ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ապագա» խորագրով երիտասարդների համահայկական երկրորդ համաժողովը Երեւանում

28 նոյեմբերի, 2015 | 08:44

zoghov eritasardakanՆոյեմբերի 27-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության, Ռուսաստանի հայերի միության, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության  և Նիժնի Նովգորոդի «Իմաստ»  երիտասարդական ընկերակցության կողմից կազմակերպված  երիտասարդական  համահայկական երկրորդ  համաժողովը՝ «Ապագա» խորագրով:

Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական երիտասարդական կազմակերպությունների շուրջ 70  ղեկավարներ և ներկայացուցիչներ՝ աշխարհի 10 երկրից:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաժողովի մասնակիցներին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որում մասնավորապես ասված էր. «Վստահ եմ, որ համաժողովի ըն­թաց­քում քննարկվելիք հարցերի շարքում են լինելու հայ երիտասարդության մաս­նագի­տա­կան ներուժի համախմբումը, հայոց լեզվի և ազգային ինքնության պահ­պա­նումը, ուծաց­ման մարտահրավերներին դիմակայելու տարբերակների առաջադրումը, ինչ­պես նաև միջհամայնքային կապերի զարգացումը՝ ի նպաստ Հայաստան-սփյուռք գործակցության ամրապնդման»:

Այնուհետև, ՀՀ սփյուռքի նախարարը հանդես եկավ ապագային միտված երիտասարդների հիմնախնդիրների մասին ընդարձակ զեկուցումով: Նա դիմեց աշխարհի 10 երկրներից ժամանած հայ երիտասարդներին. «Գիտեմ, որ անհատականության ձևավորման փուլում Սփյուռքում հայ երիտասարդի համար առավել դժվար է ազգային ինքնագիտակցության գործընթացը, դժվար է ինքնահաստատվել` մնալով հայ և դառնալով իր բնակության երկրի օրինավոր քաղաքացի: Հայ երիտասարդությունը պետք է միավորվի և իր ապագայի տեսլականը, իր ռազմավարությունը կերտի՝ հաշվի առնելով և վերլուծելով աշխարհաքաղաքական գլոբալ մարտահրավերները, տարածաշրջանային մարտահրավերները, հայ ժողովրդի և հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերները, Հայրենիքի և Սփյուռքի հայ երիտասարդության առջև ծառացած մարտահարավերները»:

ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց, որ Հայկական Սփյուռքը բազմաբնույթ է, բազմատարր, բազմակարիք ու բազմակարծիք, սակայն ձևավորվել են համազգային առաջնահերթություններ, որոնք ընդունելի են բոլորի կողմից և որոնց լուծման ուղղությամբ յուրաքանչյուր հայ ջանքեր չպիտի խնայի: «Մասնավորապես երիտասարդներն իրենց ներդրումը պետք է ունենան Հայաստանի առավել զորացման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և միջազգային իրավունքի հիման վրա  լուծման, Սփյուռքի ինքնակազմակերպման, ազգային ինքնության պահպանման և աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման, հայ  եկեղեցու  շուրջ հայության համախմբման, արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի օգնության ու աջակցության գործում», – նշեց նա:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին հայ երիտասարդության մասնակցության հարցին՝ նախարարն ընդգծեց, որ միջոցառումների բարձր կազմակերպվածությունը վկայեց հայ ժողովրդի բացառիկ միասնականության մասին, համախմբվելու, մեկ ամբողջություն դառնալու մասին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը, նշեց, որ Հայաստանի երիտասարդական պետական ռազմավարության մեջ մեծ տեղ է հատկացվում Սփյուռքում հայ երիտասարդության հայրենաճանաչության, հայապահպանության, համահայկական սպորտային, մշակութային կրթական և այլ ծրագրերի իրականացմանը, հայրենիքի հետ կապերի ամրապնդմանը:

«Հայեցի կրթության և դաստիարակության խնդիրը հրատապ է հատկապես Սփյուռքում, որտեղ զանազան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով նոր սերունդները դադարում են խոսել մայրենի լեզվով, ավելանում են խառնամուսնությունները, նվազում են հայկական դպրոցներ հաճախող աշակերտների թիվը, փակվում են կրթօջախներ: Հայապահպանությունը Սփյուռքում Հայաստան-Սփյուռք գործակցության ռազմավարական ուղղություն է, համազգային առաջնահերթություն, այն դարձել է առանցքային խնդիր», – նշեց նախարարը՝ կոչ անելով սովորել և պահպանել մայրենին և հայկական ազգանվան «յան» մասնիկը :

Անդրադառնալով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների լայն հնարավորությունների կիրառմանը՝ գերատեսչության ղեկավարը նկատեց, որ դրանց արդյունավետ օգտագործումը մեծապես նպաստում է Հայաստանի և Սփյուռքի փոխճանաչողությանը, համայնքների հետ ավելի սերտորեն գործակցելուն, համայնքներում տեղի ունեցող անցուդարձին և կարևոր  իրադարձություններին տեղեկանալուն, Հայաստան-Սփյուռք կապերը ամրապնդելուն:

ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ Հայկական բանակն անկախության ամենամեծ նվաճումն է, հայ ժողովրդի անվտանգության միակ ու հաստատուն երաշխավորը:

Նախարարն ասաց, որ ազգային միասնականության խնդիրների շարքում կարևոր է Հայ առաքելական եկեղեցու դերի ամրապնդումը: «Հայ ազգը պետք է շատանա, բազմանա և յուրաքանչյուր երիտասարդի պարտքը պետք է լինի, որ իր ընտանիքում ունենա առնվազն 3 երեխա: Մեր ռազմավարական խնդիրներից պետք է լինի հայ ազգի բազմացումը` աշխարհի որ ծեգում էլ լինի: Կարելի է երեք տարին մեկ անգամ հնարավորություն գտնել և միայնակ կամ ընտանիքով, ընկերներով հանգստանալ հայրենի հողի վրա», – նշեց նա:

Եզրափակելով խոսքը՝ ՀՀ սփյուռքի նախարարը համաժողովականներին կոչ արեց նախանշել հայ երիտասարդության առջև ծառացած հիմնախնդիրների լուծման իրատեսական ուղիներ՝ ի մի բերելով անհրաժեշտ միջոցներն ու գործիքները:

Ելույթ ունեցավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ նշելով, որ նախարարության կողմից երիտասարդության շրջանում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում՝ միտված նրանց ընդհանուր զարգացածության մակարդակի բարձրացմանը, պետական և հայանպաստ բազմաթիվ այլ գործընթացների մեջ երիտասարդների ընդգրկմանը: «Ես՝ որպես սպորտի ոլորտի պատասխանատու, հորդորում եմ բոլորիդ լինել ակտիվ նաև մարզական բնագավառում, զբաղվել ֆիզկուլտուրայով, վարել առողջ ապրելակերպ»:

 

Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նշեց, որ միության և ՀՀ սփյուռքի նախարարության գործակցությունն ամուր է  և այս համաժողովով սկսվում է նոր փուլ, որը պիտի ապահովի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համաչափ զարգացումը:

Շնորհակալական և ողջույնի խոսքով հանդես եկավ Նիժնի Նովգորոդի «Իմաստ» երիտասարդական ընկերակցության նախագահ  Անի Մխիթարյանը: «Մենք մեկ տարի շարունակ պատրաստվել ենք այս համաժողովին և հասկանում ենք, որ մեր օգնությունը մեր Հայրենիքին անհրաժեշտություն է: Մենք պետք է լինենք լավատես: Մեր ուժերի համախմբման դեպքում մենք կարող ենք ստեղծել հզոր Հայաստան, քանի որ գիտակցում ենք, որ դա կախված է նաև մեզանից՝ երիտասարդներից»:

Թեմատիկ քննարկումների շրջանակներում հանդես եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը: Նա ներկայացրեց երիտասարդական հիմնախնդիրները և Հայաստանում երիտասարդական քաղաքականությունը:

Հայկական ինքնության հիմնախնդիրների մասին  զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի  ավագ գիտաշխատող Հարություն Մարությանը:

«Ճանաչել Հայաստանը» (զբոսաշրջություն, կինոարտադրություն, սոցիալական գովազդ, նորաձևություն և արվեստ) թեմատիկ քննարկման ընթացքում զեկուցումով հանդես եկավ «Հայկական PR ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը :

«Բիզնեսի զարգացումը և բարեգործական ծրագրերը» (օգնություն հայրենադարձներին, սիրիահայ երիտասարդների հիմ­նախնդիրները, աջակցություն տաղան­դ­ավոր երիտասարդներին, մասնակցություն start-up-երի ստեղծմանը, ներդրումներ կրթական ոլոր­տում) թեմատիկ քննարկման ընթացքում ելույթ ունեցան Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը:

«Աջակցություն ազգային նախաձեռնություն­ներին, ներդրումներ կրթական ոլորտում» թեմատիկ քննարկման ընթացքում հանդես եկան Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի ուսանողության հարցերով խորհրդական, ՀՀ Նախագահին կից Հանրային խորհրդի երիտասարդության ենթահանձնաժողովի նախա­գահ Հռիփսիմե Մարգարյանը, ՌԲԳԱ ակադեմիկոս, փիլիսոփայական գիտությունների դոկ­տոր Էռնեստ Գրիգորյանը, Հայաստանի ուսանողական ջոկատների շտաբ-կամավորական աշխատանքների ծառայության վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանը:

Համաժողովի առաջին օրվա ավարտին մասնակիցների միջև ծավալվեց շահագրգիռ մտքերի փոխանակություն:

Նոյեմբերի 28-ին աշխատանքները շարունակեց ՀՀ սփյուռքի նախարարության, Ռուսաստանի հայերի միության, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության  և Նիժնի Նովգորոդի «Իմաստ» երիտասարդական ընկերակցության հետ համատեղ անցկացվող Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական  երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների երկրորդ համաժողովը:

Համաժողովի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ:

Այնուհետև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում շարունակվեցին համաժողովի աշխատանքները:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց համաժողովի մասնակիցներին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար, կարևորեց երիտասարդների մասնակցությունը Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Նա մասնավորապես նշեց. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում իրականացվող աշխատանքները տարվում են 7 ուղղությամբ.

Առաջինը՝ քաղաքական պայքարն է, որը հաջողությամբ իրականացվում է տարբեր ատյաններում:

Երկրորդ կարևոր ուղղությունը քարոզչական գործունեությունն է, որը նույնպես աննախադեպ ակտիվացավ հատկապես վերջին տարիներին:

Երրորդը՝  գիտական, գիտա-հետազոտական աշխատանքն է, և  չմնաց  որևէ հեղինակավոր գիտական հաստատություն ամբողջ աշխարհում, որ չանդրադարձավ այդ թեմաների ուսումնասիրությանը:

Չորրորդ կարևոր ուղղությունը տպագրությունները, հրատարակությունները, գրքերն են, այդ թվում նաև օտար գրողների գործերը, որոնց միջոցով աշխարհին ճանաչելի ենք դարձնում մեր պատմությանը:

Հինգերորդ ուղղությունը կրթա-մշակութային միջոցառումներն են՝ ցուցահանդեսները, համերգները, հանդիպումները:

Կարևոր է համայնքային ակտիվ գործունեությունը, որի շնորհիվ այսօր աշխարհում Ցեղասպանության հիշատակը հավերժացնող 400-ից ավելի հուշարձան է կառուցվել:

Յոթերորդը՝ բոլոր երկրներում, համայնքներում եկեղեցական ձեռնարկների, պատարագների կազմակերպումն է: Ահա այս յոթ հարցերի շուրջ համախմբվեց մեր ազգը:

Այս տարի պետք է շարունակենք 100+1, ապա 100+2 նշանաբանով և նաև ձեր մասնակցությամբ  Հայ Դատը պետք է հասցենք հաղթական հանգրվանի»:

Համաժողովի մասնակիցներին ներկայացվեց բանաստեղծուհի Սոնա Վանի պոեզիան ներկայացնող Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված՝ «Լիբրետո անապատի համար» ֆիլմը:

«Հայաստանի շահերի լոբբինգի իրականացում» թեմատիկ քննարկման շրջանակում զեկույցով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը: Ողջունելով աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին Հայրենիքում մեկտեղելու նախաձեռնությունը՝ նա կարևորեց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին երիտասարդների մասնակցությունը: Նա մասնավորապես նշեց. «Հատկապես կարևոր է ձեր համակարգված, հետևողական աշխատանքը՝ Հայաստանի և հայ ժողովրդի մասին ճշմարտությունը աշխարհին ներկայացնելու գործում: Հակառակորդի դավերն ամենուր են: Թուրքիայի հսկայական ֆինանսական հոսքերն ուղղված են մեր պատմության նենգափոխմանը: Սակայն տարեցտարի ավելանում է Ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կատարված նպատակասլաց աշխատանքի արդյունքը ցույց է տալիս, որ հայությունը կարող է հասնել լուրջ արդյունքների:

Մեր հայրենիքի և հայ ժողովրդի իղձերի իրականացման համար հետևողական, լուրջ աշխատանքը միջազգային ասպարեզում մեծապես կախված է հայ երիտասարդներից, առանց որոնց ոչ մի աշխատանք լիարժեք չի լինի»:

«Բարեգործություն. սոցիա­­լական ուղղվածու­թյան բիզնեսը՝ որպես բա­րեգործական գործունեության ձև, աջակցություն Հայրենիքին, բիզնեսի տեղափոխություն Հայրենիք» թեմայով զեկուցումով հանդես եկավ Համաշխարհային հայկական Ոստայնի վարչության ան­դամ Իոնա Հոբոսյանը:

Ծավալվեց աշխույժ քննարկում: Ժամանակակից աշխարհում մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ հարցերին պատասխանեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը:

 


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
3. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ՆԱԽԱԳԻԾ
4. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
5. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու
6. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
7. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
8. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
9. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
10. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: