ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Ադրբեջանական հակահայ քարոզչությունը եւ հայկական անդրադարձը

31 հոկտեմբերի, 2012 | 20:53

Տասնամյակներ շարունակ հայկական սփյուռքի համար սրբազան թեմա  է ցեղասպանության խնդիրը, Թուրքիայի նկատմամբ հատուկ քաղաքականության մշակումը, եւ հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնումը։ Նույնիսկ Հայաստանի անկախացումից  ու Ղարաբաղյան խնդրի ծագումից հետո էլ, այդ քաղաքականությունը լուրջ փոփոխությունների չենթարկվեց։ Հակառակը` նոր թափ ստացավ, եւ դա բնական էր, քանի որ մինչ օրս Թուրքիան չի ճանաչել հայերի ցեղասպանությունը։  Այս պայքարում  արցախյան հիմնախնդիրը մնաց ստվերում։ Բայց ոչ միայն Սփյուռքում, այլեւ Հայաստանում Ադրբեջանի ծավալած լայնածավալ հակահայ  քարոզչությանը երկար ժամանակ մատների արանքով էին նայում, լուրջ չէին վերաբերում, մինչեւ որ Ադրբեջանի հակահայկականությունը ոչ միայն արմատներ գցեց ամենուր, այլեւ ծիլեր տվեց շատ երկրներում, այդ թվում նաեւ Չեխիայում։

Վերջին մի քանի տարիներին միայն, հայկական սփյուռքը եւ Հայաստանի պետությունը լրջորեն սկսեցին  զբաղվել նաեւ Ղարաբաղի հարցի եւ մեր տարածաշրջանի պատմական իրողությունների քարոզչությամբ։ Վերջապես անկախ Հայաստանի երրորդ նախագահի աշխատակազմում ստեղծվեց Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն, որն ամենայն պատասխանատվությամբ սկսեց լրացնել քսան տարիների ընթացքում կուտակված բացը։ Ստեղծվեցին մի քանի կարեւոր կայքէջեր համացանցում, մի քանի լեզուներով թողակվեցին Ղարաբաղյան հակամարտության եւ Ադրբեջանում հայկական կոտորածներին նվիրված փաստավավերագրական ֆիլմեր (Սումգայիթ, Բաքու, Մարաղա եւ այլն)։ Վերջապես օտար լեզուներով լույս ընծայվեցին Խոջալուի ողբերգական դեպքերի մասին պատմող գրքույկներ, ուր բացահայտվում էր ադրբեջանական քարոզչության սնանկությունը։ Բուլղար հեռուստալրագրող Ցվետանա Պասկալեւան հայ եւ օտար հեռուստալսարանի դատին հանձնեց իր Ղարաբաղյան պատերազմի քրոնիկները¦, կազմված յոթ մասից։ Չորս տարի առաջ Թաթուլ Հակոբյանը լույս ընծայեց “Կանաչ ու սեւ” արցախյան օրագիրը, որն առաջին լուրջ փորձն էր ամբողջացնելու հակամարտության բոլոր տեսակետները, վերլուծելու եւ ներկայացնելու դեպքերի ընթացքըՙ հատկապես օտար ընթերցողի համար։ Այս շարքը լրացրեց նաեւ Շուշան Ղազարյանի “Խաչվածին մահ չկա” գիրքը, որն ընդգրկեց Խորհրդային Միության վերջին տարիներին Կրեմլում տեղի ունեցած քննարկումները։ Այս երկու գրքերին էլ մանրամասն անդրադարձել ենք մեր ամսագրի էջերում։ Եվ ահա, բոլորովին վերջերս ռուսերեն լեզվով լույս տեսավ Արիս Ղազինյանի ֆունդամենտալ աշխատությունը` “Փորձադաշտ Ադրբեջանը, նվիրված Ադրբեջանի պատմությանը եւ մեր տարածաշրջանում դարեր շարունակ տեղի ունեցող հակամարտությունների արմատներին, Արցախյան հիմնախնդրին եւ  պանթուրքիզմի գաղափարախոսությանը։

Ինչպես հեղինակն է իրավամբ գրում. “Նախ պետք է միմյանցից անջատել երկու ինքնուրույն գործոն” ղարաբաղյան հարցը, որպես զուտ քաղաքական խնդիր, եւ ղարաբաղյան հարցը, որպես պատմական երեւույթ:  Արցախի խնդիրը ոչ թե պատճառն է  հայ-ադրբեջանական հակամարտության, այլ հետեւանքը: Ուստի հարցի էությունն ըմբռնելու ու հասկանալու համար անհրաժեշտ է նախեւառաջ փորձել ըմբռնել ու հասկանալ ադրբեջանական պատմության յուրահատկություններն ու զարգացման հիմնական օրինաչափությունները: Եվ այս տեսակետը պետք է հասցնել նաեւ միջազգային հանրությանը, քանզի բոլորին թվում է, թե եթե արցախյան հակամարտությունը լուծվի, ապա կլուծվի նաեւ հայ՟ադրբեջանական հակամարտության խնդիրը, ինչը միանգամայն մոլորություն է։ Ահա այս խնդրի լուսաբանմանն ենք նվիրել այս համարի գլխավոր թեման, միաժամանակ ցույց տալով նաեւ, թե ինչ ծրագրեր են իրականցվում հայ¬ադրբեջանական հեռուստատեսային լրագրության համագործակցության ոլորտում։

Այն, որ Ադրբեջանը նավթ ունի եւ մեծ գումարներ է ծախսում քարոզչության վրա, դա մենք գիտենք։ Սակայն դա նաեւ պատրվակ չի կարող լինել, որ մենք չկատարենք նվազագույնը։ Ապացույցը նաեւ վերջին տարիներին կատարված աշխատանքն է, որը ցույց տվեց, թե դրա համար մեծ ֆինանսական միջոցներ չեն պահանջվում։ Մենք պետք է ուժեղացնենք մեր դիվանագիտական աշխատանքը, փորձենք լինել նախահարձակ, քանի որ Ադրբեջանի հակահայ եւ ստահոդ քարոզչությունն այլեւս սահմաններ չի ճանաչում։

Մեր հարեւանի ագրեսիվության վրա  չի կարողանում ազդել նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի ստեղծման 20 տարին լրացավ 2012 թ. մարտի 24-ին։ Այս խումբը բազմաթիվ  ռուս, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներ փոխեց, սակայն այդ եռյակներից եւ ոչ մեկին չհաջողվեց կարգավորել խնդիրը, որը ծագել էր դեռ Խորհրդային Միության օրոք եւ Կրեմլի թեթեւ ձեռքով անցել հարատեւ հակամարտությունների շարքը։ Թե  1988-1991 թթ.՟ին  Խորհրդային Միության օրոք եւ թե անկախության շրջանում, երբ խնդրի կարգավորման հարցով սկսեց զբաղվել Մինսկի խումբը, ըստ էության կարգավորման բանալին  չփոխվեց։ Սահմանների փոփոխության կամ վերաձեւման  անհնարինության  մասին ասում էին թե ԽՍՀՄ կոմունիստ ղեկավարները, եւ թե ՄԱԿ¬ի ու ԵԱՀԿ դիվանագետները։

Անցած քսան տարիների ընթացքում միակ լուրջ հաջողությունը, որ գրանցվել է, դա հրադադարի հաստատումն էր, որ վերջ դրեց լայնածավալ պատերազմական գործողություններին։

Դա 1994 թ. մայիսի 5-ին Բիշքեկում հրավիրված ԱՊՀ  միջխորհրդարանական ասամբլեայի շրջանակներում անցկացված բանակցությունների արդյունքում ստորագրված հրադադարի համաձայնագիրն է։ Բիշքեկի արձանագրությունը ստորագրեցին Հայաստանի  ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանը, ԼՂ ԳԽ նախագահ Կարեն Բաբուրյանը, Ադրբեջանից՝ Ջալիլովը, ինչպես նաեւ Ղրղզստանի եւ Ռուսաստանի, ԱՊՀ ներկայացուցիչները։ Իսկ օրեր անց Հայաստանի, Ադրբեջանի պաշտպանության նախարարների եւ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի ստորագրումից հետո, հրադադար հաստատելու մասին համաձայնագիրը ուժի մեջ մտավ։  Բիշքեկյան հանդիպումը լուսաբանում էին նաեւ Հայաստանից եկած եւ արտասահմանյան լրատվամիջոցների համար աշխատող հայ լրագրողները, որոնք թերեւս առաջին անգամ արձանագրեցին հայկական տեսակետի հաղթանակը միջազգային լրատվական դաշտում։ Բի Բի Սի եւ  Ազատություն ռադիոկայանների ռուսական ծառայությունների, Ռոյթեր, Յու Փի Այ, Ֆրանսպրես, ԷՖԷ լրատվական գործակալությունների հայաստանյան թղթակիցներս մասնակցում էինք այդ պատմական հանդիպման լուսաբանմանը եւ մեր կատարած աշխատանքն իր արդյունքը տվել էր։ Բիշքեկից Երեւան վերադառնալիս, ինքնաթիռում ԳԽ նախագահ Բաբկեն Արարքցյանը  մտնելով լրագրողների սրահ, իր հիացմունքը եւ շնորհակալությունը հայտնեց մեր կատարած աշխատանքի համար։ Դա նաեւ մեր պրոֆեսիոնալ աշխատանքի գնահատականն էր, որ առաջին անգամ ստացանք  պետական բարձր ղեկավարից։ Ինչո՞ւ այս պահը հիշեցի։ Ցավոք, այսօր հայկական մամուլում եւ հատկապես համացանցային կայքերում գերիշխում է ոչ թե պատասխանտվությունը, ոչ թե պրոֆեսիոնալիզմը, այլ սենսացիոն չճշտված լուրերով, ադրբեջանական կայքերից մեջբերումներով, հակառակորդի ջրաղացին ջուր լցնելու բացառիկ ապաշնորհությունը։

Հետեւաբար,  տեղեկատվական պատերազմում տանուլ չտալու համար, նախ պետք է ինքներս սերտենք մեր պատմությունը, լինենք առնվազն խելացի, որպեսզի կարողանանաք դիմագրավել նաեւ մեզ նետված մարտահրավերները։

Հակոբ Ասատրյան


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: