ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Աննախադեպ ,,Հայ մշակույթի օրեր,,՝ գերմանացիների ու գերմանահայության համար

07 նոյեմբերի, 2017 | 09:59

Շտուտգարտում  անցկացված «Հայ Մշակույթի Օրեր»-ի մասին orer.eu-ն արդեն կարճ հաղորդագրությամբ անդրադարձել է։ Սակայն այդ մշակութային բացառիկ իրադարձությանն որոշեցինք մեկ անգամ եւս անդրադառնալ ավելի մանրամասն, նկատի ունենալով դրա կարեւորությունը հայկական մշակութային ժառանգության ներկայացման եւ մշակութային երկխոսության համար։ 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 26-ին ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի մայրաքաղաք Շտուտգարտում մեկնարկեցին արդեն ավանդական դարձած «Հայ Մշակույթի Օրեր»-ը: Այս տարվա միջոցառումներն անցկացվեցին  «Մաշտոցը հանդիպում է Լյութերին․ մշակույթների երկխոսություն» խորագրով: Ծրագրի բազմաբնույթ ցանկում ընդգրկվել էին դասախոսություններ, համերգներ, գրական ցերեկույթ, հայկական տարազների և գորգերի ցուցադրություն և այլ ձեռնարկներ։

Ծրագիրը հասանելի էր հասարակության լայն շերտերին, այն ուղղված էր մշակութային երկխոսության զարգացմանը, ինչպես նաեւ աշխարհի տարբեր վայրերում սփռված հայության ազգային եւ մշակութային ինքության պահպանմանն ու ամրապնդմանը:

Այս տարվա թեման պատահական չէ ընտրված. 2017-ը Ռեֆորմացիայի համար հոբելյանական տարի (1517– 2017) է, և նվիրված է Մարթին Լյութերի գործունեությանը: Մեծ բարեփոխիչը գրական գերմաներենի հիմնադիրն է. առաջին անգամ նա է գերմաներեն թարգմանել Սուրբ Գիրքը:

Հայ ժողովրդի համար գրեթե նույն նշանակությունն ունի վարդապետ Մեսրոպ Մաշտոցը, որը 5-րդ դարում ստեղծեց հայկական այբուբենը և հայերեն թարգմանեց Աստվածաշունչը: Քրիստոնեության առանձնահատուկ դերը երկու երկների պատմության ու մշակույթի վրա մեր թեմայի հաջորդ զուգահեռն է: Հայաստանն առաջին պետությունն է, որ 301 թվականին ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, և այն, մինչ այսօր էլ, շարունակում է լինել երկրի մշակույթի անբաժան մասը:

Ցայսօր եվրոպական մշակույթն էլ անմասն չէ քրիստոնեությունից: Մաշտոցն ու Լյութերը մեծ բարեփոխիչներ և ազատամարտիկներ էին, պայքարում էին իրենց հայրենակիցների իրավունքների համար: Հետևաբար, մեր միջոցառումների արվեստագիտական և պատմական մտորումների կենտրոնում են լինելու այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ կոլեկտիվ ինքնությունը և քրիստոնեության հիմնային արժեքները՝ միասնությունը, ազատությունը և խաղաղությունը՝ արտացոլված գեղարվեստական ստեղծագործություններում։

Միջոցառման բացման նախօրեին տեղի ունեցան ֆոտոցուցահանդես, նվիրված Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին, Գեղարդ երգեցիկ խմբի հոգևոր համերգը, անցկացվեց գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության նյութը Բադեն-Վյուրթեմբերգում ուսումնական ծրագրերում ընդգրկելուն։ Այն վարեց ADK հանդեսի խմբագիր դոկտոր Րաֆֆի Քանդյանը։

Միջոցառումների մեկնարկը տրվեց Շտուտգարտի ԱՐԿԱՏԱ կամերային նվագախմբի և Ջուլիետա Գալստիանի համերգով, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Շտուտգարտի քաղաքապետն ու Վյուրթեմբերգի Լութերական Եկեղեցու ներկայացուցիչը, իսկ գործարար ու բարերար Յոհաննես Կերխերի դասախոսության թեման էր՝ «Մաշտոցի և Լյութերի դերը երկու ժողովուրդների հոգեմշակութային կյանքում»։

Գրական ցերեկույթում հանդես եկավ գերմանահայ գրող, թարգմանիչ Ագապի Մկրտչյանը, ով ներկայացրեց Պարույր Սեակի պոեզիան։ 

Հայկական մշակութային օրերի շրջանակում «Հայ ավետարանական եկեղեցու պատմությունն ու գերմանացի միսիոներների դերը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Էրլանգենի համալսարանի աստավածաբանության պրոֆեսոր Խաչիկ Գազերը, տեղի ունեցավ «Աստված հարստացրել է իմ կյանքը» գրքի շնորհանդեսը, Ռաֆայել Հովհաննիսյանի «Հայկական հետքեր Բադեն-Վյուրթեմբերգում» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումը, Հայկ սրկ. Ազարյանի դասախոսությունը հայկական որմնանկարների և մանրանկարներիմասին։

Հոկտեմբերի 28-ին հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» վավերագրական մոնոներկայացումը։ Դերասանուհի Նարինե Գրիգորյանը կարողացավ հուզել հայ և գերմանացի հանդիսատեսին իր անզուգական խաղով։ Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ մաեստրո Տիգրան Մանսուրյանի ռեցիտալը, որին անձամբ ներկա էր մեր ժամանակների մեծն կոմպոզիտորը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Տիգրան Մանսուրյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ու Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ ՝ արժանապատիվ Տ. Տիրատուր քհն. Սարդարյանը:

Կատարումներով հանդես եկան դաշնակահարներ Ռուբեն Մելիքսեթյանը, Իզաբելա Մելքոնյանը, երգչուհի Աննա Ավդալյանը, թավջութակահար Վաչե Բագրատունին և ջութակահար Քրիստինա Ալթունյանը:

Համերգը հանդիսատեսի կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ։ Միջոցառումները ավարտվեցին ջութակահար Ավետիք Գևորգյանի, Շտուտգարտի ջազ երգչախմբի և ՀՀ վաստակավոր արտիստներ Էմմա Պետրոսյանի, Արամոյի և Մադաթ Ավանեսովի համերգով։

Հայկական մշակույթի օրերին մասնակցեց նաև Տերյան մշակութային կենտրոնը։ Ցուցադրվեցին կենտրոնի կողմից պատրաստված ազգային հագուստներ, հայկական գորգերի զարդանախշերով ոճավորված զգեստներ և այլ կիրառելի իրեր։ Ներկայացրեցին նաև ազգային պարեր, որոնց մասնակիցը դարձան նաև հյուրերը։

Ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 29-ին Լարիսա Գևորգյանը ներկայացրեց «Աստված հարստացրեց իմ կյանքը» վավերագիրքը: Երաժշտական բաժնում ելույթներ ունեցան դաշնակահար  Ինգա Ահարոնյանը և ջութակահար Մարկ Յոհնստոնը։  Գրքի գլխավոր գործող անձը միսիոներուհի Հաննա Քրիստենն է, որը տասնամյակներ շարունակ գործել է Լիբանանի և Սիրիայի հայկական որբատներում և ծերանոցներում:

Իհարկե, այս գեղեցիկ եւ անկրկնելի միջոցառումները չէին լինի, եթե չլիներ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ,  արժանապատիվ Տ. Տիրատուր քհն. Սարդարյանը, ում ջանքերով էլ տարիներ առաջ սկսվեցին եւ դարձան ավանդական Շտուտգարտի հայկական մշակույթի օրերը։

Իր հերթին Տ. Տիրատուր քհն. Սարդարյանը նշել է, որ Շտուտգարտի « Հայ մշակութի օրերն» իրականություն չէին դառնա առանց Շտուտգարտի քաղաքապետարանի, Բադեն–Վյուրթեմբերգ երկրամասի, Հայաստանի Մշակույթի Նախարարության և բազմաթիվ բարերարների ֆինանսական աջակցության, ինչպես նաև՝ առանց մեր պատվո անդամների նվիրված աշխատանքի: Այդ օգնությունը թույլ է տալիս միջոցառումներն ավելի մատչելի դարձնել ավելի լայն շրջանակաների, ինչը մեզ հնարավորություն է տալիս ներկայացնելու, թե որքան արժեքավոր է հայկական համայնքի գործունեությունը Գերմանիայում: Մենք անչափ շնորհակալ ենք բոլոր վերը նշված անձանց,,:

ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Մանհայմ քաղաք
2. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
3. Բեռլին. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ
4. Գերմանիայի կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
5. Մերկելը վստահեցրեց, որ Գերմանիան Հայաստանին կաջակցի Արցախի խնդրում եւ ԵՄ վիզաների ազատականացման հարցում
6. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
7. Գերմանահայոց գործարարների միությունն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռին եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին
8. Հայ-գերմանական հարաբերությունների անցյալն ու ներկան քննարկել են Բեռլինում
9. Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները նախանշեցին երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները
10. Հայաստանն անվտանգ երկրների շարքում ընդգրկելու մասին մտադրություն է հայտնել Գերմանիայի ՆԳՆ պետքարտուղարը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: