ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Անտիոքի եւ Համայն Արեւելքի Պատրիարքը Ռումինահայոց թեմում

02 հոկտեմբերի, 2017 | 09:11

 

Սեպտեմբեր 26-ին, Ալեքսանդրիոն հիմնադրամի հրավերով Ռումինիա է ժամանում Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը, որին Օտոպեն միջազգային օդանավակայանում դիմավորում են Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը և առաջնորդական փոխանորդ արժ. Տ. Գրիգոր քահանա Հոլկան:

Նույն օրը Տաթև Սրբազանը ներկա է գտնվում Նորին Սրբություն Իգնատիոս Բ Պատրիարքի պարգևատրման արարողությանը: Ալեքսանդրիոն հիմնադրամի կողմից Պատրիարքը պարգևատրվում է «Կոնստանտին Բրընկովեանու» հատուկ մրցանակով:

Հայ Առաքելական և Ասորի Ուղղափառ Քույր Եկեղեցիներն ունեն միևնույն քրիստոսաբանությունը և սրբազան ավանդությունը, հայրախոսական և ծիսական ժառանգությունը, ընդհանուր սրբեր և այսօր էլ սերտորեն զարգանում են պատմական ակունքներ ունեցող հարաբերությունները այդ երկու Եկեղեցիների միջև:

Հոկտեմբերի 1-ին, Նորին Սրբություն Իգնատիոս Բ-ը և իրեն ուղեկցող եպիսկոպոսաց դասը մասնակցում են Ռումինահայոց Թեմի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում մատուցված սրբազան պատարագին:

Պատարագիչն էր Թեմակալ Առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ով իր խոսքում մեկ անգամ ևս շեշտում է Հայ և Ասորի եկեղեցիների առաքելահաստատ և առեքալահիմն լինելը, այն դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը, որ առկա է երկու հնագույն եկեղեցիների միջև: Սրբազան հայրը նաև իր մտահոգությունն է հայտնում Սիրիայում և Մերձավոր Արևելքում տիրող պատերազմական ու լարված իրավիճակի համար և աղոթք բարձրացնում առ Աստված խաղաղության համար:

Պատարագի ավարտից հետո, Հայ Եկեղեցում սրբազան պատարագ է մատուցում նաև Իգնատիոս Պատրիարքը, ով իր խոսքում շնորհակալություն է հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին, Ռումինահայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանին եղբայրական ջերմ ընդունելության և երկու եկեղեցիների միջև սերտ հարաբերությունների շարունակականության և համագործակցության համար` հայցելով մեկ ու կես միլիոն հայ նահատակների բարեխոսությունը:

Նորին Սրբություն Իգնատիոս Բ Պատրիարքի այցը Ռումինիա պատմական էր մի քանի առումներով:

Նախ՝ Ասորի Ուղղափառ Եկեղեցու հիմնադրումից ի վեր սա այդ եկեղեցու առաջնորդի առաջին այցն էր Ռումինիա, երկրորդ՝ առաջին անգամ Ռումինիայի տարածքում մատուցվում է ասորական պատարագ, այն էլ Հայ Եկեղեցվո մեջ՝ արամեերեն, այն լեզվով, որով խոսում էր Հիսուս Քրիստոս:

Սրբազան Պատարագներին ներկա էին ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայերի Միության նախագահ տիար Վարուժան Ոսկանյանը, երկու եկեղեցիների հոգևոր դասի ներկայացուցիչներ, հյուրեր, հայ համայնքի անդամներ: Պատարագների ավարտից հետո ներկաները մասնակցում են Հայոց Առաջնորդարանի սրահում կազմակերպված հյուրասիրությանը:

Ռումինիայի Հայոց Թեմի մամլո դիվան


Առնչվող նյութեր
1. ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
2. Ռումինիայի Բուխարեստ և Սուչավա քաղաքում տեղի ունեցավ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հնգօրյա համախմբումը
3. Ուխտագնացություն Ռումինիայի հայկական սրբավայր՝ Սուչավա
4. Աննախադեպ ուխտագնացություն Հաճկատար. հրավիրվում են չեխահայ եւ եվրոպահայ երիտասարդները
5. Պիտեշտ. Ռումինիայում Սուրբ Հարության տոնը նշվեց հին տոմարով
6. Բուխարեստ. մոմավառություն եւ ցույց ապրիլ 23-24-ին
7. Քահանայից հավաք Ռումինիայի Հայոց թեմում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: