ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
10 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆ. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ

02 ապրիլի, 2013 | 01:39

ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏԱԳԻՐ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԽճՈՒՂՈՒՄ

 ՕՐԵՐ  1- 2    2011 թվական

Այս հրապարակման նպատակը՝ մեր ժողովրդի մտավորական սերուցքի երկու տաղանդաշատ անհատների, բայց ըստ էության մեկ միասնության՝ Անահիտ եւ Ալեքսանդր Թոփչյանների դիմանկարն է: Մեկը հայտնի դերասանուհի եւ արձակագիր, մյուսը հայտնի գրող ու թարգմանիչ, գրաքննադատ ու հրապարակախոս: Թվում էր հեշտ առաքելություն է, քանի որ տարիների շփումը կարծես թե մտերմացրել էր մեզ, դարձրել նույն հայացքների կրողը, լինելով միեւնույն՝ Սփյուռք-Հայաստան կամրջի մշտական անցորդներ: Սակայն փորձը ցույց է տալիս, թե որքան լավ ես ճանաչում մարդուն, նույնքան դժվար է նրա մասին անկեղծորեն արտահայտվելը, քանզի միշտ թվում է, թե գնահատականներդ թերի են: Մեր պարագայում գնահատականներ չենք տալիս: Մեջբերում ենք ընդամենը մասնագետների կարծիքները, իսկ Տեր եւ Տիկին Թոփչյանների հետ զրուցում ենք ընտանիքից, կյանքից, գրականությունից ու թատրոնից եւ, իհարկե, մեր ժամանակներից: Մեր հանդիպումը Երեւանում էր՝ Թոփչյանների ընտանեկան հարկի ներքո՝ ուր գերիշխողը գրքերն էին եւ պատերից աչք շոյող տիկին Անահիտի գեղեցիկ դիմանկարները: Թեյի սեղանի շուրջ սկսում ենք զրուցել, որը հետո շարունակվում է այլ հանդիպումներով եւ Պրահա-Փարիզ հեռախոսային զրույցներով:

 

Մեր ամսագրի էջերում սա առաջին հանդիպումը չէ: Բազմիցս ենք անդրադարձել նրանց վերջին տարիների ստեղծագործողություններին (Ալեքսանդր Թոփչյանի ,,Եվ անգամ մահից հետո,, , ,,Բանկ Օտոման,, վեպերին եւ Անահիտ Թոփչյանի ,,LADY S.D.F.,,ը, ,,Հայելի,, եւ ,,Անհետացում,, գրքերին): Սա ընդամենը անդրադարձ է, հասունացած երկխոսություն՝ առանց հոբելյանական տարեթվերի:

Ընտանիքը

,,…Եվ ո՞վ կարող է ճշգրիտ որոշել, թե որտեղ է ավարտվում անցյալը եւ սկսվում ներկան, եւ մանավանդ, երբ կսկսվի ապագան …Ո՞րն է սահմանը: Կյանքն այնքան կարճատեւ է… ամեն ինչ այնքան արագ է կատարվում, որ չես հասցնում մոռանալ… Մոռանալու համար առնվազն եւս մի կյանք է հարկավոր… Մանավանդ, երբ մոռանալու բան կա: Եվ հիշելու՜…,, Անահիտ Թոփչյանի ,,Հայելի,, գրքից

– Նախ ծանոթանանք Տիկին Անահիտի ընտանիքին: Որտե՞ղ եք ծնվել-մեծացել, ինչպիսի՞ ընտանիքում եք հասակ առել:

– Ես ապրել ու մեծացել եմ Երեւանում: Հայրս՝ Կարոն, գյումրեցի էր: Իսկ մայրս՝ Գալինան, լեհուհի, որ Հայաստան էր եկել Ուկրաինայից: Երբ պատերազմի ժամանակ սկսեցին ռմբակոծել Կիեւը, մայրս տատիկիս հետ էվակուացվել էին Հայաստան, իբրեւ ապահով եւ խաղաղ գոտի, իսկ հորն ու եղբորն ուղարկել ռազմաճակատ: Հայրս Երեւանում տեսնում է նրան, սիրահարվում եւ ամուսնանում: Նա գյումրեցի էր, Կարաբեքիրի բանակը երբ մտել է Գյումրի, ահավոր բաներ են կատարվել: Ծնողներն իրենց երեխաներին էին կորցնում… Այդպես հայրս հայտնվեց Ամերիկյան որբանոցում, որտեղից նրան վերցրել է սուխումցի մի զույգ, որդեգրել եւ տարել Ռուսաստան: Նա Գյումրի է վերադարձել արդեն 20 տարեկանում, որպես զինվորական, եւ պատահաբար փողոցում տեսել իր մորը: Մայրը ճանաչելով որդուն, ասել է՝ ,,Կարո՛, դու ե՞ս,, , եւ ուշաթափվել: Շատ նման էին իրար: Տասնվեց տարեկանում Սուխումի դպրոցի տնօրենն է եղել եւ հայ գրականություն էր դասավանդում: Դրան զուգահեռ խաղում էր Արմենյանի թատերախմբում: Լավ ձայն ուներ, դերասանական հակումներ: Մայրս նույնպես երգում էր եւ կիթառ նվագում: Սակայն պատերազմը խանգարեց նրանց պրոֆեսիոնալ դառնալ: Մայրս զբաղվեց երեխաներով, իսկ հայրս զինվորական դարձավ, զինկոմիսար էր: Մորս գ»րդաստանում շատերն էին օժտված արտիստական տաղանդներով, իսկ նրանցից ամենանշանավորը մեծ դերասան Իգոր Իլյինսկին էր: Այնպես որ, կարող եմ ասել՝ թատրոնն իմ արյան մեջ էր: Երբ առաջին անգամ բեմ բարձրացա, ասացին պատրաստի դերասան է, իսկ երբ իմ առաջին պատվածքները տպվեցին, ասացին, կարծես տասը գրքի հեղինակ լինի…

-Դերասան դառնալու պահը ե՞րբ հասունացավ:

-Դեռեւս փոքր հասակում ի հայտ էին եկել իմ դերասանական հակումները: Մեր շենքի երեխաների հետ ներկայացումներ էի ,,բեմադրում,,, ինքս էլ խաղում: Երբեմն գնում էինք հարեւան բակերը ,,հյուրախաղերի,, եւ… քարկոծվում: Դեռ այն ժամանակ հասկացրին, որ արվեստը միայն խաղ ու պար չէ եւ զոհեր է պահանջում: Թատրոնն արդեն իմ մեջ էր: Չնայած երազում էի բոլոր մասնագիտությունները՝ տիեզերագնացից մինչեւ ուսուցիչ եւ բժիշկ… Սակայն մի օր հասկացա, որ կարող եմ այդ ամենը միաժամանակ լինել դերասան դառնալով: Դա երեւի ութերորդ դասարանում էր: Դպրոցի թատերական խմբում էի խաղում եւ իմ տարերքի մեջ էի: Դրանք էին իմ առաջին քայլերն արվեստում…

-Պարոն Թոփչյան, որքան գիտեմ Ձեր ընտանիքի պատմությունը նույնպես հետաքրքիր է: Թոփչյանները հայտնի են տարբեր բնագավառներում:

– Սկսեմ պապիս պապից, որը հրետանու կապիտան էր Պասկեւիչի բանակում եւ 1827թ. մասնակցել է Երեւանի ազատագրմանը: Իսկ պապս՝ Ստեփան Թոփչյանը, նույնպես ցարական բանակի սպա էր, Սարդարապատի հերոսներից մեկը՝ ,,Մահապարտների,, վաշտի հրամանատարը: Որքան խիզախ, նույնքան էլ համեստ, զուսպ եւ անարծաթասեր մարդ է եղել: Հայրս՝ Էդուարդ Թոփչյանը մոտ քառորդ դար ղեկավարեց Գրողների միությունը, իսկ տասը տարի եղավ Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահը: Նրա նման ընթերցասեր մարդ հազվադեպ եմ հանդիպել: Հրաշալի գիտեր ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային գրականությունը: Փառասիրության զգացումը կատարելապես խորթ էր նրան, եւ իր շահերը, իր անձը մի կողմ դրած անմնացորդ ծառայում էր գրականությանը, երկրին, ժողովրդին: Մայրս՝ Գոհար Ազիզյանը, բնիկ երեւանցի էր, նշանավոր դերձակ Խաչատուր Ազիզյանի դուստրը: Այն տարիներին, երբ պատրաստի հագուստ գրեթե անհնարին էր խանութներում գտնել, լավ դերձակը հասարակության հարգված ու փնտրված մասնագ»տների շարքում էր: Անգամ Թիֆլիսից գալիս էին Վարպետ Խաչատուրի մոտ զգ»ստ պատվիրելու: Քեֆի եւ կերուխումի սիրահար էր, հյուրերն անպակաս էին նրա սեղանից: Անցյալ դարասկզբին, իր արդար վաստակով, երեք հարկանի տուն էր կառուցել Ամիրյանի վրա, որը վերջերս քանդեցին, որպեսզի տեղը ,,էլիտար,,շենք կանգնեցնեն…

– Ինչպե՞ս հանդիպեցիք իրար:

-Ալեքսանդրին առաջին անգամ հանդիպեցի փողոցում: Նա ինձ ֆրանսերենով հաճոյախոսություն արեց, ես էլ արհամարհելով անցա:

Մեր զրույցին միջամտում է Ալեքսանդր Թոփչյանը:

– Դա 1964 թվականին էր, երբ եսՙ ընկերոջս, բանաստեղծ Միշել Փոլադյանի հետ ֆրանսերեն էի պարապում: Անահիտին տեսանք եւ սկսեցինք ,,խոսեցնել,, :

Անահիտ Թոփչյան.– Հետո երբ կինոստուդիայում ծանոթացանք, նա հիշեցրեց, որ ֆրանսերենով ինձ ,,բարեւել է,,: Ես ճանաչեցի նրան, քանի որ ամեն օր Երեւանում ֆրանսերենով չէին ,,բարեւում,,: Ի դեպ, մեզ ծանոթացրեց կինոռեժիսոր Առնոլդ Աղաբաբովը՝ Ալեքսանդրին ասելով՝ ,,Ահա քո ապագա կինը,,: Մեր միջեւ ծանոթություն սկսվեց: Բայց սկզբում մերժեցի ամուսնանալ՝ ասելով, որ ստեղծագործական կյանքով պետք է ապրեմ: Ալեքսանդրը համոզեց, եւ ասաց, որ չի խանգարի: Ամուսնացանք 1969 թ. մարտի 13-ին, այդ օրը նաեւ իմ առաջին պրեմիերան էր թատրոնի բեմում՝ ,,Աստվածային կատակերգություն,, ներկայացման մեջ Եվայի դերն էի խաղում: Նույն օրը զագսում գրանցվեցինք, ներկայացումից հետո մեր տանը ընկերներով հավաքվեցինք եւ նշեցինք մեր ամուսնությունը: Հարսի զգեստ չեմ հագել, ճոխ հարսանիք չենք արել: Նույնիսկ մինչեւ հիմա մատանի չունենք: Ուզում էի գոնե մեր ամուսնության քառասնամյակին հարսանիք անել, բայց օրը եկավ, միտքս փոխեցի:


Առնչվող նյութեր
1. Մեր մշակույթի անկրկնելի երեւույթը. Անահիտ Թոփչյան
2. Անահիտ Թոփչյան.ՙՈչ միայն նորություն, այլեւ հայտնություն…՚
3. Բացառիկ գիրք կոռուպցիայի մասին.Ալեքսանդր Թոփչյանի խորը վերլուծումը Գուբելյանի ,,Փտախտ,, վեպի մասին
4. ԿՂԿՂԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՎՍԵՄ ԱՐՎԵՍՏ
5. Անահիտ Թոփչյան.,,Տագնապ,,
6. Անահիտ Թոփչյանի «Մարաթոն»ը փարիզյան բեմում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: