ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Աշխարհակարգային իրադրություններ եւ չինական բեւեռի կայացման ընթացքը

15 օգոստոսի, 2017 | 09:35

ԱՄՆ-ի նախագահի անկանխատեսելիության եւ նրան կապված վտանգավորության մասին հարուստ վերլուծական գրականություն կա միջազգային կենտրոնների հրապարակումներում եւ հատկապես միջազգային մամուլում: Նախորդ վարչակարգի օրով դեպի բնականոնացում ընթացող իրանա-ամերիկյան եւ Կուբա-ԱՄՆ հարաբերություններում արդեն կտրուկ շրջադարձեր են կատարվել. տակավին. հարավամերիկյան տարածաշրջանում թեժ իրավիճակներ են ստեղծվում Վաշինգտոնից Կարակաս սպառնական ոճի հռետորաբանության առաստաղի բարձրացումով:

Մերձավոր Արեւելքից Կենտրոնական Ամերիկա, ապա անցնելով հարավ, Ամերիկայից հասնելու համար Հեռավոր Արեւելք, Վաշինգտոնի ղեկավարը խոսքի վերջնաժամկետներով, խզման ապառնալիքներով, անվերջ պատժամիջոցներ վերանորոգելով, նորերը խոստանալով:

Այս երեք տարածաշրջանների վրա ավելանում է Հեռավոր Արեւելքը, հատկապես Փհենյան-Վաշինգտոն աննախընթաց փոխադարձ սպառնալիքների մագլցողականության արձանագրումով: Այստեղ սպառնալիքների տարափը առավելագույնն է, բարձրակետն է. եթե մինչ այդ տնտեսական պատժամիջոցների կամ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին էր խոսքը, հիմա, եթե հայտարարությունների բովանդակությունը նկատի ունենանք եւ այս շրջածիրում կատարված սպառնալիքները, թվում է, որ աշխարհ մոլորակը հայտնվել է միջուկային պատերազմի շեմին:

Ուշագրավ երեւույթներով միջազգային մամուլը իրավիճակը համեմատեց Քենեդիի օրոք Վաշինգտոն- Կուբա ստեղծված տագնապին: Չի կարելի հաստատել, որ բոլորովին անհամեմատելի են ստեղծված երկու իրավիճակները, այսուհանդերձ Քենեդիի եւ գործող նախագահի քաղաքական բանականության դրսեւորումները կարելի է ասել, որ ընդհանրություններ չունեն:

Որքան էլ անկանխատեսելի լինի Թրամփի կերպարը, այսուհանդերձ Վաշինգտոնում գործում է վարչակառավարման մի համակարգ, որը թվում է, թե իրադարձությունները վերահսկողությունից դուրս բերելու միտումները զսպող անշրջանցելի օղակ է: Տարբեր տարածաշրջաններում վերահսկելի քաոսային իրավիճակներ եւ դրություններ ստեղծելու վարքագիծը միայն Թրամփի օրով չէ, որ սկսել է, տասնամյակների վրա հենած եւ միեւնույն այդ վարչակառավարման համակարգի քաղաքականության արդյունքն է:

Խնդիրը երեւութապես թվում է տարբեր է Փհենյանի դեպքում, ուր իշխող նախագահը եւս անկանխատեսելիության ընդհանրություն ունենալով հանդերձ Վաշինգտոնի իր գործակցի հետ, ունի հիմնական տարբերություն: Փհենյանը գեթ առայժմ փաստը չի տվել, որ անկանխատեսելի ղեկավարի ետևում կա մի համակարգ, որը կարող է զսպել այն իր հայտարարությունները գործադրելու ընթացքում: Այստեղ արդեն ավելի կարմիր լույս  է ստանում վտանգավորվածության աստիճանաչափը:

Սա չի նշանակում անշուշտ, որ Հյուսիսային Կորեայի դեպքում գոյություն չունի զսպիչ օղակ: Ի տարբերություն ամերիկյան վարչակառավարման համակարգի, Հյուսիսային Կորեայի զսպիչ կամ հրահրիչ օղակը Պեկինն է: Չինական բեւեռը տնտեսական դերակատարության առընթեր շատ լուրջ գործոն է հետզհետե ռազմաքաղաքական առումով եվս:

Հյուսիսային Կորեայի միջուկային զորավաժությունները, այլ պետությունների ջրային տարածքներ հատելու նախադեպերը, հակառակ ամերիկյան սպառնալիքներին ռազմափորձերի շարունակությունը, հայտարարությունների մագլցողկանությունը եւ ներքին շուկայում ռազմատենչ մթնոլորտի ահագնացումը չինական ներշնչանքներ կարող են  ունենալ:

Պեկինը նախ լուռ դիտելով, հանդուրժելով, անուղղակի քաջալերելով կորեական ամբողջ ընթացքը, այժմ ողջամտության ուղերձներ  է ուղարկում երկուստեք եւ լարվածության բացառապես քաղաքական լուծում տալու հորդորներ է հղում կողմերին:

Պեկինյան բեւեռը այս հարցում ներառում է նաեւ Մոսկվան. պատահական չէ, որ հարցի լուծման համար Պեկին -Մոսկվա «կրկնակի սառեցման» թղթածրարը իբրեւ համատեղ առաջարկ է ներկայացվում կորեական թերակղզին միջուկային պատերազից փրկելու նպատակով :

Այս դեպքում չինական միջնորդությունը գերակշիռ է. իսկ այս միջնորդությունը էական նախադրյալ է նաեւ չինական բեւեռի կայացման գործընթացում:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 


Առնչվող նյութեր
1. ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հանդիպումը ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում
2. Վարուժան Ներսեսյանը՝ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3. Հայ և չին գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդես Պեկինում
4. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում
5. Չինաստանի արտաքին քաղաքականության մասին քննարկում Երեւանում
6. Արմեն Բայբուրդյանը՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս
7. Մհեր Սահակյան. «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» /նոր գիրք/
8. Միացեալ Նահանգաց Խորհրդարանի Գրադարանի (Library of Congress) մէջ տեղի ունեցած բացառիկ գիտաժողովը
9. Հայաստանի նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ
10. Մենք պետք է հաղթենք: Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլեւ նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի. Արմեն Սարգսյան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: