ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ավանդական Վարդատոն Թբիլիսիում

03 հունիսի, 2013 | 23:58

Հունիսի 2-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուն հարակից Գորգասալի հրապարակում տեղի ունեցավ ավանդական սայաթնովյան «Վարդատոնը»: Այն կազմակերպել էր Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնը՝ Թբիլիսիի քաղաքապետարանի, Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ և ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ:

Համաժողովրդական տոնահանդեսը շնորհավորելու էր եկել Վրաստանի վարչապետ պարոն Բիձինա Իվանիշվիլին: Տոնահանդեսին ներկա էին Վրաստանի վերինտեգրման հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին, պատժակատարողական և պրոբացիայի նախարար Սոզար Սուբարը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը,բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, հոգևոր դասը, մտավորականներ, գրականության, արվեստի ներկայացուցիչներ, Սայաթ-Նովայի երգ ու տաղի երկրպագուներ:

Ավանդական «Վարդատոն-2013-ը» բացեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող և միջոցառման վարող Լևոն Չիդիլյանը:Ողջույնի խոսքով դիմելով Վարդատոնի եկած բազմությանը, վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ Թիֆլիսի մեծ աշուղ Սայաթ-Նովային անվանեց հայ –վրացական դարավոր բարեկամության խորհրդանիշ, ում տաղերում գովերգած համամարդկային գաղափարները արդեն 300- տարի շարունակում են մնալ արդիական:

Այնուհետև ելույթ ունեցան Երևանի գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը, Վրաստանի և Հայաստանի գրողների միության նախագահներ Մաղվալա Գոնաշվիլին և Լևոն Անանյանը, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը, ովքեր մեծարեցին այն ժողովրդին, ով աշխարհին տվել է Սայաթ-Նովա հանճարին, կարևորեցին Մեծ Հովհաննես Թումանյանի, Գևորգ Բաշինջաղյանի և Իոսեբ Գրիշաշվիլու կողմից հիմնադրված սայաթնովյան Վարդատոնը, որի 100-ամյակը նշվելու է հաջորդ տարի:

Իսկ տոնահանդեսը բացեց ավանդաբար Վարդատոնին մասնակցող Հայաստանի Հանրապետության ռադիոյի Սայաթ-Նովայի անվան պետական համույթը, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ: Ու տարածվեց «Մեյդան» թաղամասում սայաթնովյան մեղեդին հայերեն և վրացերեն՝ ոչ միայն «Քսովրելեբի» համույթի, Թբիլիսիի անհատ երգիչների ու ասմունքողների, այլև Հայաստանի և Վրաստանի տարբեր վայրերից ժամանած կատարողների և համույթների կատարմամբ:

Միջոցառման ավարտին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը հղելով հոծ բազմությանը, բարձր գնահատեց Վրաստանի վարչապետի ներկայությունը Վարդատոնին և Սայաթ-Նովայի օրինակով ոգեկոչումը: Սրբազանը գնահատանքի խոսք ասաց միջոցառման բոլոր կազմակերպիչներին՝ Թբիլիսիի քաղաքապետարանին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնին սայաթնովյան Վարդատոնն այսպես փառահեղ անցկացնելու համար: Նա ներկաներին շնորհավորեց Սուրբ Էջմիածնի տոնի կապակցությամբ, Եկեղեցին անվանելով այն միակ ուժը, որը կոչված է համախմբելու իր հավատացյալներին, թե մայր հայրենիքում, թե Սփյուռքում:

Տոնական հանդիսությունից հետո Վրաստանի վարչապետը այցելեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, դիտեց տաճարում ընթացող վերանորոգման աշխատանքները: Առաջնորդարանում տեղի ունեցավ հյուրասիրություն:

Ժողովրդական ուրախ երգ ու պարով, գեղեցիկ ասմունքով Վարդատոն -2013-ը դարձավ իրավամբ ժողովրդական մեծ տոն, որի ուղենիշը ժողովուրդների բարեկամության գովերգումն էր: Վարդատոնը լայնորեն լուսաբանվեց Վրաստանի զանգվածային լրատվության տարբեր միջոցներով:

Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: