ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավստրիա.Ռաֆֆի Պետրոսյանի «Վերածնունդ ծրագիր՝ ծպտյալ հայեր» երեկոն եւ խաչքարի բացում

26 ապրիլի, 2016 | 14:26

Austria 2016 april Ապրիլի 22-24-ին Ավստրիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:

Ապրիլի 22-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը՝ ՀԲԸՄ Ավստրիայի մասնաճյուղի հետ համատեղ կազմակերպեց անվանի կանադահայ հրապարակախոս, երաժիշտ Ռաֆֆի Պետրոսյանի հեղինակային երեկոն` «Վերածնունդ ծրագիր՝ ծպտյալ հայեր» խորագրով:

Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն իր խոսքում ընդգծեց ծրագրի նշանակությունը՝ Թուրքիայում բնակվող բազմահազար հայության ինքնությունը վերականգնելու, ազգային ու կրոնական արժեքները նրանց վերադարձնելու տեսանկյունից:

Երեկոյի ընթացքում Ռաֆֆի Պետրոսյանը ներկայացրեց 2014թ.-ից ի վեր իր կողմից իրականացված ծրագրերը` կապված ներկայումս Թուրքիայի արևելյան և կենտրոնական հատվածներում բնակվող իսլամացած, թուրքացած հայերի, Դիարբեքիրում վերջերս վերաբացված հայկական եկեղեցու, 2014-2015թթ. ընթացքում ծպտյալ հայերից կազմված խմբերի՝ դեպի Հայաստան ճամփորդություն կազմակերպման հետ:

Ապրիլի 24-ին Ավստրիայի Տիրոլ նահանգի մայրաքաղաք Իննսբրուքի կենտրոնական Մարիահիլֆ պուրակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը, որը կատարեցին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը և Իննսբրուքի փոխքաղաքապետ տիկին Սոնյա Պիտշայդերին: Հուշարձանը տեղադրվել էր քաղաքային իշխանությունների կողմից՝ իննսբրուքահայ համայնքի և Հայ առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայում և սկանդինավյան երկրներում հայրապետական պատվիրակության աջակցությամբ:

Հուշարձանի բացմանը նախորդեց քաղաքի ամենամեծ՝ Յաքոբսդոմ կաթոլիկ տաճարում Հայ առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան Վրդ. Պետրոսյանի կողմից մատուցված սուրբ պատարագը, որին երկրի տարբեր քաղաքներից ժամանած ավստրիահայ համայնքների 500-ից ավելի ներկայացուցիչների հետ մեկտեղ ներկա գտնվեցին Իննսբրուքի քաղաքապետ տիկին Քրիստինե Օփփից-Փլյորերը, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու պատվիրակ եպիսկոպոս Ֆլորիան Հուբերը, նահանգային և քաղաքային խորհրդարանների ներկայացուցիչներ:

Երախտիքի խոսքեր ուղղելով Ավստրիայի դաշնային իշխանություններին, Տիրոլի նահանգային և Իննսբրուքի քաղաքային իշխանություններին դրսևորած սկզբունքային և հետևողական քայլերի համար, Դեսպան Կիրակոսյանը նաև բարձր գնահատեց ավստրիացիների դերը ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, այդպես էլ մարդկության դեմ դեռևս կատարվող հանցագործությունները կանխարգելելու գործում: Այս կապակցությամբ, նա մասնավորապես ասաց. «Երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն ընդունեց 100 տարի առաջ իր դաշնակից Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածի առնչությամբ պատասխանատվության իր բաժինը և կոչ արեց միջազգային հանրությանը ճանաչել այն»:

Արման Կիրակոսյանը կոչ արեց հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և դադարեցնել ապագա չունեցող ժխտողականության քաղաքականությունը. «Մեր ժողովուրդը երբեք մոռացության չի մատնելու իր պատմության ամենասև էջը: Վստահ եմ, որ քաղաքակիրթ աշխարհը այսօրվա պես կանգնած է լինելու հայ ժողովրդի կողքին: 101-րդ տարելիցը ոչ թե ժողովուրդները իրար դեմ հանելու, իրար նկատմամբ ատելություն սերմանելու առիթ պետք է ծառայի, այլ հակառակը՝ խորհրդանշի միմիանց հաշտվելու և հանդուրժելու նոր հանգրվան: Այս միջոցառումը զուրկ է քաղաքական բնույթից և ուղղված չէ թուրք ժողովրդի դեմ: Մենք այսօր հարգում ենք զոհվածների հիշատակը: Քանզի միայն միմիանց նկատմամբ հարգանքն ու բարիացակամությունը կարող են պարարտ հող նախապատրաստել քաղաքակիրթ երկխոսության և հարատև խաղաղության համար», ասել է ՀՀ դեսպանը:

Ավստրիա խաչքար ապրիլ 2016 1

Austria 2016 april 3Austria 2016 april 4Ավստրիա Խաչքար Տրան վարդապետԱվստրիա խաչքար ապրիլ 2016Austria 2016 april2


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում խորագրով համաժողով Հռոմում
2. Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
3. Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
4. Ցեղասպանությունից 103 տարի անց մենք ապացուցել ենք ողջ աշխարհին, որ լույսը, բարին կհաղթեն. Արմեն Սարգսյան
5. Արմեն Պապիկյանը՝ Ավստրիայում Հայաստանի դեսպան
6. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
8. ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
9. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
10. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: