ի, 2017-ի եւ 2018-ի Ավրորայի հերոսները եւ հաղթողները, ապա Խոր Վիրապում հրապարակվեց 2018-ի հաղթողի անունը, իսկ այսօր երեկոյան օպերայում տեղի կունենա եզրափակիչ գալա համերգը։

Օրեր-ի բացառիկ զրույցները մասնակիցների հետ կհրապարակենք մոտ ապագայում։

 

Հ.Ասատրյան

Ա.Կարապետյան

ՕՐԵՐ

Երեւան

Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյո

 


Առնչվող նյութեր
1. «Մատյան Երախտագիտության» միջոցառումը Մոսկվայում
2. Ավարտվեց 2019թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը
3. «Ավրորան» նշում է Մարդասիրության համաշխարհային օրը. Լորդ Արա Դարզու հոդվածը Sunday Times պարբերականում
4. 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի անունն արձանագրվեց «Մատյան Մարդասիրաց» ձեռագրում
5. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության գլխավոր գործընկերները
6. Հարութ Շիթիլյանը կդառնա «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենը
7. Նյու Յորքում կայացան «Ավրորայի երկխոսությունները»
8. «Ավրորան»՝ ողջ աշխարհում
9. UWC քոլեջների ուսանողները կառաջարկեն մարդասիրական նոր նախագծեր
10. Լորդ Դարզին` «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: