ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ամերիկյան, ֆրանսիական, գերմանական, լեհական եւ թուրքական ֆիլմերը ,,ՈՍԿԵ ԾԻՐԱՆ,, միջազգային կինոփառատոնում

21 հունիսի, 2013 | 15:16

ԵՐԵՎԱՆ-Այսօր` հունիսի 21-ին, «Ոսկե ծիրան,, Երևանի միջազգային կինոփառատոնը ՀՀ-ում իր գործընկեր դեսպանությունների հետ համատեղ մամլո ասուլիսով ներկայացրեց այս տարվա փառատոնի շրջանակներում կայանալիք համագործակցությունը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան պրն. Ջոն Ա. Հեֆերնը, ՀՀ-ում Ֆրանսիայի հանրապետության դեսպանության մշակույթի կցորդ պրն. Ֆաբիեն Ներան, ՀՀ-ում Լեհաստանի հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Մաչեյ Ֆալկովսկին, ՀՀ Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպանության քարտուղար Կոնստանտին Ցելենտինը և «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ գեղարվեստական ղեկավար տկն. Սուսաննա Հարությունյանը:

«Ոսկե ծիրան,, Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնին ավանդաբար աջակից են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունները: Մասնավորաբար, ծրագրի որոշ մասը հնարավոր եղավ իրականացնել ՀՀ-ում ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի դեսպանությունների աջակցությամբ:

Ֆրանսիական համագործակցության էպիկենտրոնը, անխոս, լեգենդար շանսոնիեի` Շառլ Ազնավուրի ներկայությունն է փառատոնին և նրա դերակատարմամբ ֆիլմերի` Ֆրանսուա Տրյուֆոյի Կրակել դաշնակահարի վրա, Դընիս դը լա Պատելյիեի Թոբրուկ գնացող տաքսին և Ատոմ Էգոյանի Արարատ ֆիլմերի ներկայացումը հետահայաց ցուցադրություններ ծրագրում:

Կարևոր է նշել, որ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցության արդյունքում է, որ հնարավոր դարձավ ապահովել ֆրանսիացի մի շարք անվանի կինոգործիչների մասնակցությունը փառատոնին: Մասնավորաբար, որպես ժյուրիի կազմի անդամ ներկա կլինեն ֆրանսահայ ճանաչված կինոգործիչ Սերժ Ավետիքյանը (միջազգային խաղարկային մրցույթ), ֆրանսիացի անվանի կինոքննադատ Ժան Ռադվանին (Հայկական համայնապատկեր մրցույթ) և պրոդյուսեր Էդիտա Յանչակ-Հիրիարտը (կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ): Ֆրանսիական արտադրության Երկու հոգու միջև վավերագրականը կներկայացնի ֆիլմի հեղինակը` Լորանս Պերիգոն: Մրցութային ծրագրում ընդգրկված են նաև ֆրանսիական համատեղ արտադրությամբ ստեղծված Տարվա հինգերորդ եղանակը խաղարկայինը, Լևիաթան վավերագրականը, Փետուրի խրոնիկա կարճամետրաժը, որը կներկայացնի ռեժիսորը` Աքսել Լաթնադան, իսկ ֆրանսահայ ռեժիսորներ Առնո Խայաջանյանի Կորած հորիզոնները և Արտո Փեհլիվանյանի Վ…, այսինքն` Վեռնյոյ ֆիլմերը կներկայացվեն Հայկական համայնապատկերում: Արտամրցութային ծրագրի Հետահայաց ցուցադրություններ բաժնում կներկայացվի Ուլրիխ Զայդլի ֆրանսիական համատեղ արտադրությամբ ստեղծված եռապատումը:

Լեհաստանի դեսպանության և Լեհաստանի կինոինստիտուտի հետ համատեղ համագործակցությամբ հուլիսի 8-ին կիրականացվի լեհական կինոյի օրը: Կցուցադրվի Անտոնի Կրաուզեի Սևհինգշաբթի խաղարկայինը: Մաչեյ Ադամեկը կմասնակցի փառատոնին և կներկայացնի իր Լուսանկարըֆիլմը, որ ընդգրկված է միջազգային խաղարկային ծրագրում: Կորդիան Կոնջելյայի Թո՚ւհ (Boo!), Կրիստոֆեր Ռուֆի The Big Leap և Լուկաշ Օստալսկու Մայրը կարճամետրաժները կմրցեն «Կորիզ» անվանակարգում: Լեհական համագործակցության շրջանակներում փառատոնին կհյուրընկալվի հռչակավոր կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին:

Գերմանիայի դեսպանության և Թբիլիսիի Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությամբ փառատոնի ծրագրում` հուլիսի 9-ին, տեղի կունենա գերմանական կինոյի օր, որ կնշանավորվի Մարգարետ ֆոն Տրոտտայի Հաննա Արենդտ (Hannah Arendt) ֆիլմի ցուցադրությամբ և ֆոն Տրոտտային` համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումով: «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում կներկայացվեն Միկի Նեդիմովիչի Dva, Էրիկ Շմիդթի Rhino Full Throttle, Էլմար Իմանովի The Swing of the Coffin Maker գերմանական արտադրության և Էնգին Կունդակի Արարատ թուրք-գերմանական ու Էլկա Պապիաշվիլու Աղջիկը Գորիից գերմանա-վրացական համատեղ արտադրությունները:

Կարևոր է նշել, որ Գյոթե ինստիտուտի աջակցությամբ հնարավոր է դարձել նաև մի քանի գերմանացի պրոդյուսերների մասնակցության ապահովումը «Ռեժիսորներ առանց սահմանների» 7-րդ համատեղ արտադրության ֆորումին, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանային սկսնակ կինոգործիչներին խորհրդատվություն ստանալ իրենց կինոնախագծերի զարգացման համար: Իսկ «Ֆիլմեր առանց սահմանների,, ծրագրում կներկայացվեն գերմանական համատեղ արտադրությամբ ստեղծված ֆիլմեր:

ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության արդյունքում է, որ հնարավոր է դարձել ամերիկացի հռչակավոր կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոյի հյուրընկալությունը փառատոնին, ով նաև համաձայնել է վարպետության դաս անցկացնել Երևանում:

Կարևոր է նշել, որ ԱՄՆ դեսպանությունը մասնակիորեն ֆինանսավորել է նաև Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀՊՖՆ) իրականացումը: ՀՊՖՆ-ը հիմնադրվել է 2009թ. «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի և թուրքական Անադոլու Քյուլթուր (Anadolu Kultur) կազմակերպության համատեղ ջանքերով: ՀՊՖՆ-ը միտված է Հայաստանի և Թուրքիայի միջև համատեղ ֆիլմերի ստեղծման խթանմանը և երկու երկրների կինոգործիչների համար ստեղծագործելու յուրահատուկ հարթակ է: ՀՊՖՆ-ի շրջանակներում ստեղծվել է 11 ֆիլմ` կարճամետրաժ և վավերագրական, տեղի է ունեցել ավելի քան 100 փոխադարձ այց, թողարկվել է հայ և թուրք երիտասարդ կինոգործիչների կողմից ստեղծված 5 կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի ժողովածու-սկավառակ: Հարկ է նշել նաև, որ նախագծի կարևորությունն էականորեն ընդգծվեց անցյալ տարի, երբ ԱՄՆ Սենատոր Ռիչարդ Դուրբինը տարածաշրջանային այցից հետո Սենատում կատարված իր հաշվետվությունում խոսեց ՀՊՖՆ-ի նախաձեռնությունների` միջսահմանային հարաբերություններում ունեցած դերի և կարևորության մասին:

ԱՄՆ կինոգործիչներ Ջեյ Վայսբերգը և Դեյվիդ դ՚Արսին կընդգրկվեն համապատասխանաբար միջազգային խաղարկային և Հայկական համայնապատկեր մրցույթների ժյուրիի կազմերում: Մրցութային ծրագրի համապատասխան բաժիններում կներկայացվեն Սթիվ Հուվերի Արյունակից եղբայրը վավերագրականը, Լիսան Սարտորի Six Letter Word կարճամետրաժը և Ալեքսանդր Տավիտիան-Միրեցկու All Together Now խաղարկայինը` բոլորն ամերիկյան արտադրության:

 

Orer.eu


Առնչվող նյութեր
1. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
2. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
3. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
4. Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցույթային և ոչ մրցութային ծրագրերը
5. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
6. ՀԲԸՄ-ն եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն սկսում են GAIFF Pro կինոարտադրության զարգացման հարթակի նախագիծը
7. «Ոսկե ծիրան» կինոփառատոնում փոփոխություններ. տնօրեն Հարություն Խաչատրյանին կփոխարինի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը
8. ,,Ոսկե ծիրան,,ում ցուցադրվում է Կաննի միջազգային կինոփառատոնի հաղթանակած ֆիլմը՝ ,,Քառակուսին,,
9. ,,Ոսկե ծիրան,,ում շարունակվում են կինոբացահայտումները
10. «Եղիցի լույս» մրցանակ` Տիգրան Մանսուրյանին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: