ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Անահիտ Թոփչյան.,,Տագնապ,,

14 դեկտեմբերի, 2012 | 00:19

Մի հատված Անահիտ Թոփչյանի ,,Տագնապ,, վեպից

2012ին Երեւանում լույս է տեսել արձակագիր Անահիտ Թոփչյանի ,,Տագնապ,, վեպը, որն արդեն հասցրել է մեծ աղմուկ հանել ոչ միայն ընթերցասերների, այլեւ գրականության գիտակների շրջանում։ Մասնավորապես ֆրանսագիր հայ գրող Վարդենի Բեդանյանը իր գրախոսականում գրել է.  ,,Այս գիրքը մի գեղեցիկ զարդ է։ …Շատ արդիական է իր նյութով, իր գրելաոճով, իր սյուժեով եւ մանավանդ կերպարների հարաբերություններով։ ,,Տագնապը,, գրված է ճշգրիտ, սեղմ, ինտրիգը վարպետորեն զարգանում է, լարված սպասումը ձգած թելի պես, ընթերցողի քթից բռնած տանում է առաջ,,։ Վերը նշված գնահատականը լիովին կարող ենք հաստատել, քանի որ վեպի ընթերցանության ժամանակ վայելում էինք նույն հաճույքը։ Վեպը նաեւ բնորոշում են  իբրեւ էրոտիկ ժանրի ստեղծագործություն, սակայն ամեն ինչ ներկայացված է չափի մեջ ու ճաշակով։ Վեպը շուտով լույս կտեսնի նաեւ ռուսերեն։ Հեղինակի հետ մեր հարցազույցը կարդացեք ՕՐԵՐ-ի առաջիկա համարներում։

Շնորհակալությամբ ընդունեցինք հեղինակի կողմից ՕՐԵՐ-ին ուղարկված ,,Տագնապի,, օրինակը։

 Հեղինակի համաձայնությամբ ներկայացնում ենք մի հատված,,Տագնապ,, վեպից

 

ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆ

,,Տագնապ,,

(Հատված վեպից)

 

Քաղաքից դուրս ենք: Մեքենան կանգ է առնում շքեղորեն լուսավորված մի շինության առջեւ: ,,LUXOR,, անվանումը շարունակ վառվում եւ հանգչում է: Չտեսնել չես կարող, մանավանդ եթե կանգնած ես առջեւը:

– Այս ո՞ւր ենք եկել, – զարմացած հարցնում եմ ես` հրաշալի իմանալով, թե որտեղ ենք:

– Կազինո, – պատասխանում է Աիդան: – Ինչ է, չես եղե՞լ:

Եղել եմ, բայց ոչ այստեղ, եւ շա՜տ վաղուց, խորհրդային տարիներին, երբ Ֆրանսիայում էի: Ամուսնուս ընկերները, ֆրանսիացի մի զույգ, որոշեցին ինձ տանել Դովիլ` տեղի կազինոն ցույց տալու: Համաձայնեցի հանուն հետաքրքրության, որովհետեւ խորհրդային մարդու համար դա անծանոթ եւ գաղտնի մի աշխարհ էր: Նրանք ինձ բերեցին ռուլետի սեղանի մոտ եւ առաջարկեցին որեւէ թվի կամ գույնի վրա դնել: Անմիջապես հիշեցի իմ կարդացած վեպերից մեկը, որտեղ խաղամոլ հերոսը շարունակ զրոյի վրա էր դնում եւ միշտ կորցնում: Բայց մի անգամ…

Իմ համեստ գումարը ես էլ դրեցի զրոյի վրա եւ միանգամից շահեցի: Կրուպիեն դրամանիշերի մի ամբողջ կույտ դրեց առջեւս: ,,Այլեւս մի խաղա, կկորցնես’’, – ականջիս շշնջաց ամուսնուս ընկերը: Բայց նրան լսողն ո՞վ էր: Ես ոգեւորվել էի, եւ որքան կորցնում, այնքան ավելի էի համառում: Կես ժամ հետո առջեւս կատարյալ դատարկություն էր… Մարդ ու կին իրարից խոսք խլելով մխիթարում էին ինձ, իսկ ես մտովին հաշվում էի, որ այդ գումարով կկարողանայի Փարիզի boutique-ներից մեկում, իսկական կինոաստղի պես ոտքից գլուխ հագնվել:

Դա եղավ իմ առաջին եւ վերջին այցելությունը կազինո: Դրանից հետո մեջս մնաց անպատմելի հրճվանքի եւ դաժան հուսախաբության թունավոր խառնուրդը: Անշուշտ, ուրիշ առիթներ հաջորդեցին, բայց ես միշտ խուսափում էի. կազինոն իր անտրամաբանական եւ վտանգավոր ազարտով տեղ չուներ իմ եւ ամուսնուս առավել քան կշռադատված եւ ողջախոհ կյանքում: Սակայն հիմա, այս հաստատության շեմն անցնելուն պես, ասես դարձյալ հայտնվեցի ժամանակից ու տարածությունից դուրս, ավելին` մեջս կարծես դեւ մտավ…

Ինչպես երեւում է Աիդային այստեղ լավ գիտեն. մի երիտասարդ է մոտենում մեզ եւ մեքենան տանում այցելուներին հատկացված կայանատեղի: Ես մոռացել եմ, Ֆրանսիայում, արդյոք, այսպիսի ծառայություն կա՞ր… Կազինոն ամբողջովին ձեւավորված է հին եգիպտական ոճով: Ասես ,,Աիդա” օպերայի դեկորների մեջ հայտնվենք: Ահա՜ թե ինչու է գալիս այստեղ:

– Դա պարզ զուգադիպություն է, – բացատրում է նա: – Այս կազինոյի տերն իմ հեռավոր ազգականն է: Հետո, սա միակն է, ուր կանայք գալիս են մենակ, եւ ոչ ոք չի համարձակվում նրանց որեւէ բան ասել:

Առաջին անգամ եմ ոտք դնում հայկական կազինո, այնպես որ չեմ կարող ասել, թե մյուսներում ինչպես է, բայց այստեղ, ռուլետի եւ թղթախաղի սեղանների մոտ, մի քանի կանայք եմ տեսնում, նույնիսկ ջահել աղջիկներ:

Հետաքրքիր է, իմ մուտքը ոչ մեկի ուշադրությունը չի շեղում. բոլորը կլանված են իրենց խաղով: Ինձ համար դա անսովոր է. բավական է մի տեղ մտնեմ, հայացքներն անմիջապես ուղղվում են իմ կողմը: Բայց հիմա ես հասկանում եմ, որ սա անտարբերության նշան չէ. մարդիկ կենտրոնացած են իրենց խաղի վրա, եւ սա սովորական խաղ չէ, գումարներ են շահում, կորցնում…

Միանգամից շրջվում եմ, ասես թիկունքից թեթևակի ծակոց զգայի: Սրահի հեռավոր անկյունում մի երիտասարդ եմ տեսնում, որ ժպիտը դեմքին նայում է ինձ: Դա սովորական ժպիտ չէ. դրանով ասում է, որ ինձ ճանաչեց, որ հիացած է ինձնով… Նա մոտենում է դաշնամուրին, խոնարհվում ինձ, նստում եւ ձեռքի շարժումով հասկացնում, որ ինձ համար է նվագելու: Հետաքրքիր է, ի՞նչ:

Չէ՛, չի կարող պատահել… Նա մի եղանակ է նվագում Կլայդերմանի ռեպերտուարից, իմ ամենասիրածը… Նվագում է հոյակապ, վարժ, միաժամանակ թեթեւ, ամեն մի հնչյունի մեջ մի հսկայական հույզ դնելով: Քիչ է մնում արտասվեմ: Ինձ միանգամից երեսուն տարով ետ տարան, երբ քսանամյա ուսանող էի եւ առաջին անգամ լսեցի այս երազային երաժշտությունը:

Աիդային եմ փնտրում, որպեսզի հարցնեմ, թե ով է այս երիտասարդը, սակայն նա հիմա թղթախաղի սեղանի մոտ է եւ, հաստատ, մոռացել է իմ գոյությունը: Կանգնել եմ սրահի կենտրոնում եւ չգիտեմ, թե ինչ անեմ: Իսկ տղան նվագում է կլանված, ոգեշնչված, երևում է, որ ջանում է գերազանցել ինքն իրեն և դուր գալ ինձ: Քսանհինգ տարեկան կլինի, սեւ ու երկար մազեր ունի` ետ սանրած, ուսերին թափված: Կարծես Giorgio Armani-ի մոդելներից լինի: Հագուստն էլ ճաշակով է, նույն ոճի մեջ: Արտիստիզմը թափվում է վրայից: Երաժշտությունն է ստեղծո՞ւմ այդ պատրանքը, թե՞ նա իսկապես այդպիսին է…

Ես հմայված մոտենում եմ դաշնամուրին: Նա, առանց դադարեցնելու նվագը, գլխով ողջունում է ինձ եւ հասկացնում, որ նստեմ քիչ հեռվում դրված աթոռին: Չգիտես որտեղից հայտնվում է եգիպտական քուրմի պես հագնված մի սպասավոր եւ շամպայն առաջարկում.

– Հաստատության կողմից ձեզ նվեր, որ պատվել եք մեզ ձեր այցելությամբ:

Երաժշտության արբեցումին ավելանում է խմիչքի արբեցումը: Ես ինձ քսան տարեկան եմ զգում, իսկական, մեծ, խելահեղ սիրո ծարավ… Բայց երաժշտությունը հասնում է իր ավարտին: Ես հմայված նայում եմ նրան:

– Ես այսօր պիտի գայի բեմում ձեզ տեսնելու… Ավա՜ղ, չկարողացա… Բայց դուք եկաք այստեղ…

– Ճիշտ արեցիք, որ չեկաք: Ես համոզված չեմ, թե ձեզ այսքան հաճույք կպատճառեի:

– Բայց դուք ինձ համար չեք եկել այստեղ, այլ…

– Կներեք, եթե իմանայի, որ այսպիսի հրաշք երաժշտություն կա, վաղուց կգայի:

– Շնորհակալ եմ, ես ձեզ համար դեռ շատ կնվագեմ, բայց հիմա եկեք մոտենանք…

Նա լռում է, զննում դահլիճը եւ դիմում ինձ.

– Դուք սովորաբար ի՞նչ եք խաղում, թո՞ւղթ, թե՞ ռուլետ:

– Ես սովորաբար չեմ խաղում… Ես այստեղ հայտնվեցի շատ պատահական:

Նա զարմացած նայում ինձ.

– Ուրեմն, առաջին անգամ եք ոտք դնում կազինո:

– Ոչ, առաջինը շատ վաղուց էր, Ֆրանսիայում… Առաջինը եւ վերջինը:

– Եվ ի՞նչ խաղացիք:

– Ռուլետ:

Նա դարձյալ վերից վար չափում է ինձ.

– Դուք պարզապես գանձ եք: Եկեք մոտենանք ռուլետի սեղանին:

Քայլելու հետ հարցնում է.

– Ինչպե՞ս ավարտվեց ձեր առաջին այցելությունը:

– Ես միանգամից մեծ գումար շահեցի, որը…

– Լավ, կարող եք չշարունակել, – ընդհատում է նա: – Դուք այդ գումարը կորցրիք եւ այնտեղից դուրս եկաք դատարկ գրպանով… Հուսամ, մենակ չէիք եւ ինչ-որ մեկն ուղեկցում էր ձեզ:

– Մենակ չէի…

– Իսկ հիշո՞ւմ եք, ինչի՞ վրա դրեցիք, երբ շահեցիք, ո՞ր թվի:

– Հիշում եմ, զրոն էր:

– Ուրեմն, հիմա էլ զրոյի վրա կդնեք:

Ես հանում եմ թղթադրամը եւ մեկնում նրան:

– Ոչ, պիտի ժետոն գնեք եւ դուք պիտի դնեք, – ասում է նա: – Խամ ձեռքը բախտավոր է:

Ես կատարում եմ նրա հրահանգը: Գնդիկը ցատկոտում է, ցատկոտում, ցատկոտում… եւ կանգ առնում զրոյի փոսիկում: Անհավատալի՜ է: Դրամանիշերի մի ամբողջ կույտ է հայտնվում իմ առջեւ, եւ ես միանգամից դառնում եմ ընդհանուր ուշադրության առարկա: Մարդիկ, որոնք մինչ այդ մի հայացք անգամ չշնորհեցին ինձ, այժմ նայում են հիացմունքով ու նախանձով: Ոգեւորված, մի բուռ դրամանիշ եմ վերցնում, որպեսզի նորից զրոյի վրա դնեմ, բայց նա ժամանակին ձեռքս բռնում է.

– Հանգիստ, մի շտապեք, – հորդորում է նա: – Այս խաղը բաց թողեք:

Հազիվ եմ զսպում ինձ, բայց ստիպված եմ ենթարկվել. նա ձեռքս ամուր բռնել է, եւ ինձ հաճելի է նրա երկար, տաղանդավոր մատների հպումը, որոնք այդպիսի արտիստիկ արտաքինի համար բավական ուժեղ են:

– Ամսի քանիսի՞ն եք ծնվել:

– Սեպտեմբերի յոթին, – զարմացած պատասխանում եմ ես:

– Ուրեմն, դրեք յոթի… ոչ, ոչ, տասնչորսի կամ քսանմեկի վրա… Մի խոսքով, դուք որոշեք, դրանցից մեկը:

Դնում եմ քսանմեկի վրա, բայց շահում է յոթը: Նա, սրտնեղած, ձեռքը թափ է տալիս.

– Ես եմ մեղավոր, սխալ խորհուրդ տվեցի… Միայն թե չասեք, թե ուզում էիք յոթի վրա դնել:

– Ինձ համար միեւնույն է, – ժպտում եմ ես:

– Լավ, եկեք այսպես անենք, – վճռական ասում է նա: – Այսօր ամսի քանի՞սն է:

– Չգիտեմ… քսանվեցն է, թե քսանյոթը…

Նա հմայված նայում է ինձ.

– Ես պաշտում եմ մարդկանց, ովքեր ժամանակի վրա թքած ունեն:

– Ոչ, ոչ, ես պարզապես մի պահ մոռացա… ձեր երաժշտությունը, հետո խմիչքը, հետո այս… եւ ձեռքի շարժումով դրամանիշերի կույտն եմ ցույց տալիս:

– Չէ, իսկապես, դուք հաղթել եք ժամանակին. երբ առաջին անգամ ոտք դրեցի թատրոն` ձեզ տեսա բեմում. դուք ճիշտ այսպիսին էիք, ինչպես հիմա:

– Դա ե՞րբ էր:

– Տասնհինգ տարի առաջ:

– Դուք քանի՞ տարեկան էիք:

– Տասը:


Առնչվող նյութեր
1. Մեր մշակույթի անկրկնելի երեւույթը. Անահիտ Թոփչյան
2. Անահիտ Թոփչյան.ՙՈչ միայն նորություն, այլեւ հայտնություն…՚
3. ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆ. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ
4. Անահիտ Թոփչյանի «Մարաթոն»ը փարիզյան բեմում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: