ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Անահիտ Թոփչյան.ՙՈչ միայն նորություն, այլեւ հայտնություն…՚

25 նոյեմբերի, 2016 | 10:49

Վերջերս ՙԼուսաբաց՚ հրատարակչությունը տպագրեց շվեյցարացի դրամատուրգ Ագոտա ԿՐԻՍՏՈՖԻ(1936-2011) պիեսների ժողովածուն` ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԻ թարգմանությամբ ֆրանսերենից: Աշխարհով մեկ հայտնի հեղինակ, որի գործերն առաջին անգամ են թարգմանվում հայերեն: Այդ առթիվ խմբագրությունը մի քանի հարցեր ուղղեց սիրված դերասանուհուն, արձակագրին և, տվյալ դեպքում, նաև թարգմանչին: Ստորև ներկայացնում ենք այդ հարցազրույցը:

 anahit-topchyan-orer

 

 – Անցած ամիսների ընթացքում, ձեր թարգմանությամբ, մի նոր անուն հայտնվեց ՙԴրամատուրգիա՚ և ՙԱրտԳրականություն՚ հանդեսներում` շվեյցարացի դրամատուրգ Ագոտա Կրիստոֆը : Իսկ վերջերս, ՙԼուսաբաց՚ հրատարակչությունը լույս ընծայեց չորս պիեսներից կազմված նրա ժողովածուն` ՙՀրեշը՚ վերնագրով, դարձյալ ձեր թարգմանությամբ : Այդ հրապարակումներն, իսկապես, նորություն էին հայ ընթերցողի համար. ոչ միայն գործերը, այլև անունն էր մեզ իսպառ անհայտ:

Անահիտ ԹՈՓՉՅԱՆ. Այո, բայց ամեն նոր անուն դեռ նորություն չէ: Անծանոթ հեղինակներ են լույս տեսնում, որոնց տողերից հնության բույր է գալիս: Ագոտա Կրիստոֆի պարագայում վստահորեն կարող ենք ասել, որ նրա գործերը ոչ միայն նորություն են, այլ ավելին` կատարյալ հայտնություն:

 – Արդյոք չափից ավելի շռայլ չէ՞ ձեր գնահատությունը:

 – Ա. Թ. Բնավ ոչ: Գիտեք ինչ, ավելի քան հիսուն տարի ես արվեստում եմ: Այդ ընթացքում հարյուրավոր ներկայացումներ եմ խաղացել ու դիտել, նույնքան էլ` ֆիլմեր, կարդացել եմ անթիվ ու անհամար գրքեր, և թող անհամեստ չհնչի, հիմա ինձ դժվար է զարմացնել: Գուցե ինձ հոռետես համարեք, բայց կարծես գնալով ավելի ու ավելի հազվադեպ են հանդիպում իսկապես տաղանդավոր, արտակարգ, աստվածային խենթությամբ ստեղծված գործերը: Ագոտա Կրիստոֆի պիեսները պատահաբար ձեռքս ընկան, անցյալ տարի, Շվեյցարիայում: Մի շնչով կարդացի, և մի քանի օր տպավորության տակ էի… Որոշեցի անպայման թարգմանել այդ գիրքն` ամբողջությամբ:

 – Իսկ կարո՞ղ եք ասել, ի՞նչն էր, որ ձեզ այդպես ոգևորեց:

-Ա. Թ. Նախ, ասեմ որ նա ոչ միայն փայլուն դրամատուրգ է, այլև հրաշալի վեպերի հեղինակ, և ինչպես ամեն մի տաղանդավոր անհատականություն, մի շարք արժանիքներ ունի, բայց ես կխոսեմ այն հիմնականի մասին, որն ինձ ստիպեց լրջորեն զբաղվել նրա գրականությամբ:

Եվ հետո, ով-ով, դուք` լրագրողներդ հրաշալի գիտեք, որ խառը ժամանակներում, մարգարեները չափից ավելի պահանջարկված են դառնում. Ապոկալիպսիս, Նոստրադամուս, Վանգա,  Տեր և Տիկին Գլոբա… ո՞ր մեկն ասեմ: Եվ որոշակի մի օրինաչափություն է նկատվում. լավ բաներ գրեթե չկան նրանց ՙկանխատեսումների՚ մեջ, շարունակ ահասարսուռ աղետներ են խոստանում` պատերազմներ, համաճարակներ, երկրաշարժ ու ջրհեղեղ և, վերջապես, մոլորակի կործանում… Տարտամ, ժամանակի անորոշության մեջ սպասվող պատուհասներ…

– Բայց, մի՞թե ձեր թարգմանած հեղինակի գրականությունն այդպիսին չէ, մի՞թե հետևյալ տողերը չեն գրված գրքի անոտացիայում. ՙԳործող անձանց մշտապես տեսնում ենք այլաբանական, դեգումանիզացված միջավայրում, որտեղ շրջվել են բարոյական, մարդկային բոլոր արժեքները, իսկ դաժանությունը հանդես է գալիս մարդասիրության քողի տակ, հետևաբար մարդն էլ դառնում է բացարձակապես անարժեք միավոր, ասես ականատեսն ենք քաղաքակրթության ավարտի, ասես մարդկությունը վերադառնում է քարանձավ և սկսվում է խոստացված ապոկալիպսիսը… Թվում է, թե հեղինակը լցված է հոռետեսությամբ, թե չափից ավելի խտացնում է գույները, սակայն երբ տեսնում ենք, թե այսօր ինչեր են կատարվում աշխարհի տարբեր անկյուններում, ստիպված ենք ընդունել, որ շուրջ երկու տասնամյակ առաջ գրված այս պիեսներն իրոք մարգարեական են՚: Մի՞թե նրա կանխատեսումները նույնպես ահասարսուռ չեն:

-Ա. Թ. Անշուշտ, ահասարսուռ են, ավելին` մարգարեական և, ի տարբերություն վերը թվարկված անունների, չափազանց որոշակի: Սակայն դա չէ հիմնական, ես կասեի` գաղափարախոսական տարբերությունը: Ա. Կրիստոֆն առաջ անցնելով ժամանակից, խորանում է երևույթների տրամաբանության մեջ, կանխորոշում իդեալազուրկ հասարակության տխուր մայրամուտը, գտնում կործանումի հիմնական պատճառը` մարդու ոչնչացումը որպես հասարակության հիմնական միավորի : Նրա բոլոր պիեսներում մենք տեսնում ենք դաժանության առօրեականացումը, իրականությունից կտրված հումանիստական ավանդների անզորությունը և, վերջապես, մարդու վերադարձը քարանձավ… Այն, ինչ արդեն տեղի է ունենում այսօր աշխարհի թեժ կետերում, և ո՜չ միայն: Կարող ենք ասել, որ Հայաստանում էլ արդեն նկատվում են մարդու և հասարակության դեգրադացիայի տագնապահարույց դրսևորումներ: ՙՀամաճարակ՚ պիեսում գործող անձինք փաստորեն այլևս մարդիկ չեն, այլ երկու մասի բաժանված ռոբոտներ` ոչնչացվող և ոչնչացնող: ՙՈչնչացնողները՚ տարածում են ինքնասպանության համաճարակ, և գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, երկիր առ երկիր վերացնում Բանական արարածին: Եվ այսպես, Ա. Կրիստոֆը փորձում է համոզել մեզ, որ ինքնասպանության համաճարակով վարակված մարդկությունը և քաղաքակրթությունը անդառնալիորեն հասնում են իրենց վախճանին:

 – Չափազանցված չէ՞ արդյոք:

 –Ա. Թ. Գուցե չափազանված է, բայց դա գրականություն է, ահազանգ է, և հեռու չէ իրականությունից : Հեղինակն` իր առաքելությունը գիտակցող բժշկի պես ասում է. ՙԵթե չբուժվես, կմահանաս՚:

– Այդ ամենը կարծես պատկերվել է քսաներորդ դարի մի շարք հեղինակների գործերում, ինչպեսև կինոյում:

-Ա. Թ. Անշուշտ, պատկերվել է, քսաներորդ դարի գրականության մեջ, ինչ-ինչ, սարսափներն անպակաս են : Բայց դարձյալ պիտի խոսենք կարևոր մի տարբերության մասին. այդ հեղինակներից մի քանիսի, ինչպես, օրինակ` Օրուելի կամ Պլատոնովի վեպերը, քաղաքական-գաղափարական որոշակի ուղղվածություն ունեն  ընդդեմ տոտալիտար վարչակարգը : Ասել է թե, չնայած նկարագրվող սարսափներին, աշխարհում, այնուամենայնիվ, կան վայրեր, որտեղ մարդը կարող է փրկություն գտնել , քանզի արատավոր վարչակարգն, ի վերջո, ենթակա է փոփոխման: Այսինքն` թունելի վերջում լույս կա : Օրուելի ՙ1984՚-ը կարդալիս անմիջապես հասկանում ես, որ հեղինակը նկատի է ունեցել Խորհրդային Միությունը , որն այլևս գոյություն չունի: Բայց սարսափները շարունակվում են ու տարածվում աշխարհով մեկ : Նշանակում է պատճառը միայն վարչակարգը չէր, այլ… Տարածքների և Նյութի պատերազմ է գնում ամենուր , հիբրիդային պատերազմ` նոր ժամանակների դիվական գյուտը : Եվ հետո, վերը նշված ստեղծագործություններում նկարագրված գործողություններն, ասես, ծավալվում են զուգահեռ մի իրականության մեջ, մեզնից հեռու, նույնիսկ անմատչելի մի համաստեղությունում, ինչպես Ռոբեր Մեռլի` ՙԿապիկների մոլորակը՚ վեպում է: Մինչդեռ Ա. Կրիստոֆի գործերը կարդալիս, առաջին իսկ էջից, խուճապը համակում է քեզ: Ժամանակն այդ պիեսներում խտացված է: Մարդկությունն արդեն ապրում է այդ իրականության մեջ: Այդ գործերն արդեն, ցավոք սրտի, լոկ գեղարվեստական հնարանք չեն:

agota-kristof-oblojka

– Ինչպե՞ս կբացատրեք հեղինակի այդ մռայլ հայացքը:

 –Ա. Թ. Դա ավելի շուտ սթափ հայացք է` առանց որևէ պատրանքի: Նա գրում է մի իրականության մասին, որն ապրել է: Ագոտա Կրիստոֆն ազգությամբ հունգարացի է: Ի դեպ, դա նրա իսկական անուն-ազգանունն է, և ոչ թե ծածկանունը, ինչպես շատերն են կարծում` նմանեցնելով Ագաթա Քրիստիին: 1956թ., քսան տարեկանում, Բուդապեշտի ապստամբության ժամանակ հրաշքով կարողացել է անցնել սահմանը, Ավստրիայով հասել Շվեյցարիա և հաստատվել այնտեղ, և այնպես է յուրացրել ֆրանսերենը, որ 80-ականներից սկսել է գրել այդ լեզվով: Սկզբում պատմվածքներ, հետո պիեսներ և, վերջապես իր նշանավոր վիպական եռագրությունը, որն, իրոք, պիեսների նման, բացառիկ երևույթ է եվրոպական արդի արձակում :

– Մտադիր չե՞ք, արդյոք, այդ եռագրությունը նույնպես թարգմանել:

-Ա. Թ. Շատ կուզեի, բայց այնքա՛ն գործ կա անելու… Հաճելի է, իհարկե, նման հեղինակների թարգմանել, բայց նաև իմ սեփական ծրագրերը կան, որ հերթի են դրված:

– Եթե գաղտնիք չէ, կուզեի՞ք խոսել այդ ծրագրերի մասին: Օրինակ` հնարավո՞ր է, որ Ագոտա Կրիստոֆի պիեսներից մեկում խաղաք:

 Ա. Թ. Խաղալը` հազիվ թե, բայց չի բացառվում, որ բեմադրեմ: Իսկ թե որտեղ, առայժմ շուտ է այդ մասին խոսել:  

 ՕՐԵՐ

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին
2. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
3. Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը
4. Հանդիպում գրող Կիմա Կիրակոսյանի հետ
5. «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանը պատրաստ կլինի 2020 թվականին՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանին
6. Գրախոսական. Արամ Քերովբեան. Ձայն յանապատի. եկեղեցական երաժշտութեան բարեկարգումը ԺԹ. դարու վերջաւորութեան
7. Մեծ ասելիք՝ փոքր ծավալում. Վարդգես Դավթյանի ժողովածուները
8. Վանաձորցի երիտասարդ դրամատուրգը Հայաստանը ներկայացրեց Գերմանիայում
9. Լիպարիտ Սարգսյանի ծննդյան 80-ամյակը
10. Յարոմիր Շտետինան դարձավ 75 տարեկան. Նոր գրքի շնորհանդեսը Պրահայում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: