ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն՝ մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է. Նիկոլ Փաշինյան

12 հունիսի, 2018 | 17:44

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության աշխատակազմին է ներկայացրել ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորել նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:


«Օրենսդրությամբ սահմանված է, որ ՀՔԾ-ն զբաղվում է այն իրավախախտումներով, հանցագործություններով, որոնք վերագրվում են օրենսդիր, դատական, գործադիր իշխանության ներկայացուցիչներին: Հաջորդ ամենակարևոր գործառույթն ընտրական հանցագործությունների հետ կապված գործերն են և այս շրջանակն արդեն ցույց է տալիս այն բացառիկ կարևորությունը, որն ունի ՀՔԾ-ն մեր կյանքում և ընդհանրապես իրավակարգի ապահովման բնագավառում: Ուզում եմ որպես ՀՀ ժողովրդի վստահությամբ ՀՀ վարչապետ ընտրված անձ հայտարարել հետևյալը. այն՝ ինչ հայտարարում ենք հրապարակային, դա այն է, ինչ կա մեր մտքում: Երբ ասում ենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի ունենք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, նկատի չունենք, որ ոմանք օրենքի առաջ ավելի հավասար են: Երբ ասում ենք, որ Հայաստանում պետք է արմատախիլ արվի կոռուպցիան՝ նկատի ունենք, որ Հայաստանից պետք է արմատախիլ արվի կոռուպցիան, նկատի չունենք, որ որոշ տեղերում կոռուպցիա կարող է գոյություն ունենալ: Ուզում եմ հստակ ընդգծել, որ ՀՔԾ-ի առջև դրված է այս խնդրի ապահովման հսկայական մասը և հույս ունեմ, որ ծառայությունն կիրականացնի իր այդ գործառույթը:
Ուզում եմ նաև ի վերջո լուծել իմ և ՀՔԾ-ի հարաբերություններում առկա մի փոքրիկ դրվագ: Կարծում եմ, որ ՀՔԾ քննիչների աշխատասենյակներում ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար պետք է չլինի, որովհետև ՀՔԾ-ն զբաղվում է այնպիսի գործերով, որոնցով կարող է առնչություն ունենալ նաև այդպիսի պաշտոնյաների հետ: ՀՔԾ քննիչների սենյակներում պետք է լինի ՀՀ զինանշանը, դրոշը և այս խորհրդանիշները պետք է արտահայտեն այն գործառույթը, որն իրականացնում է ՀՔԾ-ն»,
– ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է. «Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի ՀՔԾ-ն՝ մարտի 1-ի ոճրագործության, սպանությունների բացահայտումն է: Ուզում եմ հստակ ասել, երբ մենք ասում ենք, որ չկան և գոյություն չունեն սահմանափակումներ՝ նկատի ունենք, որ չկան և գոյություն չունեն սահմանափակումներ: Եթե նախկինում եղել են այնպիսի գործեր, որոնք ինչ-ինչ՝ քաղաքական, մերձքաղաքական կամ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չեն գնացել առաջ, հույս ունեմ, որ ՀՔԾ նոր պետի ղեկավարությամբ քննիչները կանդրադառնան բոլոր այդ գործերին՝ Հայաստանում լիարժեք իրավակարգ ապահովելու նպատակներից ելնելով»,- ասել է վարչապետը:
ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին մաղթել է հաջողություններ և համոզմունք հայտնել, որ ծառայության սկզբունքային, պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ նորանշանակ պետը կիրականացնի իր առջև դրված բոլոր խնդիրները:
Սասուն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ վստահության համար և համոզմունք հայտնել, որ ՀՔԾ կոլեկտիվը կարող է լուծել ցանկացած բարդության խնդիր: «Դրա համար ունենք կամք: Վստահեցնում եմ, որ պատվով կկատարենք ՀՔԾ-ի առջև դրված բոլոր խնդիրները»,- ասել է Սասուն Խաչատրյանը:
Ամփոփելով՝ վարչապետն անդրադարձել է նաև ընտրական գործընթացների ընթացքում տեղի ունեցած հանցագործություններին: «Տեղյակ եք, որ մենք ստանձնել ենք պարտավորություն՝ ապահովել իսկապես ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, որոնք կարտահայտեն ժողովրդի կամքը, ընդ որում, դա պետք է տեղի ունենա ոչ թե մեկ անգամ, այլ սրանից հետո միշտ: Այս առումով, կարծում եմ, որ հատուկ կարևորություն ունի ընտրական հանցագործությունների քննությունը և այս շարքում առանձնակի ուշադրություն եմ հրավիրել ընտրակաշառքների հետ կապված հանցագործությունների վրա: Հույս ունեմ, որ այդ հանցագործությունները, գործերն այսօր և հետագայում կարժանանան պատշաճ քննության և կբերեն կոնկրետ արդյունքներ: Երբ ՀՀ քաղաքացիներն իրենց ամենօրյա կյանքի բերումով գիտեն, որ ՀՀ-ում համատարած բաժանվում են ընտրակաշառքներ և հետո նրանք չեն տեսնում գոնե մեկ դեպք, որը բացահայտվել է և որի իրականացնողներն ու կազմակերպիչները պատասխանատվության են ենթարկվել՝ այդ պրոցեսում, ըստ էության կորսվում է այն պոտենցիալ հարգանքը, որ կարող է լինել քննչական, իրավապահ մարմինների և ընդհանրապես պետության նկատմամբ: Հետևաբար, այն ինչի մասին խոսեցինք, ըստ էության, վերաբերում է Հայաստանի հեղինակությանը, առաջին հերթին սեփական քաղաքացիների առաջ, վերաբերում է իրավապահ համակարգի, ՀՔԾ-ի և վերջինիս յուրաքանչյուր քննիչի հեղինակությանը: Այն, ինչի մասին մենք խոսում ենք այսօր, ըստ էության, խոսում ենք մեր պետականության և պետական ինստիտուտների հեղինակության բարձրացման մասին, որը չի կարող լինել առանձին անհատի կամ առանձին քաղաքական ուժի օրակարգ: Դա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու օրակարգ է, յուրաքանչյուր պետական ծառայողի օրակարգ է և բոլորիս այդ ծառայությունն իրականացնելիս մաղթում եմ հաջողություններ: Մենք ծառայում ենք Հայաաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, ՀՀ քաղաքացիները սրանում չպետք է ունենան որևէ կասկած: Սա նշանակում է, որ մեր աշխատանքը չպետք է լինի տեղապտույտային, մեզ պետք են արդյունքներ ու այդպես անընդհատ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Առնչվող նյութեր
1. Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ սահմանադրական փոփոխություններ եւ անցումային արդարադատության մարմիններ. ասել է Ն. Փաշինյանը հանրահավաքում
2. Նազարէթ Սրմաքեշ. Նիկոլ Փաշինեանի խաղաղ յեղափոխութեան 100 օրուայ առիթով
3. Կառավարությունը ստեղծելու է բոլոր պայմանները, որպեսզի քաղաքացիները հարստանան ու հարստացնեն մեր երկիրը. շարունակվում է վարչապետի այցը Տավուշի մարզ
4. Մայիսից սկսած՝ ավելի շատ մարդ է գալիս Հայաստան, քան հեռանում. վարչապետը հանդիպել է Տավուշի մարզի բնակիչներին
5. Վարչապետության 100-րդ օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին հանրահավաք է հրավիրում
6. Նիկոլ Փաշինյանը և Սերջիո Մատարելլան կարևորել են տարածաշրջանում կայունության ամրապնդումը
7. «Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց որևէ նախապայմանի».Նիկոլ Փաշինյան
8. Ուրախ կլինեմ եթե Իլհամ Ալիեւն էլ իր որդուն ուղարկի առաջնագիծ ծառայելու. Նիկոլ Փաշինյան
9. Նիկոլ Փաշինյանն ամեն օր շոկի է ենթարկվում
10. Վարչապետը Բրյուսելի հայկական եկեղեցիում հանդիպել է բելգիահայ համայնքի ներկայացուցիչներին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: