ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ադրբեջանի ապակառուցողական վարքի հարցը ՄԱԿ-ում

13 փետրվարի, 2013 | 10:28

ՆՅՈՒ ՅՈՐՔ- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ), փետրվարի 12-ին, տեղի է ունեցել «Զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանությունը» խորագրով բաց քննարկում: Մոտ 12 ժամ տեւած հանդիպմանը մասնակցել եւ ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջազգային իրավունքի եւ համագործակցության հարցերով տնօրենը, բազմաթիվ անդամ պետությունների ներկայացուցիչներ` ներառյալ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, ովքեր խստորեն դատապարտել են աշխարհի որեւէ մասում անհամաչափ ուժի կիրառման միջոցով քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանն իր մտահոգությունն է հայտնել Սիրիայում վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Նա դատապարտել է բոլոր տեսակի ոտնձգություններն ու ահաբեկչական գործողությունները Սիրիայի խաղաղ բնակչության դեմ` խորը մտահոգություն հայտնելով նաեւ սիրիահայ համայնքի վիճակի կապակցությամբ, նշելով, որ Հայաստանը շարունակում է ընդունել Սիրիայից փախստականներին, որոնք խորապես անհանգստացած են իրենց երկրում ահագնացող բռնություններով:

Անդրադառնալով մինչ այդ քննարկմանը Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից հնչեցրած անպատասխանատու հայտարարություններին` դեսպան Նազարյանը հայտնել է, որ իր համար անակնկալ չէր երկար տարիներ Բաքվի կողմից կիրառվող փաստերի աղավաղման պրակտիկան: Նա հավելել է, որ ժամանակն է եկել փոխարինելու քարոզչության այդ անփոփոխ հռետորաբանությունն ու սին մեղադրանքները կառուցողական քայլերով, որոնք նպաստավոր միջավայր կստեղծեն հարցի խաղաղ կարգավորման համար: Կարեն Նազարյանը հիշեցրել է Խոջալու բնակավայրում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ այդ ժամանակաշրջանի Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հայտնի հարցազրույցը, որտեղ վերջինս մեղադրում է ադրբեջանական ընդդիմությանը իշխանությունը զավթելու նպատակով սեփական ժողովրդի նկատմամբ սպանդ իրականացնելու գործում:

Դեսպանը շարունակել է, թե Ադրբեջանը պատասխանատվության պետք է ենթարկի այն անձանց, որոնք իրականացրել են Խոջալուի սպանությունները, ինչպես նաեւ 80-ականների վերջին ու 90-ականների սկզբին Ադրբեջանի տարբեր քաղաքներում հայերի դեմ վայրագությունները: ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնավորապես նշել է. «Ուղիղ 25 տարի առաջ, ի պատասխան Արցախի ժողովրդի խաղաղ ու ինքնորոշման իրավունքի սահմանադրական պահանջին, ադրբեջանական իշխանությունները ջարդեր իրականացրեցին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում բնակվող անպաշտպան հայերի դեմ: Վայրագություններն իրականացվեցին հայ փոքրամասնության նկատմամբ, ովքեր խաղաղ ապրում էին իրենց տանը, եւ, ովքեր հարձակման ենթարկվեցին միմիայն իրենց էթնիկ պատկանելիության համար: Այնուհետեւ Բաքվում, Կիրովաբադում եւ ադրբեջանական այլ քաղաքներում իրականացվեցին առավել վայրագ ու զանգվածային կոտորածներ` հանգեցնելով շուրջ կես միլիոն հայերի էթնիկական զտումների եւ տեղահանության»:

Կարեն Նազարյանն այնուհետեւ հիշեցրել է ԱԽ-ին, որ այդ վայրագություններին հետեւել են Ադրբեջանի ռազմական գործողություններն ու հարձակումները, որոնք նպատակ ունեին ռազմական լուծում տալու ԼՂ հարցին` տարածաշրջանում սանձազերծելով ագրեսիա Արցախի հանդեպ:

Հայաստանի դեսպանն անդրադարձ է կատարել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի վերջին զեկույցին, որտեղ հղում է կատարում քաղաքացիական հաստատությունների ու օբյեկտների դեմ հարձակումներին, ինչը, ըստ ԿԽՄԿ ուսումնասիրությունների, առավել բարդ ու քիչ ճանաչում գտած հումանիտար խնդիր է: Ըստ Նազարյանի, Հայաստանը միանում է այն դիրքորոշմանը, որ ԱԽ պետք է առավել ակտիվ մոտեցում որդեգրի կանխելու ու արձագանքելու նման միջադեպերին, եւ կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել առողջապահական հաստատությունների, քաղաքացիական օբյեկտների տրանսպորտային միջոցների դեմ ուղղված հարձակումները` ներառյալ քաղաքացիական օդանավերի նկատմամբ սպառնալիքները:

Այդ համատեքստում, Հայաստանի դեսպանը կրկին անգամ ԱԽ ուշադրությունն է հրավիրել առ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս կոչ են արել ԼՂ հակամարտության կողմերին իրականացնել փոխվստահության ամրապնդման միջոցառումներ` չեզոքացնելու սահմանամերձ շրջանների քաղաքացիական բնակչության դեմ ուղղված վտանգը` առաջարկելով հեռացնել դիպուկահարներին շփման գծից եւ հրադադարի դեպքերի խախտման համար ստեղծել հետաքննող մեխանիզմներ:

Կարեն Նազարյանն իր խոսքն ավարտել է` հայտնելով Հայաստանի հանձնառությունը խաղաղարար գործընթացին, նշելով նաեւ, որ հիմնահարցերը պետք է կարգավորվեն միմիայն խաղաղ ճանապարհով միջազգային իրավունքի սկզբունքի հիման վրա:

 

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
2. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը
3. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
4. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
5. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
6. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
7. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
8. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին
9. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
10. Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: