ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված քայլարշավ

02 ապրիլի, 2014 | 19:30

autizm202.03.2014թ. – Ս.թ. ապրիլի 2-ին Երևանում տեղի ունեցավ Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված քայլարշավ, որը կազմակերպել էր «Աուտիզմ ազգային հիմնադրամը» ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախագահությամբ, Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ: Քայլարշավին մասնակցեցին ավելի քան հարյուր աուտիզմ ունեցող երեխաներ և ծնողներ, ներառական և հանրակրթական դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ, ինչպես նաև հատուկ մասնագիտացված կրթօջախների աշխատակիցներ և արտերկրից ժամանած հյուրեր:

 

«Աուտիզմ ազգային հիմնադրամի ծրագրի շրջանակներում Հայաստանում շուտով կգործի վերանորոգված, կահավորված և միջազգային չափանիշներին համապատասխան նոր դպրոց, որն իր հյուրընկալ դռները կբացի աուտիզմով երեխաների առջև: Հիմնադրամի ծրագրի հիմնական նպատակն է աջակցել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ կրթության և զբաղվածության համար, իրագործել աուտիզմով անձանց մասնագիտական կրթության զարգացումը և նրանց սոցիալական ադապտացիան»,- հաղորդեց «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ի տնօրեն Լիլիթ Աթաջանյանը:

 

Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից մինչև Ազատության հրապարակ, երթն ուղեկցվեց աուտիզմի մասին բազմաթիվ իրազեկման սիմվոլներով և լոզունգներով, բաժանվեցին իրազեկման թռուցիկներ: Երթի ավարտին Ազատության հրապարակում տեղի ունեցավ աուտիզմով երեխաներին նվիրված երգի շնորհանդես և «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն»-ի (ԵԶՄԿ) սաների նկարների բացօթյա ցուցահանդես:

 

«Աուտիզմը նյարդաբանական խանգարում է, որը հիմնականում ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Մինչ այսօր աուտիզմի առաջացման հնարավոր պատճառները դեռ հստակ հայտնի չեն: Դիտարկվում են, սակայն չեն ապացուցվում հետևյալ վարկածները՝ խնդիրներ հղիության, ծննդաբերության ժամանակ, գենետիկական մուտացիաներ, արտաքին միջավայրի գործոններ, ժամանակակից կյանքի տեմպ և տեղեկատվական գերհագեցվածության յուրացման դժվարություն»,- հաղորդեց ԵԶՄԿ տնօրեն Նարինե Վարդանյանը:

 

Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա կապակցությամբ այս տարի առաջին անգամ Հայաստանը նաև միացավ «Կապույտ լույս վառենք» (“Light It Up Blue”) միջազգային նախաձեռնությանը, որի շրջանակում ապրիլի 2-ի երեկոյան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի կապույտ լույսով: Աշխարհի տարբեր երկրներում ապրիլի 2-ի գիշերը տարբեր շենքեր ու կառույցներ լուսավորվում են կապույտ լույսով, որի նպատակն է հասարակության ուշադրությունը գրավել աուտիզմի խնդիրներին և խթանել ներառական միջավայր: Տարիների ընթացքում լուսավորվել են նյույորքյան Empire State Building-ը, Սիդնեի օպերային թատրոնը, Պիզայի աշտարակը, Նիագարայի ջրվեժը և այլն:

 

«Օրվա խորհուրդը աուտիզմ ունեցող երեխաների՝ հասարակությունում լիիրավ անդամ հանդիսանալու և նրանց սոցիալական ներգրավվածությունը խթանելու մեջ է, ինչպես նաև այդ ճանապարհին խոչընդոտների աստիճանական վերացման մեջ»,- հաղորդեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը Հայաստանում Հենրիետ Արենսը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր հինգ երեխայից մեկը չի հաճախում դպրոց և յուրաքանչյուր երեք երեխայից մեկը չի մասնակցում համայնքի միջոցառումներին: Այս ոլորտում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության նպատակներն են ստեղծել ծառայությունների շարունակական շղթա երեխայի կյանքի ողջ ընթացքի համար, ապահովել բոլոր նախակրթարանների և ընդհանուր հանրակրթական դպրոցների հասանելիությունն ու ներառական կրթության տրամադրումը, ինչպես նաև կանխել հաշմանդամություն ունեցող երեխաների ինստիտուցիոնալացումը»:

 

###

 

Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա մասին՝

2008թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ապրիլի 2-ը միաձայն հռչակել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Առաջնորդվելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հռչակագրով՝ այս օրվա առաքելությունն է շեշտադրել աուտիզմով մեծահասակների և երեխաների կյանքի բարելավման անհրաժեշտությունը՝ դրանով իսկ աջակցելով նրանց լիարժեք և բովանդակալից կյանք վարելուն:

 

«Աուտիզմ Ազգային Հիմնադրամ»-ի մասին`

2012 թվականին կառավարության որոշմամբ ստեղծվեց «Աուտիզմ Ազգային Հիմնադրամ» որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Հիմնադրամի ծրագրի հիմնական նպատակն է աջակցություն ցուցաբերել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ կրթության և զբաղվածության համար, կազմակերպել սեմինարներ և վերապատրաստման դասընթացներ խնամատարների և մասնագետների համար, իրագործել աուտիզմով ախտորոշված անձանց մասնագիտական կրթության զարգացումը և նրանց սոցիալական ադապտացիան:

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մասին՝

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը խթանում է յուրաքանչյուր երեխայի իրավունքներն ու բարեկեցությունը: Մեր գործընկերների հետ միասին մենք աշխատում ենք 190 երկրներում և տարածքներում՝ ստանձնած պարտավորությունները գործնական քայլերի վերածելու համար և առավել խոցելի և մեկուսացված երեխաներին աջակցելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով նպաստել բոլոր երեխաների բարեկեցությանը:


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: