ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Քարերի պոեզիա. Անի». ցուցահանդես Երեւանում

11 հուլիսի, 2018 | 21:24

«Քարերի պոեզիա. Անի» խորագրով ցուցահանդեսը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում

 Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի Ալեքսանդր  Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում հուլիսի 11-ին բացվեց «Քարերի պոեզիա. Անի» խորագրով ցուցահանդեսը:

Բացման խոսքով հանդես  եկավ Թանգարան-ինստիտուտի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը, որը ողջունելով ներկաներին և հյուրերին նշել է, որ Անիի ճարտարապետության, վաղ միջնադարի ժողովրդի պատկերացումների, գեղարվեստական մտածողության հիման վրա ստեղծվել են ճարտարապետական բացառիկ նմուշներ:

Սկսած քաղաքաշինական սկզբունքներից` տեսնում ենք, որ ազգային ավանդույթների օգտագործմամբ, բացառիկ նորարական մոտեցումներով կառուցվել են ազդեցիկ շինություններ, որոնցից մեկն էլ Անիի Մայր տաճարն է:

«Ավստրիացի գիտնական Յոզեֆ Ստրժիգովսկին իր աշխատություններից մեկում գրել է. հայ ժողովուրդը ցույց տվեց ոգու այնպիսի ուժ, որ արևմուտքից և արևելքից Անի ներխուժած ազդեցությունները էական նշանակություն չունեցան և հայկական ճարտարապետությունը պահպանեց իր էությանը բնորոշ պայծառ միասնականությունը»,- իր խոսքն ամփոփել է թանգարանի տնօրենը:

Ելույթով հանդես եկավ նաևՀայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսն,ով իր հերթին շնորհավորելով ցուցահանդեսի բացման առթիվ, նշել է, որ ցուցահանդեսի բացումը իրենից ներկայացնում է Հայաստան-Թուրքիա երկխոսության լավագույն դրսևորումը: Մշակույթը համամարդկային արժեք է, որը խթանում է ժողովուրդների միջև երկխոսությունն ու բարեկամությունը:Ցուցահանդեսի բացման ժամանակ ելույթ ունեցան նաև Թուրքիայի Մշակութային ժառանգության պահպանության ասոցիացիայի նախագահ վերականգնող ճարտարապետ Յավուզ Օզքայանը, Նորվեգիայի մշակութային ժառանգության հետազոտությունների ինստիտուտի նախկին տնօրեն Կարստեն Պալուդան-Մյուլլերը, Ռուսաստանի Դաշնությունից ճարտարապետության և քաղաքաշինության պատմության և տեսության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արմեն Կազարյանը և այլք:

Ցուցահանդեսը, որը կյանքի է կոչվել «Անադոլու քյուլթուր»-ի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Նորվեգիայի Մշակութային ժառանգության հետազոտությունների ինստիտուտի (NIKU) համագործակցությամբ և համատեղ ջանքերով, այցելուների համար բաց է լինելու մինչև օգոստոսի 26-ը: Ցուցադրված նմուշներում յուրահատուկ սիրով և խնամքով ներկայացված են հնագույն Անի քաղաքի և շրջակայքի ճարտարապետական ժառանգությունը։Ցուցահանդեսի թե՛ արտադրական,թե՛ նախապատրաստական փուլում ներգրավվել և համատեղ աշխատել են լուսանկարիչներ,փորձագետներ ինչպես Հայաստանից,այնպես էլ Թուրքիայից:

2013 թվականից ի վեր ՞Անադոլու քյուլթուր՞-ը սերտորեն համագործակցել է Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամի (WMF) և Նորվեգիայի Մշակութային ժառանգության հետազոտությունների ինստիտուտի (NIKU) հետ՝գնահատելու Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության ներկա վիճակը,կարևորությունը և պահպանության ներուժը՝շեշտադրումը հատկապես Անիի վրա սևեռելով:

2013 թվականի աշնանը Հայաստանի,Թուրքիայի,Ռուսաստանի,ԱՄՆ-ի,Ֆրանսիայի և Նորվեգիայի ճարտարապետների,վերականգնող մասնագետների, պատմաբանների, ազգագրագետների և արվեստաբանների խումբն այցելեց Անի և տարբեր մասնագիտական տեսանկյուններից  հետազոտեց  մշակութային ժառանգության վայրերը՝մշակելով ավելի հարուստ և համապարփակ հայեցակետ տարածաշրջանի ճարտարապետական ժառանգության մասին:

Ցուցահանդեսը այս ջանքերի անմիջական արդյունքն է:Ինչպես նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, մշակութային ժառանգությունը պատկանում է մարդկությանը,ուստի դա այն ուղղություններից է,որ կարևորում  և խթանում է երկրների միջև սերտ համագործակցությունը,երկխոսությունը և փոխըմբռնումը:Այս տեսանկյունից Անին իր պատմությամբ,աշխարհագրական դիրքով և ճարտարապետական հատկանիշներով կարևոր մշակութային արժեք է,որ կնպաստի Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության խորացմանը:Ցուցահանդեսը միտված է նման համագործակցության խրախուսմանը և օրինակ ծառայելուն:Այսպիսով՝նշված միջոցառումն իրականացվեց ՞Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին՞ ծրագրի շրջանակներում՝Եվրոպական միության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները Սիրարփի Կարապետյանի


Առնչվող նյութեր
1. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
3. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
4. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
5. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
6. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
7. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
8. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
9. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում
10. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: