ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՆՆԱ ՇԱՀԻՆՅԱՆ. 20 տարիների ընթացքում հասարակությունը պահվել է վախի և անելանելիության մթնոլորտում, ինչը նպաստել է գիտություն անտեսմանը

14 ապրիլի, 2013 | 12:39

Երիտասարդ գիտնականի ամբիոն

Աննա Շահինյանը ՀՀ նախագահի մրցանակի 2011 թվականի դափնեկիր է ֆիզիկայի ոլորտում։ Սիրում է նաև հոգեբանություն, փիլիսոփայություն, նկարել, լողալ և շատ այլ բաներ։Նա ասպիրանտ է Երևանի պետական համալսարանում: Տեսաբան է, զբաղվում է քվանտային օպտիկայով, քվանտային ինֆորմատիկայով: Աշխատանքները ներկայացվել են մի շարք միջազգային գիտաժողովներում, տպագրվել հեղինակավոր ամսագրերում։ Շատ է սիրում ճանապարհորդել։

-Աննա, ի՞նչն է Ձեզ ձգում գիտության մեջ, ինչո՞ւ որոշեցիք գիտնական դառնալ։

-Ուղղակի հետաքրքիր է, գրավիչ` իմանալ մի բան, որ դեռ ոչ ոք չգիտի։ Ուսումնասիրել բնությունը, հասկանալ։ Ֆիզիկան գիտություն է բնության մասին։ Դա շատ-շատ հետաքրքիր է։ Դա իմն է, հոգեհարազատ է։ Չեմ կարող բացատրել… Բայց, ցավոք, օրվա մեջ գիտությամբ զբաղվում եմ միայն 4 ժամ, աշխատանքիս հետ` չեմ կարող ավելին տրամադրել (աշխատում եմ ծրագրավորող Ինսթիգեյթ ՓԲԸ-ում)։

-Գիտական աշխարհում Ձեզ ինչպե՞ս եք զգում. իգական սեռի ներկայացուցիչ լինելու հանգամանքը չի՞ խանգարում.

-Շատ նորմալ։ Իհարկե, լինում են մարդիկ, և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում, ում համար «կին ֆիզիկոս» բառակապակցությունը նոնսենս է։

– Բայց հիմնականում դա չի խանգարում։

-Հիմնականում 3 հոգով ենք աշխատում, իմ ներդրումը հոդվածներում մոտ 40 տոկոս է:

-Վերջին շրջանում երիտասարդ գիտնականների համար իրականացվող տարբեր խրախուսական մրցանակաբաշխություններին լավ եք վերաբերում։

– Խրախուսում եմ: Պետք է զուգահեռ անցկացնել մրցույթներ տարբեր չափանշներով, քանի որ, օրինակ, և՛ միջազգային ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրությունների քանակն է կարևոր, և՛ հղումների թիվը, դրանք խոսում են խմբի, հեղինակի տարբեր ցուցանիշների մասին.

-Այդ ցուցանիշները բոլորն էլ կարևոր են։

-Գիտության կազմակերպման տեսակետից կարևոր է հետթեկնածուական կարգավիճակի համակարգի ներդրումը։ Ընդ որում, գիտական խմբերին պետք է հատկացնել բավարար ֆինանսներ, որպեսզի կարողանան հրավիրել նաև երիտասարդ մասնագետներ արտերկրից՝ և ոչ միայն ազգությամբ հայ մասնագետներ, այլ ցանկացած մասնագետ, ով ունի տվյալ կոնկրետ գիտական խնդրի՝ լավագույնս լուծման համար անհրաժեշտ որակավորում. Ժամանակն է, պետք է արագորեն մշակել ու ներդնել համակարգը։

-Խոսեցինք կնճռոտ հարցերից։ Գիտության ոլորտի զարգացման հնարավոր խոչընդոտներից՝ կոռուպցիայի մասին հարցիս ի պատասխան՝ ձեռքը թափ տվեց։ Այնպիսի թերֆինանսավորման դեպքում, ինչպեսին մեզ մոտ է։

-Այդ մասին խոսելը զավեշտալի է:

-Ո՞րն է հիմնական խնդիրը։

-Միանշանակ, գիտության թերֆիանանսավորումը։

– Որո՞նք են պատճառները։

-Արժեհամակարգի խեղումը, որ տեղի ունեցավ անկախացումից հետո, մտավորականության պասիվացումը և հասարակության ապակողմնորոշումը արդյունաբերության, տնտեսության հարցերում: Կարծում եմ՝ դա միտումնավոր էր արվում: Այս 20 տարիների ընթացքում հասարակությունը պահվել է վախի և անելանելիության մթնոլորտում, ինչը նպաստել է գիտություն անկարևորմանը: Չի մշակվել տնտեսության զարգացման իրական ծրագիր։ Եթե գիտելիքահենք ծրագիր իրագործվեր, գիտությունը չէր արհամարհվի: Չկա տնտեսություն՝ չկա գիտություն, չկան պահանջներ, կա տգետ հասարակություն և թույլ պետություն: Քանի որ չկա տնտեսություն, ապա գիտությունը որպես շռայլություն է ընկալվում: Եթե չկա տնտեսություն, կրթությունը ևս անհրաժեշտ չէ՝ կիրառություն չկա: Երիտասարդ սերունդը չունի տեսլական սովորելու համար, մոտիվացիա չկա: Ամենամեծ խորքային խնդիրը արդյունաբերության, տնտեսության բացակայությունն է: Չի մշակվում երկարատև տնտեսության և արժեքների ծրագիր:

-Երիտասարդ գիտնականները չունեն ֆիանանսավորում և չունեն իրականացման դաշտ:

-Մոտակա 5 տարիների ընթացքում ես ինձ չեմ պատկերացնում Հայաստանում։ Պետք է ապահովել նորմալ ֆինանսներ գիտական գործունեությամբ զբաղվելու համար, ապահովել տնտեսության և գիտության ինտեգրումը ու ստեղծել աշխատատեղեր։ Պետք է աջակցել, որ ՀՀ գիտնականները ներգրավվեն միջազգային ծրագրերում, պետք է ստեղծել գիտնականների շահերն իրոք պաշտպանող միություն: Շատ քայլեր են պետք։ Բայց հիմնականը, այսպես թե այնպես, հանգում է պետական ուշադրության ու արժևորման անհրաժեշտությանը։ Իսկ դա պետք է առաջին հերթին արտահայտվի գիտության ֆինանսավորման կտրուկ աճի ձևով։

-Բայց չէ՞որ գիտությունը հայտարարված է գերակա ոլորտ:

-Ո՛չ, դրանք միայն խոսքեր են, գործ չկա: Պետք է պայքարել: Այո համաձայն եմ։ Խրախուսում եմ և մասնակցում: Գիտնականը մարդ է, քաղաքացի, ով պիտի՛ պաշտպանի իր շահերն ու իրավունքները: Գիտնականը մտավորական է, ով պարտավոր է պայքարել իր պետականության համար, դրանում առկա մթնոլորտի և արժեհամակարգի համար: Պետք է պայքարել։

Մանե Հակոբյան

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Գիտության զարգացում համակարգչային տեխնոլոգիաներով
2. Ֆիզմաթ. ժամանակը կրթության մեջ
3. Հայաստանցիները կարող են մասնակցել Եվրամիության «Հորիզոն-2020»-ի գիտության և նորարարության մրցույթներին
4. Բրյուսել. նախարար Մկրտչյանը հետազոտական եւ նորարարության համաձայնագիր է ստորագրել
5. Նոբելյան մրցանակակիրները Հայաստանում
6. Նորարարության մրցույթ Հայաստանի համալսարանական ուսանողների եւ ասպիրանտների համար
7. Հայաստանի երիտասարդական հիմնադրամին առաջարկվել է ավելացնել գիտությանը վերաբերող անվանակարգերի թիվը
8. Պահանջում են չեղյալ հայտարարել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը եւ կրկնել դրա քննարկումը
9. Հակոբ Փանոսյան. Հայաստանում գիտության զարգացման նոր ռազմավարություն պիտի մշակվի
10. Գուցե բարի նախագահը տեղյա՞կ չէ գիտության խնդիրներից

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: