ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը

26 սեպտեմբերի, 2018 | 08:21

Սոցիալական ուղղվածության ցանկացած ծրագիր, որն իրականացվում է մարզերում, առանձնահատուկ արժեք ու կշիռ ունիԲավական կենսունակ մի ծրագիր էլ սահմանամերձ երեք գյուղերում նախաձեռնել է «Զինվորի մայր» հկ –ն՝ երկու այլ կազմակերպությունների հետ: Ծրագիրը կոչվում է «Ապիլայֆ» և նպատակ ունի այդ երեք գյուղերում զարգացնել մեղվաբուծությունը:

Ծրագրի մեկնարկը

«Երբ այս ծրագիրը սկսում էինք, չէինք էլ պատկերացնում, որ այն այդքան կսիրվի թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների՝ հենց մեր կողմից: Այն իր հետ բերեց բազմաթիվ հետաքրքիր բացահայտումներ ու նոր գիտելիքներ, որոնք նոր ու բարեկեցիկ կյանքի, հերթական նոր ծրագրերի ու մտահղացումների հիմք կարող են դառնալ», – պատմում է «Զինվորի մայր» հկ տնօրեն Անահիտ Հովնանյանը: «Ապիլայֆ» ծրագրի հիմնական նպատակն է բարելավել Լոռու մարզի Լոռի բերդ, Տավուշի մարզի Այգեհովիտ և Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքների սոցիալ-տնտեսական միջավայրը՝ այդ համայնքներում մեղվաբուծական տնտեսություններ հիմնելով: Ծրագիրը իրականացվում է Հայաստանի «Զինվորի մայր» հկ, «Աջակցություն կանանց և երեխաներին» հկ և «Արեգունի» սոցիալական զարգացման հկ կոնսորցիումի կողմից: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Անցյալ տարվա նոյեմբերին յուրաքանչյուր գյուղում բացվեց մեկ ուսումնամեթոդական մեղվաբուծական կենտրոն: Գյուղերում վարձակալվել են տարածքներ, որոնք վերանորոգվել են, կահավորվել, ձեռք են բերել անհրաժեշտ տեխնիկա, գրականություն: Յուրաքանչյուր գյուղում ծրագրում ներգրավված երեսուն մասնակիցների հետ աշխատում է մեկ փորձառու մեղվաբույծ, ով մեղվապահության մասին նոր գիտելիքներ ու հմտություններ է տալիս մասնակիցներին: Այդ երեք գյուղերն էլ ունեն հնուց եկած մեղվաբուծական ավանդույթներ: «Բայց մինչև ծրագիրը հունի մեջ դրեցինք մի տարի տևեց,-հիշում է Ա. Հովնանյանը:- Երբ խոսում էինք գյուղացիների հետ, նրանք անմիջապես փեթակն էին պահանջում: Դժվար էր համոզել նրանց, որ դեռ պետք է ուսուցման պրոցես անցնել: Նրանք արագ արդյունք էին ուզում, բայց մեզ պետք էր կայուն արդյունք, որն առանց ուսուցման, առանց մեղվաբուծական անհրաժեշտ գիտելիքների ամրապնդման անհնար էր»: Ուսումնական կենտրոններում ամեն ամիս անց են կացվում մեղվաբուծության վերաբերյալ երկօրյա դասընթացներ, խորհրդատվություններ, լինում են նաև դասաժամեր շուկայագիտության մասին: «Ծրագրի հիմքն ու հաջողության գրավականը հենց ուսուցումն է: Ի դեպ մենք նամակ ենք ստացել մեր ունկնդիրներից, որտեղ խնդրում են ավելացնել ժամերը: Դա նշանակում է, որ նրանք ընդունել են այդ դասընթացների կարևորությունը: Զգացել են , թե ինչ նոր գիտելիքներով հարուստ աշխարհ են մտնում: Եթե սկզբում կարծում էին, թե ամեն ինչ գիտեն, հիմա արդեն գիտեն, թե ինչ չգիտեն»:

Ծրագրի ընթացքը

Տեսական գիտելիքներին զուգահեռ ապագա մեղվաբույծները սովորում են շրջանակներ պատրաստել, պատվաստել մեղուներին, պատրաստ լինել օտար պարսերի հարձակմանը, որոնք շատացել են կամ կորցրել իրենց փեթակները: «Մենք առայժմ փեթակները մասնակիցներին չենք հանձնել, իրենք էլ են զգում, որ դեռ պատրաստ չեն դրան: Այդ երեք համայնքներում էլ ընտրել ենք խորհուրդներ, որոնց միջոցով կկազմակերպենք մեղվաբուծական տնտեսություններ, և փեթակները կգտնվեն ոչ թե մենատնտեսների, այլ այդ խորհուրդների իրավասության տակ, մինչև ուսումնական գործընթացի ավարտը, երբ մեր նորաթուխ մեղվաբույծները լիարժեք կտիրապետեն ոչ միայն մեղրի արտադրության, այլև ուրիշ մեղրամթերքների մշակման գործին: Մեկ հոգու համար դա դժվար է, եթե խորհրդով աշխատեն, ավելի հեշտ կկազմակերպեն թե՛ մշակման, թե՛ իրացման աշխատանքները»,- ծրագրի ընթացքն է ներկայացնում Ա. Հովնանմյանը: Ընդհանրապես հայկական մեղվաբուծությունում «Ապիլայֆ» ծրագրի բերած նորույթը հենց տարբեր մեղրապրանքների մշակման գործը ընդլայնելն և նոր հունի մեջ դնելն է: Չնայած, որ Հայաստանում մեղվաբուծությունը զարգացել է անհիշելի ժամանակներից (դեռ Քսենոփոնը (Ք.ա. 431-354 թթ) իր «Անաբասիսում» հույների նահանջը հայկական լեռներով նկարագրելիս պատմում է, թե ինչպես են նրանք այստեղ առաջին անգամ մեղր ճաշակել): Տարբեր մեղրապրանքների  մշակման գործում մեր երկիրը շատ է զիջում մյուսներին: «Այնինչ մենք կարող ենք ստանալ բարձրակարգ մեղրամոմ, ակնամոմ, մեղվի թույն,  սատկած մեղուներից՝ դեղանյութ, որը կարող է օգտագործվել կոսմետոլոգիայում և դեղագործությունում, իսկ միայն մեղրամոմը գործածվում է արտադրության քառասուն ոլորտներում: Հենց սա է մեր ծրագրի նորարարական հիմքը՝ սովորեցնել մեր մեղվաբույծներին նոր մեղրամթերքների մշակման ու սպառման մեթոդոլոգիա»: Որպես հավելյալ տեղեկատվություն ունկնդիրների համար գործում է նաև «Ապիլայֆ» ծրագրի ֆեյսբուքյան էջը:  Այնտեղ տեղադրվում են ոչ միայն ծրագրի ընթացքի մասին նյութեր, այլև մեղվի, մեղրապարանքների և մեղվաբուծության մասին բազմաթիվ նյութեր, հոլովակներ, նկարներ, խորհուրդներ, բաղադրատոմսեր:

Հայաստանը մեղվաբուծության զարգացման մեծ պոտենցիալ ունի

Թե ինչու հենց մեղվաբուծությունը ընտրվեց որպես ծրագրի հիմք հարցին պատասխանելիս Անահիտ Հովնանմյանը դառը կատակում է. «Մեղուն փոքր է, թշնամին նրան չի կարող կրակել: Բոլորս էլ գիտենք մեր սահմանամերձ գյուղերում ինչ վիճակ է, գյուղացին չի կարողանում վարելահող մշակել կամ անասուն պահել, որովհետև թշնամին  պարբերաբար կրակում է»: Բացի այդ մեղվաբուծական հաջող ծրագրի նախադեպ արդեն հկ-ն ունեցել էր: Անահիտ Հովնանյանը հիշում է, որ Ճամբարակի տարածաշրջանում՝ Դպրաբանկ և Շորժա  գյուղերում ժամանակին մի մեղվաբուծական փոքր ծրագիր իրականացրին Ամերիկայի հայկական ասոցիացիայի օգնությամբ: Այն երկու փեթակները, որոնք հատկացրել էին, հիմա արդեն մեղվաբուծական լուրջ տնտեսություններ են դարձել: Ընդհանրապես վերջին շրջանում մեծացել է հետաքրքրությունը այս ոլորտի հանդեպ: Եվ դա պատահական չէ: Հայաստանում մեղվաբուծության զարգացման համար կան բավական նպաստավոր բնակլիմայական պայմաններ: Արևային օրերի քանակը, չորային կլիման և ծաղկատեսակների բազմազանությունը հնարավորություն են տալիս մեր երկրում ստանալ բարձրորակ պոլիֆլորային մեղր: Մնում է արդյունավետ օգտագործել բնության տված հնարավորությունը:

 

 

 


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
2.Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
3.ԱՐԱ ԿԻՒԼԷՐ ՅԱՒԵՐԺՈՒԹԵԱՆ Կ՚ՈՒՂԵՒՈՐՈՒԻ ԲԻՒՐ ՅԱՐԳԱՆՔՈՎ
4.Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
5.Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
6.,,Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան
7.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
8.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
9.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
10.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: