ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Այսօր բացվում է Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

01 հուլիսի, 2016 | 10:38

2_Moonlight (1)Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցադրության հանդիսավոր բացումը 2016 թվականի հուլիսի 1-ին ժամը 18:00-ին Կենտրոնի «Արծիվ» և «Սասունցի Դավիթ» սրահներում:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է միջթանգարանային համագործակցության շրջանակներում կազմակերպվող 5-րդ ցուցադրության բացումը՝ «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ»: Այն ներկայացնում է հայ կերպարվեստի ամենավառ անհատականություններից մեկի՝ Մարկոս Գրիգորյանի աշխատանքները:

Մարկոս Գրիգորյանը (1925-2007) այն եզակի հայազգի արվեստագետներից է, ով իր ուրույն տեղը գտավ 20-րդ դարի երկրորդ կեսի համաշխարհային արվեստային զարգացումների համայնապատկերում: Ծնվելով Ռուսաստանում, մեծանալով Իրանում, կրթություն ստանալով Իտալիայում, ապրելով Ամերիկայում, հաստատվելով Հայաստանում, ստեղծագործելով աշխարհի տարբեր անկյուններում ՝ Մարկոս Գրիգորյանը խտացումն էր արևելքի և արևմուտքի տարբեր մշակութային հոսանքների, որի արդյունքում ծնվեց նրա՝ այդքան տարբեր արվեստն իր բոլոր դրսևորումներով հանդերձ: Նա արվեստագետ էր և արվեստի տեսաբան, կոլեկցիոներ էր և համադրող, նաև՝ կինոդերասան: 1990-ականների սկզբին Մարկոս Գրիգորյանն իր հսկայական հավաքածուն և աշխատանքները տեղափոխեց Հայաստան, որի հիման վրա ստեղծվեց Միջին Արևելքի արվեստի թանգարանը, որը գործում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ներքո:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ բացված «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցադրությունը մեծանուն այս արվեստագետի բազմազբաղ ու անսպառ անհատականությունը բացահայտելու ճանապարհին կարևոր հանգրվան է: Մարկոս Գրիգորյանի ողբերգական մահվանից ի վեր սա առաջին ծավալուն ցուցադրությունն է, որտեղ հիմնականում ներկայացված են ստեղծագործություններ Միջին Արևելքի արվեստի թանգարանից, ինչպես նաև այլ հաստատություններից ու  անհատական հավաքածուներից: Կենտրոնի «Արծիվ» և «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում ցուցադրվելու են արվեստագետի հողարվեստին և գորգարվեստին վերաբերող 24 եզակի աշխատանքներ: Ցուցադրության շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հրատարակել է նաև պատկերագիրք:

«Առաջնորդվելով իր առաքելությամբ` նման համատեղ ցուցադրություններով Գաֆէսճեան արվեստի կենտրոնը նպատակ է հետապնդում ստեղծելու միջթանգարանային համագործակցության հարթակ՝ դրանով իսկ մեր հանրությանն ավելի մերձեցնելով ներկայացված արվեստին և Հայաստանի թանգարաններն ավելի ճանաչելի դարձնելով միջազգային հանրությանը: Համոզված ենք, որ «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցահանդեսը նոր լույս կսփռի արվեստագետի կյանքի և ստեղծագործական ուղու բացահայտմանը»,- նշում է ԳԱԿ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Ցուցադրությունը գործելու է հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 28-ը: Հանրային բացումը կլինի հուլիսի 2-ին: Մուտքն անվճար է:

Marcos Grigorian (1)

Մարկոս Գրիգորյանը ծնվել է 1925 թվականին Կրոպոտիկնում (Ռուաստան) Հայոց ցեղասպանությունից փրկվածների ընտանիքում: Ընտանիքը 1930-ին տեղափոխվել է Իրան, որտեղ 1940-ականների վերջում Գրիգորյանն ստացել է իր նախնական նկարչական կրթությունը: 1954 թվականին ավարտել է Հռոմի Գեղարվեստի ակադեմիան: 1950-ականներին վերադառնալով Իրան՝ դարձել է պարսկական ժամանակակից արվեստի հիմնադիրներից մեկը, եղել է Վենետիկի բիենալեի ժյուրիի անդամ, Վենետիկ-Թեհրան բիենալեի նախաձեռնողներից: 1960-ականներին սկսել է զբաղվել հողարվեստով, ճանապարհորդել է դեպի ԱՄՆ, ունեցել է հաջող ստեղծագործական շրջան և մի շարք ցուցադրություններ, վերջնական տեղափոխվել է ԱՄՆ 1970-ականների վերջում: 1980-ին հիմնել է «Գորկի» պատկերասրահը Նյու Յորքում: 1991-ին իր ողջ հավաքածուն և աշխատանքները նվիրաբերել է Հայաստանին, որի հիման վրա բացվել է Միջին Արևելքի արվեստի թանգարանը: Նրան շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: Տասնամյակներ շարունակ հողարվեստին զուգահեռ ստեղծել է նաև գորգերի էսքիզներ և զբաղվել է գորգագործությամբ: Հայաստանում հիմնել է գորգագործական արհեստանոց, զբաղվել է Գառնի գյուղի մշակութային զարգացմամբ: 2007 թվականին ենթարկվել է հարձաման դիմակավոր մարդկանց կողմից՝ կողոպուտի նպատակով. մահացել է սրտի կաթվածից հիվանդանոցից դուրս գրվելու հաջորդ օրը:

Մարկոս Գրիգորյանը մասնակցել է բազմաթիվ անհատական և խմբային ցուցադրությունների Իրանում, Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Հորդանանում, Կիպրոսում և Հայաստանում: Բացի Հայաստանի մի շարք թանգարանների հավաքածուներից, նրա ստեղծագործություններն ընդգրկված են նաև Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի, Մետրոպոլիտեն թանգարանի, Ջոնսոն թանգարանի, Լոնդոնի Թեյթ Մոդեռնի, Թեհրանի Ժամանակակից արվեստի թանգարանի, Կայսրուհի Ֆարահ Փահլավիի, Նելսոն Ռոքֆելերի և այլ հավաքածուներում:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի միտումները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

3_Ara and Shamiram

 

 


Առնչվող նյութեր
1. «Շադի Ղադիրյան. հետահայաց» ցուցադրության հանդիսավոր բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
2. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում է Թանգարանների միջազգային օրը
3. Արման Նուռի «Ճանճ» ցուցադրության հանդիսավոր բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
4. «Վերաիմաստավորելով բնությունը». 9 նկարիչ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
5. «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» ցուցադրությունը կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
6. «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցադրությունը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
7. 75ամյա Ռոբերտ Էլիբեկյանի նոր ցուցադրությունն այսօր կբացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
8. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է տոնական միջոցառումների մասին:
9. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Շունչ» ցուցադրության հանդիսավոր բացումը
10. «Արտո Չաքմաքչյան. վերածնունդ» ցուցադրության հանդիսավոր բացումը Գաֆէսճյան կենտրոնում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: