ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ապօրինաբար փակված հայկական թերթը դիմել է ՀՀ և ԼՂՀ նախագահներին

17 մարտի, 2015 | 16:28

tretyasilaՌԴ Անվտանգության Դաշնային Ծառայության (ԱԴԾФСБ) ջանքերով ապօրինաբար փակված «Երրորդ Ուժ Պլյուս» («ԵՈՒՊ») անկախ հայկական թերթը բաց նամակ է հղել ՀՀ և ԼՂՀ նախագահներին: Երևանում գրանցված պարբերականի աշխատակազմը ձեվավորված է առավելապես ՀՀ և ԼՂՀ քաղաքացիներից, ուստի «ԵՈՒՊ»-ի լրագրողներն ակնկալում են քաղաքացիների ու ԶԼՄ-ների իրավունքների սահմանադրական երաշխավորներ հանդիսացող հայկական երկու հանրապետությունների նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի աջակցությունն այս խնդրում: Դիմումի պատճեններն տրամադրվել են միջազգային ու հայկական իրավապաշտպան կազմակերպություններին, դեսպանատներին, Երևանի ու Ստեփանակերտի մամուլի ակումբներին, տարբեր երկրների ԶԼՄ-ներին: Նամակում ասված է.

 

Մեծարգո պարոն նախագահ:

«Երրորդ Ուժ Պլյուս» («ԵՈՒՊ») հայկական թերթի շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակը հարկադրում է դիմել Ձեզ այս նամակով ու ակնկալել ՀՀ իշխանությունների գործուն աջակցությունն օրինականության վերականգնման խնդրում: Ինչպես Ձեզ հայտնի է, «ԵՈՒՊ» անկախ պարբերականը, որի աշխատակազմը ձեվավորված է առավելապես ՀՀ և ԼՂՀ քաղաքացիներից, 2011 թ. սեպտեմբերին ստիպված դադարեցրել է իր գործունեությունը ՌԴ Անվտանգության Դաշնային Ծառայության (ԱԴԾ-ФСБ) փոխգնդապետ Վադիմ Պոզդիշևի կողմից թերթի ֆինանսական միջոցների ապօրինի յուրացման հետևանքով: 2010 թ. աշնանը ՌԴ ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել հանցագործություն կատարած ԱԴԾ փոխգնդապետի նկատմամբ, իսկ 2011 թ. ամռանը հեռացրել նրան ծառայությունից: Նշյալ փաստը ապացուցված է ոչ միայն Պոզդիշևի ազգականների և ԱԴԾ-ում նրա ղեկավարության ներկայացուցչի վկայություններով, այլև նույն իրավախախտի բազմաթիվ խոստովանություններով (թերթի խմբագրությունը պատրաստ է ներկայացնել նրանց գրավոր հաղորդագրությունների պատճենները): Այլ կերպ ասած, ՌԴ ԱԴԾ-ն ինքն է համոզվել Վ.Պոզդիշևի գործողությունների հանցավորության մեջ, «պատժել» է նրան լրագրողներին կողոպտելու համար և նույնիսկ արգելել իրավախախտին լքել ՌԴ տարածքը առնվազն մինչև 2015 թ., սակայն, մեղմ ասած, չի շտապում վերադարձնել թերթի բազմազգ կոլեկտիվի ազնվորեն վաստակած խնայողությունները:

Այս երեք տարիների ընթացքում «ԵՈՒՊ» խմբագրությունը բազում անգամ դիմել է Ռուսաստանի Դաշնության իրավական բոլոր ատյաններին, սակայն ոչ ՌԴ Գլխավոր դատախազությունը, ոչ Քննչական կոմիտեն, ոչ Ռազմական դատախազությունը, ոչ առավել ևս ԱԴԾ-ն, չնայած մեր բոլոր կոչերին ու ապացույցներ տրամադրելու պատրաստակամությանը, չբարեհաճեցին գոնե հարցաքննել վկաներին: Լռում է նաև Երևանում ՌԴ դեսպանատունը: Հետաքննության ինչ-որ փորձեր է կատարել միայն ՌԴ ՆԳՆ-ն, սակայն եռամսյա ծանր մտորումներից հետո որոշել է փոխանցել գործը ԱԴԾ-ին:

Վերջինս, մեղմ ասած, բավականին յուրահատուկ ձևով է արձագանքել ստեղծված իրավիճակին: ԱԴԾ հասարակության հետ կապերի կենտրոնի ղեկավար Զախարովն իր նամակում ցինիկաբար գրում է մեզ, որ ԱԴԾ-ն… դադարեցնում է այս գործով նամակագրությունը` ոչինչ չբացատրելով, ոչինչ չպատճառաբանելով, չտեղեկացնելով, թե երբ վերջապես հետ կստանանք մեզնից գողացված մեր իսկ միջոցները: Ցանկացած գերատեսչության ղեկավար պետք է առնվազն հետաքրքրվեր եւ արձագանքեր լրագրողների բազմաթիվ գրավոր բողոքներին ու գոնե ֆորմալ հետաքննություն անցկացներ, ինչպես դա պահանջում է աշխարհի նույնիսկ ամենահետամնաց երկրի օրենսդրությունը: Բայց ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը չի հետաքննում գործը, իսկ «ինչ-որ մեկը» կարգադրոմ է արգելափակել ՌԴ նախագահ Վ. Պուտինին և վարչապետ Դ.Մեդվեդեւին ուղված լրագրողների բոլոր նամակները: Կցանկանայինք իմանալ. ինչու°…

«ԵՈՒՊ» խմբագրությունը նամակ է ստացել նաև ՌԴ ԱԳՆ-ից, որը կոչ է արել մեզ դիմել այս հարցով «Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին»: Մենք, բնականաբար, չենք հետևել ՌԴ ԱԳՆ-ի խորհուրդին, քանի որ այն պարունակում է իրավաբանության տարրական նորմերի բացարձակ անիմացություն, այն պարզ պատճառով, որ ՀՀ իրավապահ մարմինները, մեծ ցանկության դեպքում անգամ, չեն կարող քննել նշյալ գործը: Քանի որ թերթի դեմ հանցագործությունը կատարվել է Ռուսաստանի Դաշնության տարածքում, իսկ հանցագործը՝ ՌԴ ԱԴԾ փոխգնդապետ Վադիմ Պոզդիշևը ՌԴ քաղաքացի է, հայկական դատարանը իրավասու չէ քննել օտար երկրներում իրականացված օտարերկրացիների իրավախախտումները: Տվյալ դեպքում դա կարող են անել միմիայն ՌԴ իրավապահ մարմինները, որոնք բացահայտորեն պաշտպանում են հանցագործին: Իսկ ՌԴ ԱԳՆ-ն, ինչպես երևում է,  ձգտում է լրագրողների ցասումն ուղղել ՀՀ իշխանությունների դեմ, քաջ գիտակցելով, որ գործի քննումը Ռուսաստանում հասարակական մեծ հնչեղություն է ստանալու այդ երկրում ու բացահայտելու է ԱԴԾ-ի հանցավոր վերաբերմունքը հայկական թերթի նկատմամբ: Գուցև ավելի լուրջ մանրամասներ…

Հարգարժան պարոն նախագահ:

Վերոշարադրյալից ելնելով ու ղեկավարվելով ՀՀ և ԼՂՀ Սահմանադրությունների պահանջներով, կոչ ենք անում Ձեզ աջակցել մեզ «ԵՈՒՊ» աշխատակազմի իրավունքների վերականգնման հարցում ու նպաստել այս խնդիրի կարգավորմանը միջպետական հարաբերությունների շրջանակներում, քանի որ ՌԴ իրավապահ մարմիններում գործի տարրական հետաքննությանը հասնելու պարբերականի բազմազգ կոլեկտիվի եռամյա բոլոր փորձերն ապարդյուն անցան: ՌԴ իրավապահ մարմինների ներկայացուցիչները վախենում են նույնիսկ հարցաքննել վկաներին, իսկ ՌԴ նախագահին ու վարչապետին ուղղված մեր բոլոր դիմումներն ու նամակները, ճշտվող տվյալներով, արգելափակվում են: ԱԴԾ սպայի կողմից կատարված հանցագործության ապացույցներն ու փաստերն այնքան շատ են, որ կբավականացնեն մի քանի քրեական գործերի, իսկ տվյալ իրավախախտումը կարող է բացահայտել անգամ գավառական ոստիկանը: Հիշեցնենք մեկ անգամ ևս. պահպանվել են նույնիսկ հանցագործի 21 էջանոց վկայությունները, որտեղ նա խոստովանում է իր մեղքը, պահպանվել են նրա ազգակիցների գրավոր հաղորդագրություններն այն մասին, թե ինչպես էր ԱԴԾ սպան, խուզարկությունից վախենալով, թաքցնում տանը լրագրողներից գողացված միջոցները: Կան նաև թերթի իրավացիությունը հաստատող նրա ղեկավարության ներկայացուցչի վկայությունները (խմբագրությանը հասցեագրված նամակներում ԱԴԾ սպաներից մեկը կոչ է արել մեզ անպայման արդարության հասնել այս գործում, քանի որ, մեջբերում ենք, «չարիքը պետք է պատժվի»): Հայ լրագրողների պահանջներն այնքան արդար են, իսկ անօրինականությունը թերթի նկատմամբ՝ այնքան աննախադեպ, որ նույնիսկ ԱԴԾ հանցագործ սպայի մոսկվաբնակ հարազատները, ՌԴ ազնիվ, պարկեշտ ռուսազգի քաղաքացիներ, իրենք էին հասցնում լրագրողների բողոքի նամակները ԱԴԾ և ՌԴ պաշտոնական այլ ատյաններ:

Պարոն նախագահ:

Վերջին շրջանում «ԵՈՒՊ» խմբագրությունը տեղեկություններ է ստանում առ այն, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի ու նրա ռուսազգի գործընկերների մասնակցությամբ 2013 թ. դեկտեմբերի 24-ին Մոսկվայում կայացած նիստից հետո Երևան է հասցվել «ԵՈՒՊ» լրագրողների բողոքը լռեցնելու քաղաքական պատվերը: Որն էլ, ըստ այդ տեղեկության, հիմա իրականացվում է թե Հայաստանում, թե Լեռնային Ղարաբաղում, ընդ որում՝ հայկական երկու նախագահների վերահսկողությամբ: Միաժամանակ ճշտում ենք այն լուրերը, համաձայն որոնց ՀՀ և ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայություններին հրահանգված է վարկաբեկիչ նյութեր գտնել «ԵՈՒՊ» գլխավոր խմբագրի ու նրա ընտանիքի դեմ, գոնե ինչ-որ նյութ: ФСБ-ում լիակատար խուճապ է տիրում այս գործի շուրջ ու պետք է գոնե ինչ-որ բան հակադրել թերթի անթերի փաստարկներին ու ապացույցներին: Այս նպատակով ФСБ-ում ուսում ստացած ԼՂՀ և ՀՀ սպաները վերջին օրերին զբաղված են «ԵՈՒՊ»-ի անգործ մնացած որոշ աշխատակիցների հավաքագրմամբ, կոլեկտիվի պառակտման փորձերով, թերթի էլեկտրոնային հասցեների արգելափակմամբ, նրանց password-ների անօրինական փոփոխությամբ և այլն: Մենք լիահույս ենք, որ այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ չենք կասկածում, որ ապրում ենք իր միջազգային պարտավորությունների մասին հիշող ժողովրդավարական երկրում: Ինչպես նաև հավատում ենք, որ Դուք մեր սահմանադրական իրավունքների, այդ թվում խոսքի ու մամուլի ազատության իրավունքի երաշխավորն եք: Հիշեցնենք, որ մեր թերթը գրանցված է ՀՀ տարածքում, ք. Երևանում, հայկական օրենսդրության բոլոր պահանջներին համապատասխան (պետռեգիստրի վկայականի համարն է 031077336, տրված է 17.09.2007 թ.).

Մեր միակ ցանկությունն այս գործում տարրական օրինականության վերականգնումն է ու մեր իսկ ֆինանսական միջոցների վերադարձը: ՌԴ ԱԴԾ-ն, ըստ էության, զրկել է մեզ ոչ միայն մասնագիտական գործունեությամբ զբաղվելու, այլ պարզապես գոյատևելու հնարավորությունից, քանի որ մոսկովյան Ալֆա բանկից հափշտակվել են տարիներով կուտակված մեր բոլոր խնայողությունները: Կարելի է միայն ենթադրել, թե որոնք են այս աննախադեպ անօրինականության պատճառները:

Դիտորդների կարծիքով, հայկական պարբերականի փակման իսկական պատճառն այն է, որ «Երրորդ Ուժ Պլյուսը» աշխարհի այն հազվագյուտ թերթերից է, որոնց կոլեկտիվները բաղկացած են առավելապես հակամարտող երկրների լրագրողներից: Թերթում հանգիստ համագործակցում էին Հայաստանի, ԼՂՀ-ի ու Ադրբեջանի, Վրաստանի, Աբխազիայի ու Օսիայի (նաև Ռուսաստանի), Իրանի ու Իսրայելի, Թուրքիայի ու Սիրիայի, այլ երկրների քաղաքացիներ: Սա աննախադեպ երևույթ է առնվազն տարածաշրջանի մասս-մեդիայի պատմության մեջ: Եվ լուրեր կան, որ հենց այս փաստն է, որ դուր չի եկել հայտնի ուժերին, որոնց ծրագրերում ժողովուրդների համագործակցությունը, հատկապես Հարավային Կովկասում, ըստ ամենայնի, նախատեսված չէ…

Ամեն դեպքում հավատում ենք, որ ՀՀ իշխանությունները շահագրգռված են այս աղաղակող հանցագործության բացահայտման մեջ ու կօգնեն «ԵՈՒՊ» աշխատակազմին վերականգնել օրինականությունը տվյալ գործում:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ նույն բովանդակությամբ նամակով մենք դիմել ենք նաև ԼՂՀ նախագահ պրն. Բակո Սահակյանին:

Մեծարգո պարոն նախագահ, խնդրում ենք Ձեզ պատասխանել մեր նամակին քաղաքացիների դիմումները քննարկելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգին համապատասխան»:

 

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ

«ԵՈՒՊ» գլխավոր խմբագիր


Առնչվող նյութեր
1. Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է հանցագործության փաստը
2. ԳՅՈՒՄՐԻԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱԶԱՆ ԱՐԴԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՎ՞
3. Ֆրանսիական թերթը բացատրություն է պահանջել ՌԴ իշխանություններից

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: