ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ալիսիա Կիրակոսյանը հանգչեց սիրո մեջ

”Ժամանակից դուրս` բոլոր ժամանակների համար”
23 մայիսի, 2014 | 22:53

alisa kiarakosian 3Տաղանդաշատ հայ բանաստեղծուհի Ալիս Կիրակոսյանի մեզ համար շատ ծանր ու անդառնալի կորուստի մասին գույժը ստացվել էր դստեր`Լարայի կողմից։ Մի քանի տողերով` միեւնույն պահին հուզիչ , Ալիսիա Կիրակոսյանի դուստրը հաղորդել էր, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ կարճատեւ, սակայն համառ պայքարից հետո իր սիրելի մայրը հանգչեց խաղաղությամբ։ Լարան եւ Ստիվենը՝ վերջինիս ամուսինը, սկզբից մինչ վերջին շունչը տալու պահը նրա կողքին էին եւ շնորհակալությամբ էին նշում այն մեծ սիրո մասին, որը չէր պակասել նաեւ հրաժեշտի այդ չարագուշակ օրը։ Սեր, որ ամեն ինչ էր Ալիսիա Կիրակոսյանի համար։

Բավարար է հիշել, որ իր անձնական կյանքի եւ ստեղծագործական կյանքի համար նա որպես յուրատեսակ նշաբանն էր ընտրել իր իսկ գրչին պատկանող ”Սերն է գոյության հանճարը միակ” խոսքը։ Դրանով է ապրել եւ ապրեցրել շատ-շատերին, ովքեր հաղորդվել են կիրակոսյանական պոեզիայի գեղեցիկ աշխարհի հետ։ Ընդ որում, վերոհիշյալը չափազանցություն չէ բնավ։ Բազում օրինակներ կան, որոնց մեջ ինձ համար ամենացնցողը թերեւս Հայաստանի Ազգային Հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Իրինա Բաղդասարյանի սիրո պատմությունն է։ Պատմություն, որն հանգեցրեց երկուսի ամուսնությանը եւ որի յուրատեսակ միջնորդը հանդիսացավ … հենց Ալիսիա Կիրակոսյանը։ Նրանք ուսանողներ էին եւ բնակվում էին նույն հանրակացարանում, որտեղ պարբերաբար պոեզիայի երեկոներ եւ մրցույթներ էին կազմակերպվում։ Մրցույթների ժամանակ հաղթող էր ճանաչվում նա, ով ի վիճակի կլիներ բոլորից շատ ստեղծագործություններ ասմունքել։ Այդ օրն ու այդտեղ` ուսանողական հանրակացարանի մասնաշենքերից մեկում, վերջում մնացել էին Թաթուլն ու Իրինան։ Վերջինս հաղթող ճանաչվեց։ Իրինան հաղթել էր վերջում` այդ թվում նաեւ alisia kirakosian arthur ghukasianկիրակոսյանական պոեզիայի շնորհիվ։ Տողեր, որոնք այլեւս նրա կենսագրության մի մասն են կազմում։ Կարելի է ասել, որ Թաթուլի միակ պարտությունն էր դա, որն այդուհանդերձ… դարձյալ հաղթանակի վերածվեց. Իրինան այդ օրը ամուսնության առաջարկ ստացավ, որն մերժել անկարող էր։ Այդպիսինն է սիրո համար բազում գործեր ձոնած սիրված բանաստեղծուհու խոսքի ամբողջ մոգական ուժը, որն աստվածատուր էր ի սկզբանե եւ որով հիացել են այդ թվում նաեւ հայտնի գրողներն ու մտավորականները, հասարակական ու հոգեւոր գործիչները

Նրա մուտքը գրական աշխարհ ողջունել էր ժամանակին համբավավոր ֆրանսիացի գրող Ժակ Պրեվերը` հայտնի իր պրեվերական ոճով. ”Ալիսիա Կիրակոսյան. մի գիսավոր աստղ, մի արեւ, բանաստեղծության լավ պահը”։ Տարիների ընթացքում մեր բանաստեղծուհու գործերը վերածվում են արվեստի` դառնում երգ, նկար ու բեմական ասմունք” ։ Նրա գրական խոսքը ընդունվում է նաեւ Եվրոպայում, որտեղ 1967-ին արժանանում է Պոեզիայի միջազգային մրցանակի։ Այդ ժամանակից սկսած իր անունը հիշատակության է արժանանում ոչ միայն Հայկական, այլեւ Հունական հանրագիտարանում .”Ես կյանքում ոչ ոքի չեմ նախանձել,-գրել էր ժամանակին Պարույր Սեւակը,-բայց երբ կարդացի Ալիսայի ”Ոտաբոբիկ Աստվածը” խանդ զգացի, որ alisa kiarakosian 7նա կին է։ Միայն կին, մի խորունկ կին կարող է այդ տողերը գրել” ։ Ալիսիա Կիրակոսյանի ”Պեդրո Ամոր” պիեսի համար իր երաժշտությունն է գրում Ասթոր Պյացոլլան, որի անունը, կարծեմ, մեկնաբանության կարիքը չունի ”Խաղաղություն քվանթային” ժողովածուն ընթերցելուց հետո Նոբելյան մրցանակի դափնեկիր Դալայ Լաման հետեւյալ նկատողությունն էր արել. ”Այսպիսի հատորները պիտի նպաստեն, որպեսզի խաղաղություն սփռվի աշխարհի վրա ու ես պիտի ուզեի զորավիգ հանդիսանալ”։

”Դուք, որպես վավերական բանաստեղծուհի, ձեր գրչով եւ ազնիվ ներշնչումներով հայ եւ օտար ընթերցողներին հաղորդակից դարձրեցիք մեր նախնիներից ժառանգած մեր հոգեւոր ,ազգային հարստություններին եւ վսեմ ձգտումներին”,- երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառի գնահատանքի խոսքն է։ ”Մեծ հիացում եմ զգում Ալիսիա Կիրակոսյանի հանդեպ” –Սարոյան։ ”Զգալի է, որ նա ճշմարտությունն է գրում,- Խորխե Լուիս Բորխես։ ”Արտահայտչական անհուն կարողություն եւ արդի տեսղականություն,- Ժիլբերտո Մենդոսա Տալես, բրազիլիացի մրցանակակիր գրող… Դա անվերջ է…Անհնար է մեկ առ մեկ թվարկել բոլոր նրանց, ովքեր իրենց երախտագիտության եւ գնահատանքի խոսքերն են հղել։

alisia kiarakosian 8Ինձ համար անձամբ առանձնակի ուրախության` գուցե նաեւ հպարտության առիթ է, որ այդքան մեծությունների կողմից իսկապես մեծարված Ալիսիա Կիրակոսյանը շատ-շատ էր հավանել եւ կրկնում էր անընդհատ, որ իր համար չափազանց թանկ է նրա մասին գրված եւ ”Ակոս” թերթում տպագրված հոդվածիս ոչ միայն բովանդակությունը, այլ նույնիսկ վերնագիրը. ”Ժամանակից դուրս` բոլոր ժամանակների համար”։

Այժմ էլ ”Օրեր”-ի համար գրելով այս նյութը, նույն ու քո կողմից այդպիսի հավանության արժանացած վերնագիրն եմ ուզում ընտրել, սիրելի Ալիսիա։

Իսկապես առհասարակ գրականության եւ հատկապես պոեզիայի սիրահարների համար ժամանակից դուրս ու… բոլոր ժամանակների համար ես։ Իսկապես բավականին ստեղծագործություններ ունես, որոնք ընթերցասեր հասարակությունը` նույնիսկ նրանք, որոնք վաղուց են ծանոթ քո գրչին, դեռ նոր պետք է բացահայտեն` յուրովի, ինչպես ես ժամանակին, երբ նկատեցի անթաքույց զարմանքով, որ ոչ մի խոսք չի ասվել տակավին հղիության շրջանում գրված բանաստեղծությունների քո այդչափ հրաշալի շարքի մասին։

Մեր երթը շարունակվում է, սիրելի Ալիսիա, եւ ոչ քո բացակայությամբ, այլ քեզ հետ միասին, քանզի…. Քանզի ժամանակից դուրս ես դու` բոլոր ժամանակների համար…

Արթուր Ղուկասյան

Իսպանիա

`
Մի հսկա աշխարհ,
Ուր զարկերն էության
Ձուլվում են իրար,
Ուր մենքը կառուցվում է
Անմեղ ու զտված:
Սրտի մեջ ստեղծվում է
Տարօրինակ մի թվաբանություն…
alisia kiarakosian 5Երկուսը սիրո երկու չէ բնավ,
Այլ կատարյալ մեկ,
Իսկ կեսը սիրո
Կես չէ բնավ,
Այլ կատարյալ երկու.
Ինչպես կիսով բաժանված
Կաթիլը արցունքի:
Ես և դու`
Մի անբաժան մեկ:
Ես և դու`
Մի անջրպետ:

ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Քո աչքերի հետ

Ես հավերժաբար զրույց եմ արել,

Սակայն եղել եմ ուրիշ մաշկի մեջ,

Ուրիշ երկրի մեջ,

Ուրիշ մի վայրում…

Բայց իմ զրույցը քեզ հետ է եղել,

Քո աչքերի հետ:

Դու նա ես, որն իր բացակայությամբ

Դատարկ է թողնում իմ էությունը:

Նա, ով արարվեց,

Որ ունայնության այս մթնոլորտում

Մենակ չմնամ:

Դու նա ես,

Ով ինձ ուրիշ մի դարում

alisia kiarakosian 2Ասաց` սպասիր…

Սակայն այս դարում,

Ների’ր, չեմ կարող

Արդեն սպասել…

Ալիսիա Կիրակոսյան

Գիտեմ, որ երբեմն
նույնիսկ բառերը
չեն հասնի իրենց նպատակին
քանզի նրանք
ովքեր չեն հասկանում
առանց խոսքերի
կարող է եւ չհասկանան
խոսքերով….

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Կյանքից հեռացել է բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
2. Ամերիկահայ բանաստեղծուհի Թամար Հովհաննիսյանի՝ «Ես կին եմ, ես կղզի» գրքի շնորհանդեսը Երեւանում
3. «Երկխոսություն երրորդ դեմքով» մենահամերգ` նվիրված Համո Սահյանի 100-ամյակին և Վահագն Դավթյանի 90-ամյակին
4. Վախճանվել է բանաստեղծ Հրաչյա Բեյլերյանը
5. Վախճանվել է գրող Հովհաննես Գրիգորյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: