ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Աշխարհի քարե ծնկանը նստած սովորական քաղաք չէ Շուշին»

Շուշիի 48 ժամը լուսանկարներում պատկերագիրքն արդեն սեղանին է
14 սեպտեմբերի, 2017 | 08:41

Լուսանկարը` Տաթևիկ Աղաջանյանի

 

 

 

 

 

 

ՇՈՒՇԻ. – Հայաստանի ու Վրաստանի 11 լուսանկարիչների Շուշիում կատարած լուսանկարներով պատկերագիրքը ներկայացվեց քաղաքի բնակիչներին։ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում հավաքվել էին նաև մարդիկ, ովքեր հունիսի 30ին և հուլիսի 1ին հայտնվել էին հետաքրքիր պահեր որսացող լուսանկարիչների ճանապարհին…  Նրանք հնամյա Շուշիի այսօրվա բնակիչներն են` առօրյա ուրախություններով ու հոգսերով, մտահոգություններով ու խնդիրներով,  իրենց կենսագրությամբ ու պատմություններով, որ նաև քաղաքի այս տարիների պատմությունն ու կենսագրությունն են։

Լուսանկարը` Գերման Ավագյանի

 

 

Զինվորական հագուստով փողոցը մաքրողը, խնամքով ժինգյալով հաց թխողը, գերանդիով աշխատելու շտապողը, արևի տակ չորացող երփներանգ ու բոլոր կանոններով փռված լվացքը,  միայն իրեն հայտնի, բայց անչափ ենթադրելի մրմունջով մոմ վառող նորահարսը, Շուշիի  ամենատարեց բնակչուհին` սիրիահայ, չորս պատերազմ տեսած, բայց հպարտորեն Անդրանիկի լուսանկարի տակ բազմած 107-ամյա Արուշ խանումը, կավագործն ու գորգագործը,  տոնական փուչիկների հետ խաղացող մանչուկն ու ամբիոնի մոտ քննություն հանձնող ուսանողը, խրոխտ Յարխուշտա պարողներն ու փողոցով վազող զինվորները, թռչունների խոյանքը, մանուկների ինքնամոռաց խաղն ու  նարդի խաղացողների նյարդերը, ու… մզկիթը, ու եկեղեցին, ու նոր շուշեցու ծնունդը… Նայում ես լուսանկարներն ու ընկալում` սա Շուշիի ԱՅՍ օրն է… բարենորոգումների ու բարեփոխումների սպասումով լի…

«Շուշի 48» ծրագիրն իրականություն է դարձել Համազգային հայ կրթական ու մշակութային միության աջակցությամբ. մի կառույցի, որի հայտարարված նպատակներից մեկն էլ «ազգային դիմագիծ ու նկարագիր ունեցող հայի կերտումն է` կրթության և մշակութային ավանդույթների պաշտպանման ու զարգացման ճանապարհով»։ Դեռևս 1928 թվականին Կահիրեում հիմնադրված միությունը «Շուշի 48» պատկերագրքով նաև իր ներկայությունը հայտարարեց Շուշիում։ Ինչպես միության կենտրոնական վարչության անդամ Կարո Պայթարյանը նշեց ՕՐԵՐի հետ զրույցում, կարելի էր ավելի շուտ հաստատվել Շուշիում, «չէ որ արմատները ջրելով միայն կարող ես սաղարթը կանաչ պահել»։  Իսկ Արցախի հանրապետության մշակույթի ու երիտասարդության հարցերով նախարար Նարինե Աղբալյանը գրքի շնորհանդեսի ժամանակ ասված իր խոսքում նկատեց, որ «տրամաբանական է ու ճիշտ Համազգայինի բացումը Շուշիում»։

«Շուշի 48» պատկերագրքի լուսանկարիչներից մեկը` Գերման Ավագյանը, որ ծրագրի հեղինակն է, լուսանկարել է Ղարաբաղյան պատերազմի և´90ականների փուլը, և´ ապրիլյան, Սարո Բաղդասարյանն ապրիլյան պատերազմի մասնակից է, Արմեն Ճենտերեջանը, Սոնա Ադամյանը, Նարեկ Ալեքսանյանը, Անի Գևորգյանը, Արթուր Մելիքյանը Հայաստանի բնակիչներ են, Արևիկ Ծատրյանն ու Նոնա Մինասյանը` Արցախի, իսկ Մայիկո Դեյսաձեն ու Յուրի Մեչիտովը Թբիլիսիից են։ Գրքում միախառնված են ավագ ու երիտասարդ լուսանկարիչների դիտանկյունների տարբերություններն ու ընդհանրությունները։

Մեզ հետ զրույցում Մայիկո Դեյսաձեն անկեղծացավ. «Երբեմն ինձ թվում էր, որ Վրաստանի արևմտյան հատվածում, Իմերեթիում եմ, այնտեղ էլ  մարդիկ թուխ չեն և մաշկի ու աչքերի ավելի բաց գույներ ունեն։  Եթե հիմա նկարելու լինեի, բոլորովին այլ կադրեր կստացվեին։ Ախր, առաջին անգամ էի լինում,  ափսոսում եմ, որ շփումներս մարդկանց հետ կարճ տևեցին, մի տեսակ արագ էր շատ։ Հուսամ, որ սա վերջին նման ծրագիրը չի լինի»։

Ի տարբերություն Մայիկոյի, Յուրի Մեչիտովն 1995 թվականին տեսել էր ավերված Շուշին, ուստի պատահական չէր, որ գրքի շնորհանդեսի ժամանակ նա ոչ միայն շնորհակալություն հայտնեց  Համազգայինի պարգևը ստանալու համար, այլ որ կան Շուշին պահող շուշեցիները։ Համազգայինի մրցանակին արժանացավ նաև Գերման Ավագյանը, ով գիրքը համարում է լուսանկարիչների փոքրիկ նվերը վերընձյուղվող Շուշիին։ ՕՐԵՐի հետ զրույցում վերջինս նշեց, որ ոչ մեկը չէր հավատում, որ կարելի է երկու ամսում նման ծրագիր իրականացնել ու ներկայացնել այսօրվա շուշեցուն, մարդուն, ոչ թե զուտ պատմական վայրերն ու հուշարձանները։

Իրականում այդպես է։ Պատկերագիրքը հարուստ նյութ է մարդկային պարզ պարտմություններ փնտրող լրագրողների համար։ Յուրաքանչյուր լուսանկար փոքրիկ պատմություն է, փոքրիկ նովել։ Ինչեր կարող է պատմել Շուշիի ջրամատակարարման նախկին պետը, որ այժմ թոշակառու է ու ամեն առավոտյան մարզվում է. կամ` 1993ին

դիրքերից տուն դարձած ու Ստեփանակերտում իր տունը ավերակ տեսած հյուսնը, Բաքվից Հայաստան փախած ու Շուշիում վերահաստատվածը, Շուշիի փողոցների մաքրությունն ապահովողը, որ Պենզայից է եկել, տասնմեկ երեխա ունեցող ընտանիքի մայրը, վիրահատության համար փող հայթհայթելու համար ճանապարհ ընկած կինը, նորահարսներն  ու արդեն ամուսնության 15ամյակը հարսնաքողով Շուշիում նշողը, իսկ Յարխուշտա պարող երիտասարդ տղաները, իսկ կոշկակար Արմենը… իսկ չորս  պատերազմ տեսած Արուշ խանումը, իսկ երեխաների համար վրանային ճամբար «խփող» զինվորները, իսկ տասը երեխաների ու կանաչ Վոլգայի տեր Արմենը, իսկ ֆուտբոլ խաղացող մանչուկները…  Հատկանշական է, որ լուսանկարչների էլ, նրանց հերոսների մի մասն էլ ավելի երիտասարդ են, քան ազատագրված Շուշին։

Երիցս ճիշտ էր Համազգային հայ կրթական և մշակութային միության խորհրդի անդամ, լրագրող, մեկնաբան Միքայել Հաջյանը նշելով,  որ պատկերագիրքն ուխտագնացություն է դեպի հայոց սուրբ-սրբոց քաղաքներից մեկը՝ Շուշի։

Առանձին գնահատանքի է արժանի «Շուշի 48»ը կազմողների որոշումը գիրքը սկսել հայտնի  կինոօպերատոր Լևոն Աթոյանցի 1962 թվականի լուսանկարներով, ում այդ ժամանակ հաջողվել է իբրև ադրբեջանցի վարորդ Ռաշիդի վարորդ-օգնական լինել Շուշիում,  որտեղ  իր իսկ բնորոշմամբ «մուտք գործելը սովորական մահկանացու հայի համար անհնար բան էր»։

Շատերի համար տարօրինակ էր պատկերագրքում տեսնել Շուշիի պարսկական մզկիթը։ Համազգային հայ կրթական ու մշակութային միության կենտրոնական վարչության անդամ Սպարտակ Ղարաբաղցյանը տարբեր առիթներով ստիպված էր բացատրել, որ ՏԱՆ ՏԵՐԸ մշակութային ոչ մի շերտ չի վերացնում… Իսկ պատկերագրքի սկզբում նա գրում է. «Աշխարհի քարե ծնկանը նստած սովորական քաղաք չէ Շուշին։ Շուշին ածխացած մագաղաթի հոտ ունի և նորածին մանկան բարուրի բույր…Շուշին մեր Երուսաղեմն է, ու ամեն հայ պարտավոր է թեկուզ երկու օր` «48 ժամ» ապրել այնտեղ…»։

Չգիտեմ, հայերիս Երուսաղեմը ազատագրված Շուշին է, գերյալ Վանը, Ալաշկերտը, կամ թե մեր դատարկված կամ այլաբնակ այլ մի քաղաք, բայց անտարակույս է, որ հարկավոր է գոնե 48 ժամ ապրել Շուշիում ու տեսնել բերդաքաղաքի բնակիչներին ու հասկանալ, որ նրանցից ամեն մեկն իր այստեղի ոչ հեշտ կյանքն ապրելով ապրեցնում է քաղաքը, որ այն չդառնա Վան, չդառնա Ալաշկերտ, կամ թե մեր դատարկված կամ այլաբնակ այլ քաղաք…

Աննա Կարապետյան

Շուշի

www.orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
2. Հայ-բուլղարական բարեկամությանը նվիրված մշակութային միջոցառում Սոֆիայում
3. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
4. Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5. Մրցույթ- փառատոներ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…
6. Համազգայինի 90-ամեակի Հանդիսաւոր Նշում` Հայաստանի Մէջ
7. Մինչեւ տարեվերջ կընդունվեն կինոյի եւ թանգարանների մասին օրենքները. Լիլիթ Մակունցն ամփոփել է 100 օրը
8. Վիկտորիա Անանյան. Բալետի հայազգի թագուհին երազում է պարել Հայաստանում
9. Համազգայինի Եւրոպայի Ուսանողական Անդրանիկ Հաւաքը Վենետիկի մէջ
10. Հայաստանի աննախադեպ օրեր Մոնակոյում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: