ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Անպարտելի զորավարը, իմաստուն պետական գործիչը նվիրյալ հայորդին. Միքայել Լորիս-Մելիքով

12 փետրվարի, 2018 | 14:26

Հայ բարեգործական ընդհանուր միության Երևանյան գրասենյակում տեղի ունեցավ Միքայել Լորիս-Մելիքովի «Անպարտելի զորավարը, իմաստուն պետական գործիչը նվիրյալ հայորդին» և նրան նվիրված «Կենսագրական ակնարկ» գրքերի շնորհանդեսը և «Մեծ հայն ու անպարտելի զորավարը» տեսաֆիլմի առաջնադիտումը:

Միջոցառումը սկսվեց «Հայաստան երկի՛ր, դրախտավայր» երգի` ՀՀ վաստակավոր արիտիստ Ռուբեն Սահակյանի կատարումով, որը յուրօրինակ հաստատումն է այն խոհերի ու մտքերի, որ արտահայտել է Միքայել Լորիս-Մելիքովը իր գրառումներում. ավելի քան 140 տարի առաջ: Այդ գրառումներից մեկը շնորհանդեսի մասնակիցներին ներկայացրեց պատմաբան, «Արարատ» հեռուստաընկերության «Հայորդիներ» հաղորդաշարի հեղինակ և վարող, շնորհանդեսի հանդիսավար Ավագ Հարությունյանը. «Ես ապրում եմ Ռուսական կայսրությունում, դուք ապրում եք Օսմանյան կայսրությունում։ Բայց մենք ռուսահայերս, և դուք՝ թուրքահայերդ, ունենք մեկ հայրենիք՝ Հայաստանը։ Մեր լեզուն, մեր կրոնը, մեր մշակույթն այնտեղ են սկիզբ առել։ Կոչ եմ անում բոլորիդ չմոռանալ Հայաստանը, ամեն ինչ տանք նրան, նրա երջանկության համար ապրենք ու մեռնենք»։

Մեկ մեջբերում էլ մենք ավելացնենք ներկայացվող գրքից. 1881 թվականի մայիսի 9-ին ռուսական  «Ցերկովնոօբշեստվեննի վեստնիկ պարբերականից» գրում էր. «Նրան Ռուսաստանը պարտավոր է ժամանակավոր քնից արթնացման համար։ Կոմս Միքայել Տարիելովիչի գործունեությունը դարձել է մեր հայրենիքի ներքին կյանքի ամենալուսավոր ժամենակաշրջանը»։

Նման գնահատականները Միքայել Լորիս-Մելիքովին ներկայացվող գրքում բազմաթիվ են։

– Լորիս-Մելիքովի  հեղինակած նյութերը հայերեն հրատարակելու գաղափարը ծնունդ առավ «Արարատ» հեռուստաընկերության «Հայորդիներ» հաղորդաշարի  հերթական թողարկման ժամանակ, երբ իմ զրուցակիցները՝ պատմաբան Տիգրան Պետրոսյանցը և Սերգո Երիցյանը խոսեցին այն մասին, որ Միքայել Լորիս-Մելիքովի ստեղծագործությունները պետք է թարգմանվեն հայերեն: Եթերում նրանք խոստացան, որ դա իրականություն կդառնա,-ասում է Ավագ Հարությունյանը և շարունակում,- այսօր այդ մտահղացման և այլ ջանքերի արդյունքում ունենք «Միքայել Լորիս-Մելիքով. անպարտելի զորավարը, իմաստուն պետական գործիչը, նվիրյալ հայորդին» գիրքը, որի ռուսերենից հայերեն թարգմանությունն իրականացրել է Ռուզան Շահվերդյանը։

Գիրքը տպագրության է պատրաստել «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը, տպագրությունն իրականացրել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը` ի դեմս  գործարար Գագիկ  Աղաջանյանի: Այս  նույն գրքում  տեղ գտած «Կենսագրական ակնարկը» անհրաժեշտ համարվեց ներկայացնել առանձին գրքով` հայերեն և ռուսերեն լեզուներով: Այս գիրքը Լորիս-Մելիքովի մահվանից հետո լույս է տեսել  Թիֆլիսում 1889 թվականի հունվարին և այն Միքայել Լորիս-Մելիքովի կյանքի և գործունեության պատմությունն է:

Նոր հրատարակությունները ներկայացրեց գրքերը կազմողը և խմբագիրը` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը:

Նա ասաց, որ երբ սկսեցին տեսաֆիլմի նախապատրաստական աշխատանքները, պարզվեց, որ Միքայել Լորիս-Մելիքովն ունի իր կողմից հեղինակած հոդվածներ, գրառումներ, մտորումներ, խոհեր: Այս ամենը հավաքեցին, ժողովեցին մեկտեղ և առաջ եկավ այն հայերեն թարգմանելու և ընթերցողին ներկայացնելու մտահղացումը, ինչը և իրականացվեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների և «Լոռվա ձոր» հայրենակցական միությունների ընդհանուր ջանքերով:

«Հիմա կարծում եմ, որ նպատակին հասել ենք և ընթերցողը հնարավորություն կունենա հաղորդակցվել Միքայել Լորիս-Մելիքովի հետ` իր մայրենիով,-ասաց Սերգո Երիցյանը,- իսկ նրա մտքերը շատ խորն ու բովանդակալից են, ուր  խտացվում են համամարդկային արժեքները:

Եվս մեկ մեջբերում ներկայացրեց վարողը, բնութագրելով Միքայել Լորիս-Մելիքովին՝ մեծ հային. «Կովկասյան ռազմաճակատում մեր հաղթանակը վերջնական կլինի, եթե գրավենք Հայաստանի մայրաքաղաք Էրզրումը։

Էրզրումը Հայաստանի մայրաքաղաքն է, և այնտեղ բոլոր միջոցներով հարկավոր է ամրապնդել հայ տարրը։

Ես Աստծո զորությամբ մտածում եմ, որ ազգօգուտ գործ կլինի, եթե պատրիարքարանը տեղափոխվի Հայաստանի մայրաքաղաք Էրզրում։

Ունեմ երազանք՝ Հայաստանի մայրաքաղաք Էրզրումում ստեղծված տեսնել Մոսկվայի Լազարյան ճեմարանի նման մի ուսումնական հաստատություն»։

Գրքերի ծնունդը շնորհավորելու  էր եկել նաև Հայաստանի հանրային Խորհրդի հանձնաժողովի նախագահ, փիլիսոփայական  գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա էլ հաջորդ բանախոսն էր։ Ողջունելով նման կարևոր գրքերի ծնունդը, Հովհաննես Հովհաննիսյանը ասաց, որ մեր ապրած ժամանակը պարբերաբար պետք է չափենք Լորիս-Մելիքովի նման  անհատականությունների ապրած կյանքի անդրադարձերով: Այդ դեպքում մենք ոչ միայն կհասկանանք, թե որտեղի՞ց ենք գալիս, այլև ո՞ւր ենք գնում: Նման մարդիկ պատմության բարոմետրեր են, ուրեմն նրանց թողած դասերը պետք է կարողանանք ճիշտ օգտագործել:

Հաջորդ ելույթ ունեցողը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ Գագիկ Աղաջանյանն էր, ով մասնագիտությամբ պատմաբան է, ծագումով՝ թիֆլիսցի, և պարբերաբար ծաղիկներ է խոնարհում Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող Միքայել Լորիս-Մելիքովի և նրա զինակիցների գերեզմանին:

Նա ասաց, որ մեծ պատիվ է կանգնել  նման  նախաձեռնությունների կողքին, քանի որ դրանով մեր սերունդներին ենք վերադարձնում անցյալը, որտեղից  մենք շատ  բան ունենք սովորելու, ուրիշ բան չլինի այն նվիրվածությունը, որ այդ մարդիկ ունեին իրենց հայրենիքի և ժողովրդի նկատմամբ: Այս ամենից պետք է ոչ միայն դասեր քաղել, այլև դարձնել գործելակերպ:

Ներկաներին տեղեկացրին նաև, որ ներկայացվող գրքերին նախորդել է  «Կարծիք» ստեղծագործական խմբի  կողմից «Միքայել Լորիս-Մելիքով. մեծ հայն ու անպարտելի զորավարը» տեսաֆիլմի նկարահանումները և ստեղծումը:

Դահլիճում էին ստեղծագործական խմբի անդամները՝ Սերգո Երիցյանը, Հրաչյա Պապինյանը, Սամվել Գալստյանը, Կարինե Տիտանյանը:

Տեսաֆիլմի դիտումից հետո «Կարծիք» ստեղծագործական խմբի ղեկավար Սերգո Երիցյանն ասաց, որ խումբը հանդիսատեսին է  ներկայացրել հերթական  ֆիլմը` ձգտելով կերտել ամբողջական կերպար` այս  դեպքում ի դեմս Միքայել Լորիս-Մելիքովի: Իր նպատակին  հասնելու համար ստեղծագործական խումբը երկար ճանապարհ է անցել` Երևան-Կարս-Անի-Թբիլիսի-Սարատով-Սանկտ-Պետերբուրգ երթուղով, անցել մեր մեծ հայրենակցի  ոտնահետքերով:

Շնորհանդեսին ներկա էր Հայաստանում Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական Նինո Ափցիաուրին, ով կարևորեց նման ոգեկոչումները, մանավանդ այն գործիչների, ովքեր բարձր են պահել իրենց ծննդավայրի պատիվն ու արժանապատվությունը, լավ հասկացել բազմազգ միջավայրում նուրբ ու բարեկամական փոխհարաբերությունների նշանակությունը։

Գրքերի և տեսաֆիլմի շնորհանդեսը վերածվեց ազգային ոգու դրսևորման մի մեծ տոնահանդեսի:

 

Կարինե Տիտանյան

orer.eu

 


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: