ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ալեն Դելոն. Ես չգիտեի, որ ինձ այսքան սիրում են Հայաստանում

18 դեկտեմբերի, 2012 | 16:45

ԵՐԵՎԱՆ..- «Ես առաջին անգամ եմ Հայաստանում ու թեեւ Շառլ Ազնավուրն իմ ընկերն է, ես չէի էլ կարող ենթադրել, որ ինձ այստեղ այդքան գնահատում են: Ինչպես ենթադրեց նախագահ Սերժ Սարգսյանը, Շառլը երեւի պարզապես վախեցել է, որ ես երես կառնեմ, եթե իմանամ, թե որքան են ինձ սիրում ձեր երկրում», -այսպես է այսօր հայտարարել Երեւանում համաշխարհային կինոյի լեգենդ Ալեն Դելոնը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնին, ով Երևանում ներկա գտնվեց իր մասնակցությամբ նկարահանված «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերային:

Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում, ուրախությամբ նշելով, որ Ալեն Դելոնի ստեղծած կերպարները Հայաստանում ևս մեծ ճանաչում և ժողովրդականություն են վայելում, իսկ դարավոր պատմություն և մեծ ներուժ ունեցող հայ-ֆրանսիական ջերմ բարեկամական հարաբերությունները շարունակում են վերընթաց զարգանալ:

Ֆրանսիացի անվանի դերասանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ ջերմ խոսքերի և հյուրընկալության համար, ընդգծել, որ Ֆրանսիայում մշտապես շատ ուշադիր են եղել Հայաստանի նկատմամբ, հարգալից վերաբերմունք ունեն՝ նրա մշակույթի, պատմության նկատմամբ և հստակ դիրքորոշում՝ 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցում: Նա նշել է, որ հետաքրքրությամբ է հետևել շուրջ մեկ ամիս առաջ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը, իսկ անցյալ տարի՝ նաև Նիկոլա Սարկոզիի պետական այցին Հայաստան:

Հանրապետության նախագահը հետաքրքրվել է Երևանում ցուցադրվելիք «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմով, նշելով, որ հայերի, ինչպես և միջերկրյածովյան բոլոր ժողովուրդների համար մայրերի նկատմամբ մշտապես առանձնահատուկ վերաբերմունք է եղել, և եթե ֆիլմի հայ ռեժիսորն ու պրոդյուսերը, ամբողջ ստեղծագործական թիմի հետ միասին, ֆիլմը նվիրել են մայրիկներին, ուրեմն այն, իր կարծիքով, արժեքների հավերժության մասին է, իսկ թեման՝ բոլոր ժամանակներում և բոլոր սերունդների համար՝ մշտապես արդիական:

Ալեն Դելոնը նշել է, որ չնայած այդ լիրիկական կատակերգության մեջ փոքր մասնակցությանը, ինքն էլ մեծագույն սիրով է խաղացել իր դերը և անչափ ուրախ է Հայաստան այցի համար, որտեղ իրեն հաճելիորեն զարմացրել է իր այդքան ճանաչված և սիրված լինելը:

Նշանավոր դերասանը սիրով ընդունել է Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ կրկին այցելելու Հայաստան և ավելի հանգամանորեն ծանոթանալու մեր երկրին, որի մասին բազմիցս լսել է իր հայ ընկերներից:

Նախագահի հետ հանդիպումից հետո Դելոնը ,,Գոլդն Տյուլիպ,, հյուրանոցում  պատասխանել է լրագրողների հերցերին։ Նրա հետ Երեւան են ժամանել նաեւ ֆիլմում նկարահանված դերասաններ Իրինա Ռոզանովան եւ Կոնստանտին Կրյուկովը, ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու պրոդյուսերներ`Վալերի Սահարյանն ու  Ղևոնդ Անդրեասյանը:

Դերասանուհի Իրինա Ռոզանովան պատմել է, թե ինչպիսին է Ալեն Դելոնը կադրից դուրս: «Մենք՝ դերասաններս, փորձում ենք մնալ գեղեցիկ եւ երիտասարդ, իսկ բժշկությունը մեզ այդ հարցում ամեն կերպ օգնում է: Նկարահանման հրապարակում Ալեն Դելոնին առաջարկեցին գրիմ անել, որպեսզի ծածկեն կնճիռները: Նա վրդովված ասաց, որ 33 տարեկանում եղել է տիեզերքի ամենագեղեցիկ տղամարդը, իսկ հիմա, երբ արդեն մեծացել է, այդ կնճիռները, որպես իմաստության նշաններ, կլինի լավագույն գրիմը»,-ասել է նա: Ռոզանովան ասել է նաեւ, որ ամենուր պնդում է, թե Սևանի իշխանից ավելի համեղ բան չի կերել կյանքում: Նա մի շարք զավեշտալի դրվագներ պատմեց ֆիլմի նկարահանման «կուլիսներից», խոստովանեց, որ ծնկները մինչև հիմա դողում են լեգենդար Ալեն Դելոնի հետ աշխատելու մտքից: Ֆիլմում Դելոնի հերոսը Ռոզանովայի հերոսուհուն՝ Փարիզում հայտնված ֆրանսերենի ռուս ուսուցչուհուն, անակնկալ հրավիրում է պարի:

Ալեն Դելոնի խոսքով, ինքը մեծ հաճույքով համաձայնել է նկարահանվել այս ֆիլմում, քանի որ հենց սկզբից իրեն դուր է եկել ֆիլմի գաղափարը:

Անդրադառնալով ֆիլմի գլխավոր գաղափարին՝ մոր հանդեպ սիրուն, Ալեն Դելոնն ասաց, որ եթե իր մայրը կենդանի լիներ, ինքը նրան թանկարժեք նվերներ չէր տա, այլ կփորձեր նրա կողքին լինել ամեն րոպե:

Ալեն Դելոնը պատմեց, որ ինքն իրական կյանքում էլ է նման բաներ անում՝ հենց Փարիզի ռեստորաններում: Նա առանձնակի ջերմությամբ ու երկար խոսեց իր մոր մասին: Դերասանը պատմեց, որ մայրը հոգու խորքում դրամատիկ դերասանուհի է եղել, սակայն սիրահարվել է «կոմերսանտե հորը և այդպես էլ դերասանուհի չի դարձել: Դելոնը խոստովանեց, որ իր կյանքում ամեն ինչ սովորել է մորից։

«Եթե շնորհք ունեմ, ապա դա մորիցս է, եթե լավ արտաքին ունեմ, ապա էլի մորիցս է»: Այս խոսքերից հետո Դելոնը հանեց այն, ինչ իրեն նվիրել է մայրը և խնդրել երբեք չբաժանվել՝ մեծ սև խաչ, և բոլորի աչքի առաջ ջերմեռանդորեն համբուրեց այն:

Դելոնին համբուրելու ցանկություն հայտնեցին մի շարք լրագրողուհիներ. Նա չմերժեց: Սակայն ամենից ջերմ համբուրեց մի լրագրողուհու, որին առաջարկեց նկարահանվել կինոյում: Վերջում դերասանը խոստովանեց, որ ինքը միշտ ունեցել է եւ ունի ամեն բան, բայց հիմա… սիրո մի փոքր պակաս ունի:

Երբ լրագրողները խնդրեցին հիշել Անրի Վերնոյի հետ իր աշխատանքային փորձի մասին, Դելոնը նշեց նրա իսկական անուն ազգանունը՝ Աշոտ Մալաքյան: Ապա հայտնեց, որ այդ դերը մեծ ազդեցություն է ունեցել իր կարիերայի վրա:

Այսօր իր մեծագույն մասնագիտական ձեռքբերումներից է համարում իր դստեր՝ 22-ամյա Անուշկայի հետ միասին նկարահանվելու փորձը: Իսկ անձնականի մասին ասաց. «Այսօր Ալեն Դելոնը սիրո պակաս ունի»:

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նույնպես ընդունեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնին:

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրին ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ  Եկեղեցու և Մայր Աթոռի պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, անդրադարձ կատարեց նաև հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը և դրա ամրապնդման գործում Ֆրանսիայի հայ համայնքի կարևոր դերակատարությանը:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը, ընդգծելով, որ հայորդիները մշտապես առանձնակի համակրանքով ու սիրով են դիտել Ալեն Դելոնի ֆիլմերը, իր գնահատանքը հայտնեց նրան մարդկությանը մատուցած ծառայությունների համար:

Հանդիպման ավարտից հետո մեծանուն դերասանն այցելեց Մայր Աթոռի թանգարաններ և ծանոթացավ հայ ժողովրդի ազգային-հոգևոր գանձերին: Մեծանուն դերասանը եղավ նաեւ Ծիծեռնակաբերդում եւ հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Ըստ մամուլի ծառայությունների եւ տեղեկատվական կայքերի

Orer.eu

 

 

 


Առնչվող նյութեր
1. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
2. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
3. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
4. Հայոց կաթողիկոսությունը վերացնելու խնդիր է դրված
5. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
6. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
7. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
8. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
9. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին
10. Արոնոֆսկին միգուցե ֆիլմ նկարահանի նաեւ Հայաստանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: