ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱՄՆ-ում վախճանվել է Յուրի Վարդանյանը. ցավակցել են նախագահն ու վեհափառը

02 նոյեմբերի, 2018 | 21:35

ԱՄՆ-ում 62 տարեկան հասակում մահացել է Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանը։

Քննարկվում է Յուրի Վարդանյանի մարմինը Հայաստան տեղափոխելու հարցը:

Յուրի Վարդանյանը 7 անգամ դարձել է աշխարհի, 5 անգամ եվրոպայի, 4 անգամ Խորհրդային Միության ու նաև 1980 թվականին՝ օլիմպիական չեմպիոն։ Այդ առաջնություններում նա սահմանել է 43 համաշխարհային ռեկորդ, նվաճել 111 ոսկե մեդալ։

2009թ. ապրիլի 2-ին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական: 2013թ. մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
2014 թ. հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
 Դեսպանի պաշտոնը թողնելուց հետո տեղափոխվել էր ԱՄՆ։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին.

«Մեծ ցավ ապրեցի՝ տեղեկանալով հայկական սպորտի լեգենդներից մեկի՝ հայտնի ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի անժամանակ մահվան մասին:

Յուրի Վարդանյանը հայկական մարզաշխարհում չափանիշ ու օրինակ էր շատերի համար: Իր օլիմպիական ու համաշխարհային ռեկորդներով նա ապացուցեց, որ անհնարինն ընդամենը մարտահրավեր է, որը հնարավոր է հաղթահարել, որ անհնարինը կարելի է հնարավոր դարձնել:

Նրա հաջողությունները բարձրացնում էին մեր ազգային ոգին և բնավորություն ու կամք կոփում: Մենք կորցրեցինք մարզական լեգենդին, որի հետ իմ անձնական հանդիպումները հիշում եմ առանձնակի ջերմությամբ: Նա նաև հասարակական ու պետական կյանքի ակտիվ մասնակիցն էր և մշտապես Հայրենիքի հետ էր իր մտքերով ու ծրագրերով:

Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին, կիսում նրանց վիշտն ու տխրությունը:

Յուրի Վարդանյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում ու հոգիներում»:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը
ցավակցագիր է հղել Յուրի Վարդանյանի ընտանիքին

Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի ընտանիքին:

«Բարեհիշատակ Յուրի ՎարդաCնյանը իր բազմաթիվ հաջողություններով նոր նվաճումներ արձանագրեց մարզական ասպարեզում՝ դառնալով ծանրամարտի բազմակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն։ Հաղթանակներ արձանագրելով աշխարհի առաջնություններում՝ նա նշանակալի ձեռքբերումներով հավելեց փառքն ու հեղինակությունը մեր ժողովրդի։ Լուսահոգի Յուրի Վարդանյանը նաև քաղաքական ասպարեզում իր գործունեությամբ ջանաց օգտակարություն բերել Հայաստանի առաջընթացին և հայրենի մեր երկրում սպորտի զարգացմանը։ Իբրև ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան իր ավանդն ունեցավ հայ-վրացական կապերի ամրապնդման գործում:
Ցավ է ամենքիս համար արժանավոր հայորդու կորուստը։ Հոգելույս Յուրի Վարդանյանը, լուսավոր հիշատակ թողնելով մեր ժողովրդի զավակների և բոլոր մարզասերների սրտերում, երկրային իր կյանքի ընթացքը ավարտելով, փոխադրվում է հավիտենություն՝ ժառանգելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Իր հետևորդներին խոստացված Երկնքի արքայությունը», – ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում:

Նորին Սրբությունը հայցել է Երկնավոր Տիրոջը Սուրբ Հոգու մխիթարություն ու սփոփանք շնորհել ննջեցյալի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին։


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: