ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ազգային երգերը տարանջատում են մատուցման ձևը

Հարցազրույց «ՀԱՅՐԵՆՆԵՐ» համույթի հիմնադիր ղեկավար` Վարդգես Աղասյանի հետ
19 օգոստոսի, 2015 | 07:47

hayrenner 3Հայկական երաժշտությունը սկիզբ է առնում մ.թ.ա. II հազարամյակում։ Պատմական տվյալները մեզ են հասել հնադարյան հայ պատմաբաններ Մովսես Խորենացու և Փավստոս Բյուզանդի աշխատությունների շնորհիվ։Մ.թ.ա. III հազարամյակում ձևավորվել էր հայկական երաժշտության որակային յուրահատկությունը։ Մովսես Խորենացին հիշատակում է «փանդիռ» երաժշտական գործիքը։ Փավստոս Բյուզանդը հիշատակում է թմբուկը, սրինգը, քնարը և շեփորը։ Պահպանվել են մինչքրիստոնեական Հայաստանի երգերի տեքստերի հատվածներ, որոնք պատմում են Արա Գեղեցիկի և Շամիրամի, Արտաշես թագավորի մասին։ Մ.թ. 301 թվականից, երբ Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն, հիմք է ստեղծվում հայկական քրիստոնեական եկեղեցու երաժշտության զարգացման համար։ Ագաթանգեղոսը հայտնում է, որ IV դարի վերջից բարձրագույն դպրոցներում երգեցողություն են ուսուցանել։ Միևնույն ժամանակ հայտնի է հայկական հոգևորականության բացասական վերաբերմունքը հեթանոսական երաժշտական ժառանգության հանդեպ։ Հայ հնադարյան երաժշտության զարգացմանը նպաստում է նաև ֆեոդալիզմի ձևավորումը։ Սակայն գուսանական արվեստը ենթարկվում է հալածանքների (այդուհանդերձ շարունակելով իր զարգացումը)։

Այս թեմային է առնչվում մեր  հարցազրույցը «ՀԱՅՐԵՆՆԵՐ» համույթի հիմնադիր ղեկավար` Վարդգես Աղասյանի հետ սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողին:

OLYMPUS DIGITAL CAMERA– Ինչու՞ «Հայրեններ».  ինչպե՞ս կբացատրեք անսամբլի անվանումը:

Հայրենը հայ հին ժողովրդական քնարերգության մեջ տարածված երգատեսակ է: Հայրեն անունը ծագել է «հայերեն» բառից: Հայրենների չափը ռիթմիկ երաժշտականության պատճառով դեռևս 10-րդ դարի ժողովրդական բանահյուսությունից թափանցել է միջնադարյան բանաստեղծություն: Գրիգոր Նարեկացու, հետագայում նաև Ներսես Շնորհալու, հայրենների չափով գրված բնության և աստվածային սիրո տաղերն անուղղակի վկայում են, որ հնում այդ չափով հորինվել են բազմաթիվ սիրո երգեր: Հայրենների հատուկենտ նմուշները, որ սկսում են երևան գալ 13-րդ դարի ձեռագրերում, մեծ մասամբ սիրո, ուրախության և խրատական երգեր են: Բոլորիս հայտնի մոտ 500 հայրենները ստեղծվել են 13-14-րդ դարերում, հիմնականում արևմտահայ քաղաքային միջավայրում: Հայրենների հեղինակ է համարվել 16-րդ դարում Վանի Խառակոնիս գյուղում ծնված և ապրած Նահապետ Քուչակը:

hayrenner 5Սիրո և ուրախության հայրենները, ինչպես ապացուցել է Մանուկ Աբեղյանը, հորինվել են միջնադարյան քաղաքներում ժողովրդական երգիչների  կողմից, ունեցել են շեշտված աշխարհիկ բնույթ և կատարվել  երաժշտական տարբեր գործիքների նվագակցությամբ: Հայրենները, ավանդվելով դարից դար, շարունակել են ապրել ու հարատևել ժողովրդի կենդանի ավանդության մեջ՝ հասնելով մինչև 19-20-րդ դարեր, երբ բանահավաքներն սկսում են համատարած գրառել ժողովրդական բանահյուսության նյութերը: Ակնում, Խարբերդում, Վանում և այլուր գրառվում են նաև հայրենների հնավանդ նմուշներ, որոնք դեռևս 17-րդ դարի մի տաղարանում կոչվում են անտունի: Հայրենները հին տաղարաններում հաճախ կոչվում են տաղ: Երաժշտական առումով հայրենները կազմել են միջնադարյան հայ քնարական երգերի հիմնական տեսակը, որ կառուցվածքային հատկանիշներով միջին տեղ է գրավում տաղերի և բուն ժողովրդական ծորուն երգերի միջև՝ ավելի մոտիկ լինելով ժողովրդականին: Հայրենները երաժշտական ձևով ու բովանդակությամբ բնիկ ազգային երգեր են:
Հենց այս ամենն ուսումնասիրելու արդյունքում, տեսնելով, որ հայ ազգային ու ժողովրդական երգը ծնունդ է առել հայրենից,  որոշեցինք «ՀԱՅՐԵՆՆԵՐ» կնքել մեր համույթի անունը, որտեղ հավաքված են ազգային երգը ներկայացնելու, պահպանելու և տարածելու տասնամյակների փորձ ունեցող բազմաթիվ տաղանդաշատ երգիչներ, երգչուհիներ, երաժիշտներ և մասնագետներ:

– Տարիների հեռվից գնահատելով համույթի անդամների անցած ճանապարհը…Մի քանի խոսքով կպատմե՞ք ձեր մասին, ինչպե՞ս ստեղծվեց «ՀԱՅՐԵՆՆԵՐ»-ը:

Երգը իր մեջ կրող մարդը տարբերվում է: Ազգայինը սիրող մարդը տարբերվում է: Երբ ունես այդ սերը քո սրտում, որ կոչվում է երգ, հեշտությամբ ես հղկում այն արվեստի դարբնոցում` հասցնելով պրոֆեսիոնալ մակարդակի և ազատորեն այն տանում  բեմ ու նվիրում քո հանդիսատեսին: «ՀԱՅՐԵՆՆԵՐ»-ում երգիչների, երգչուհիների, երաժիշտների հենց այդ սերուցքն է համախմբված, ովքեր արդեն մի քանի տասնամյակ զբաղված են ազգային երգն ու պարը բարձր մակարդակով Հայաստանի և աշխարհի տարբեր բեմերից հանդիսատեսին ներկայացնելով:

Այս մարդիկ տարբեր ժամանակներում ներկայացել են բազմաթիվ ազգագրական և ժողովրդական խմբերի կազմերում («Նարոյ», «Ակունք», «Գանձասար», «Շապինանդ» և առավելապես նպաստելով «Մարաթուկ»-ի կայացմանը և փառքին), ծավալել մենակատարի գործունեություն, ամեն կերպ նպաստել ազգային երգի տարածմանն ու պահպանմանը. բեմի մարդիկ են:

Տեսնելով անհրաժեշտություն ազգագրական երգերը  պրոֆեսիոնալ մակարդակով ներկայացնելու և սերունդներին փոխանցելու` որոշեցինք ստեղծել «ՀԱՅՐԵՆՆԵՐ»-ը` հենվելով երկու պրոֆեսիոնալ և տաղանդաշատ ուժերի վրա` Կարինե Կոստանյան (խմբավար) և կոմպոզիտոր Հայկ Գրիգորյան (երաժշտական մասի ղեկավար):

hayrernner 2– Ինչպե՞ս կներկայացնեք այս օրը, որտեղի՞ց ո՞ւր ենք հասել:

Շատ հակասական ժամանակներում ենք ապրում. թվում է` ամեն ինչ լավ է, իրականում այդպես չէ. և հակառակը:
Անկախություն ենք ձեռք բերել, պատերազմ ենք հաղթել.  չափազանց կարևոր իրադարձություններ մեր պետության համար, պատիվ, հպարտություն բոլոր հայերիս համար: Բայց, ցավոք, այնքան հարցերում ենք հետընթաց ապրել. դժվար է ասել ուր ենք հասել: Միգուցե դեռ վաղ է գնահատական տալ:

– Ինչի՞ վրա է բևեռված մեր հասարակությունը:

Գոյատևման: Հանապազօրյա հացի: Կենցաղային տարրական հարցերի լուծման: Վաղվա օրվա: Այսպես դեռ երկար կարելի է թվել:

– Որքանո՞վ ենք մենք ու ներկայիս սերունդը ճանաչում մեր ազգային երգերն ու ի՞նչ աշխատանք եք տանում դրանց պահպանման ուղղությամբ:

Ուրախությամբ կարող եմ փաստել, որ ազգային երգը մեր օրերում մեծ տարածում ունի: Այն ամենուր է: Այսօր մեր երկրում գրեթե չկան միջոցառումներ, որոնք անմասն են մնում ազգագրական երգից: Սա ոգևորիչ է:

«ՀԱՅՐԵՆՆԵՐ»-ը կոչված է պահպանելու ազգային երգը և մի քանի ամիսների ընթացքում որպես նորաստեղծ համույթ արդեն հասցրել է ցույց տալ այդ աշխատանքը: Մեր բանաձևը այդ երգերը անաղարտ պահելն է և փրկելը անհարկի մշակումներից:

– Ո՞րն է ազգային երգերի նշանակությունն ու տեղը մեր հասարակության մեջ:

Ազգային երգը մեր անցյալն է, մեր պատմությունը, մեր ժառանգությունը: Այն պետք է սրբությամբ պահել և ի պահ տալ սերունդներին, այլապես ո՞վ ենք մենք և ու՞ր կարող ենք գնալ առանց մեր պատմության: Այդ երգերով պետք է կրթվի հայը և այդ հոգևոր պաշարով աշխարհին ներկայացնի մեր հայրենիքը:

hayrernner1– Ձեր կարծիքով ինչպիսի՞ կարգավիճակում են գտնվում մեր ազգային երգերը:

Իմ կարծիքով այսօր նրանք բաժանված են երկու խմբի. անաղարտ պահպանված և դեռևս այդպես մաքրամաքուր  հնչող ազգագրական երգեր և խեղաթյուրված, բազմապիսի էլեկտրոնային գործիքների նվագակցությամբ մատուցվող, անբացատրելի փոփոխությունների և «մշակումների» ենթարկված: Ցավոք, երկրորդ խմբին պատկանող դեպքերն ավելի հաճախ են հանդիպում, զուրկ ազգային պատկերից ու ելևէջներից, հայկականությունից, երգեցողության տարրական գիտելիքներից:

Նմանատիպ պատճառներով  հեռուստացույց գրեթե չեմ դիտում:

– Ի՞նչն է տարանջատում ազգային երգերը:

Մատուցման ձևը: Նույն երգը կարող է մատուցվել ճիշտ կամ սխալ և այնքան տարբեր լինել, որ ունկդրին թվա, թե միանգամայն տարբեր երգեր է լսում:

– Ի՞նչը կարող է միավորել ազգային երգերը:

Գաղափարը:

– Որքա՞ն հաճախակի եք մեկնում հյուրախաղերի:

«ՀԱՅՐԵՆՆԵՐ»-ը հիմնադրվել է  2015-ի մարտի 25-ին և դեռևս առիթ չի ունեցել շրջագայելու: Մեր օրերում դա բարդ է կազմակերպել կապված ֆինանսական խնդիրների հետ, քանզի հովանավոր չունենք: Եթե կլինեն մարդիկ, ովքեր կուզեն աջակցել մեզ մեր ազգանվեր գործում, սիրով կհամագործակցենք: Հույս ունենք, որ անպայման կստանանք հյուրախաղերի առաջարկներ և վստահաբար պատվով կներկայացնենք մեր ազգային երգարվեստը աշխարհի ցանկացած բեմում, քանի որ «ՀԱՅՐԵՆՆԵՐ»-ը պրոֆեսիոնալ համույթ է իր պրոֆեսիոնալ ղեկավարներով: Մեզ կարելի է գտնել Հայաստանի երաժշտական ընկերությունում` Սայաթ-Նովա 15, որտեղ մենք ծավալում ենք մեր գործունեությունը, ինչի համար ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ընկերության նախագահ պրն. Դավիթ Ղազարյանին:

– Ինչպե՞ս եք ընտրում ձեր երգացանկը, արդյոք համագործակցում եք ազգագրագետների հետ:

«ՀԱՅՐԵՆՆԵՐ»-ի համերգային ծրագիրը ստեղծվեց իմ երկարատև ուսումնասիրությունների արդյունքում, երբ միտք առաջացավ ստեղծել համերգային ծրագիր, որը անմիջականորեն կապ կունենա և կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Երկու ամիս շարունակ ես ուսումնասիրեցի 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբում հրատարակված ավելի քան 100 երգարան, որպեսզի գտնեմ և վեր հանեմ երգեր, որոնք երգվել  են Արևմտյան Հայաստանում մինչև 1915-ի ողբերգական օրերը: Իմ աշխատանքը պսակվեց հաջողությամբ Կարինե Կոստանյանի անգնահատելի նվիրումի ու եռանդի շնորհիվ և 2015-ի մայիսի 8-ին «ՀԱՅՐԵՆՆԵՐ»-ը առաջին անգամ ներկայացրեց իր բացառիկ համերգային ծրագիրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում:
Իմ ուսումնասիրությունների ընթացքում իրենց արժեքավոր խորհուրդներով շատ օգնեցին ազգագրագետներ Զավեն Թագակչյանը և Արուսյակ Սահակյանը, ինչի համար երախտապարտ եմ:

– Կա՞ մի բան, որ ասել չեք կարող:

Կան բաներ, որոնց մասին խոսելն ուղղակի անիմաստ է, քանզի դրանք լուծում չեն ստանա: Եվ այդ դեպքում անէական է դառնում` կարող ես դա ասել, թե`ոչ:

– Ձեր խրատը այսօրվա հուսալի երիտասարդներին ու երգահաններին….

Շատ դժվար է խրատ տալ մարդկանց, ում չես ճանաչում: Ինձ իրավունք չեմ վերապահի: Միայն կասեմ, որ ինձ համար` որպես հայ մարդու,  գեղեցիկ երազանք է տեսնել ամեն բնագավառում հայանպաստ գործունեություն ծավալող երիտասարդների և երգահանների, ում արարած մեղեդին ու երգը գոնե մոտ է հայրեններին …

Գարիկ Ավետիսյան


Առնչվող նյութեր
1. Մահացել է Մոնսերատ Կաբալյեն. նա երկու անգամ Արցախ էր այցելել
2. Հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում, իսկ ՀՀ դեսպանությունում ցավակցություններ գրանցվեցին սգո մատյանում
3. Վարդան Մամիկոնյանի անմոռանալի համերգը Պրահայում. նա հիշեց նաեւ Ազնավուրին
4. Պրահա. «Կադանս»ի առաջին համերգն հոյակապ էր, նույնիսկ կոտրված ջութակը չխանգարեց
5. Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
7. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
8. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
9. Կյանքից հեռացել է Նադեժդա Սարգսյանը
10. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: