ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավարտվեց «Արի տուն 2014» ծրագիրը. ծրագրի 8-րդ փուլի փակումը

30 օգոստոսի, 2014 | 09:56

ari tun8Օգոստոսի 29-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի 2014թ. վերջին՝ 8-րդ փուլի փակման արարողությունը:

 

2014թ. «Արի տուն» ծրագիրն ընթացավ 8 փուլով՝ հունիսի 16-ից մինչև օգոստոսի 30-ը, ծրագրին մասնակցեցին 13-18 տարեկան 1071 պատանի և աղջիկ՝ աշխարհի 35 երկրից:

 

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշտապես հանդիպելով ծրագրի բոլոր փուլերի մասնակիցներին և ողջունելով նրանց այցելությունը Հայրենիք, կարևորում էր այն հանգամանքը, որ Հայրենիքում գտնվելու կարճ ժամանակահատվածում աշխարհի տարբեր երկրներում ապրող և տարբեր լեզվամշակութային արժեքներ կրող հայ պատանիներն ու աղջիկները հաղորդակցվում են հայերենով, նրանց մեջ նկատելի են դառնում ջերմ զգացումներ և ոգևորություն ազգային արժեքների՝ մեր պատմության, մշակույթի, երգուպարի հանդեպ:

 

2014թ. ծրագրի 2-րդ փուլի մասնակիցների հետ հանդիպեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ կարևորելով ծրագիրի դերը հայապահպանութեան գործում և վստահեցնելով, որ առաջիկայում ծրագիրն առավել կընդլայնվի և կկատարելագործվի: 2-րդ փուլը Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան յուրահատուկ խորհուրդ ունեցավ. այս տարի առաջին անգամ ծրագրին մասնակցեցին Արցախից 80 և երիտասարդական մայրաքաղաք հռչակված Սիսիանից 16 պատանի և աղջիկ:

 

Արիտունցիները հյուրընկալեցին նաև ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանին և պաշտոնատար այլ անձանց: Ծրագրի մասնակիցները հյուրերին ներկայացրին ճամբարային օրերի ընթացքում պատրաստած համերգային ծրագիրը. կատարեցին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ, ինչպես նաև հանդես եկան ազգային պարերով:

 

«Արի տուն» ծրագրի մասնակիցները, ինչպես նաև հյուրընկալող ընտանիքների երեխաներն առաջին 9 օրերի ընթացքում ծանոթացան Հայաստանի պատմական և արդի տեսարժան վայրերին, ունեցան բազմաբնույթ հանդիպումներ հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր ստացան Հայրենիքում, սովորեցին ազգային պարեր և երգեր: Երեւանի Ստ. Շահումյանի թիվ 1 դպրոցում արիտունցիների համար իրականացվեց Մայրենիի ուսուցման 5-օրյա դասընթաց:

 

Նախորդ տարիների նման ծրագրի վերջին 4 օրերը ճամբարային ակտիվ հանգստի օրեր էին: Այս անգամ ճամբարը գեղատեսիլ Ծաղկաձորում էր:

 

2014թ. ևս սփյուռքահայ երիտասարդների հետ շփվելու, ճանաչողական, ուսուցողական և մշակութային ծրագրերին մասնակցելու հնարավորություն ունեցան նաև հյուրընկալած ընտանիքների երեխաները՝ մասնակցելով ճամբարային օրերի ծրագրին:

 

Արիտունցիներին հյուրընկալելու գործում մեծ ակտիվություն դրսևորեցին Երևանի Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները և երևանամերձ՝ Արարատի, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի մարզերն ու գյուղական համայնքները:

 

«Արի տուն» ծրագրի բոլոր փուլերի առաջին շաբաթվա ուրբաթը հայրենասիրական դաստիարակության օր է. մասնակիցներն այցելում են Եռաբլուր պանթեոն, որտեղ նրանց ծանոթացնում են Արցախյան ազատամարտի պատմությանն ու ներկայացնում են հերոսներին: Երեխաները ծաղիկներ են դնում զոհված ազատամարտիկների շիրմներին, եկեղեցում մոմ վառում, այցելում են Ծիծեռնակաբերդ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ հնչեցնելով «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը: Այնուհետև նրանք հյուրընկալվում են Հայաստանի զորամասերից մեկում:

 

«Արի տուն» ծրագրի մասնակիցները հյուրընկալվեցին ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասում, որտեղ նրանց ողջունեց զորամասի հրամանատար, գնդապետ Գուրգեն Գրիգորյանը՝ փոխանցելով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի խոսքը: Արիտունցիները ծանոթացան զորամասի առօրյային, ականատես եղան զինավարժանքների: Սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտում զոհված հերոսների և զորամասի զոհված ծառայողների հուշապատի մոտ: Նրանք մոմ վառեցին զորամասի Սբ. Մարիամ Աստվածածին մատուռում:

 

«Արի տուն 2014»-ը նշանավորվեց նաև նրանով, որ Սփյուռքից ժամանած խմբերը ձևավորվեցին նախապես արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական ծառայությունների, Սփյուռքի համայնքների տարբեր կառույցների, կրթական հաստատությունների հետ համակարգված աշխատանքի պայմաններում: Խմբերում կային նաև պարային համույթներ, ստեղծագործող և տաղանդաշատ երեխաներ, ովքեր իրենց ելույթներով էլ ավելի գեղեցիկ դարձրին «Արի տուն 2014» ծրագիրը:

 

8-րդ փուլով Հայրենիք ժամանած աշխարհի 10 երկրից 45 մասնակիցներին և հյուրընկալող ընտանիքների երեխաներին ողջունեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը և հանդես եկավ ազգային երգերի կատարմամբ:

«Հրաժեշտ՝ վերադարձի ակնկալիքով» հրաժեշտի խարույկին արիտունցիները հանդես եկան շնորհակալական խոսքով, կատարեցին ազգային երգեր ու պարեր:

 

 

«Արի տուն» ծրագրի փակման արարողության տեսաձայնագրությունը կարող եք ներբեռնել ftp://ftp.mindiaspora.am/VIDEOS/ կայքից հետևյալ ֆայլը` Avartvec Ari Tun 2014.avi:

 


Առնչվող նյութեր
1. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
2. «ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը:
3. ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը
4. Ավանդական խարույկով ազդարարվեց «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի ավարտը-Տեսանյութ, լուսանկարներ
5. «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը Երեւանում
6. ,,Արի տուն,, ծրագիրը սկսվում է ութ փուլով ՝ հունիսի 12-ից մինչեւ օգոստոսի 27-ը
7. Հունիսի 12-ից սկսվում է սփյուռքի երիտասարդության համար նախատեսված ՙԱրի տունՙ ծրագիրը
8. «Արի տուն» 2016թ.-ին սպասվում է 13-18 տարեկան շուրջ 1100 սփյուռքահայ երիտասարդի մասնակցություն
9. Կայացավ ..Արի տուն.. ծրագրի 2015թ. վերջին՝ 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
10. Կայացավ «Արի տուն» ծրագրի 2015թ. վերջին փուլի բացումը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: