ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԱԳԱՊԻ ՄԿՐՏՉՅԱՆ

09 նոյեմբերի, 2008 | 13:15

Հայկական Երազներ` Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ

«Օրեր՚ի գլխավոր խմբագրի զրույցը գերմանահայ գրող Ագապի Մկրտչյանի հետ

Ագապի Մկրտչյանը ծնվել է 1956-ին Հայաստանի Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում։ Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երեւանի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում, այնուհետեւ Գերմանիայում`Ենա քաղաքի Շիլլերի անվան համալսարանի գերմաներեն լեզվի եւ գրականության բաժնում։ 2001-ին Ֆրանկֆուրտում լույս է տեսել նրա բանաստեղծությունների եւ պատմվածքների գերմաներեն առաջին ժողովածուն` «Երազներ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ՚, 2006-ին̀ «Իմ մյուս կեսը՚ գիրքը։ Վերջինս հայերեն թարգմանությամբ Երեւանում լույս է տեսել երկու գրքով  բանաստեղծությունները «Քաղվածք տարագրի կյանքից՚ (2004) եւ արձակըˋ «Հեքիաթներ փոքրերի եւ մեծերի համար՚(2006)։ Հայերեն գրքերի նկարչական ձեւավորումը կատարել է նրա եղբայրըˋ Կամո Մկրտչյանը, իսկ առաջաբանները համապատասխանաբար գրել են Դավիթ Մուրադյանն ու Նորայր Ադալյանը։ Անցած տարիներին գերմանական մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել Ագապի Մկրտչյանի ստեղծագործությունների մասին, նա արժանացել է գերմանացի լրագրողների ու գրաքննադատների շռայլ գնահատականներին։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են նաեւ հայաստանյան եւ սփյուռքի գրական մամուլում։ Ագապի Մկրտչյանն այժմ ապրում եւ աշխատում է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում։ Մեր հանդիպումը տեղի ունեցավ ՖրանկֆուրտումˋՀԲԸՄ-ՀԱՅՔ գրասենյակի բացման օրը։

Բնականաբար մեր զրույցի թեման ոչ միայն գրականությունն էր, այլեւ օտարության մեջ հայտնված հայ մտավորականի ճակատագիրը, որի ստեղծագործություններում ե՛ւ մեր հեքիաթային կյանքն է ե՛ւ օտարության մեջ ապրող հայ մարդու դրաման։

Մեր զրույցը սկսենք Գերմանիա տեղափոխվելու Ձեր որոշումից։ Դժվար չէր արդյո՞ք խորհրդային տարիներին երկրից  արտագաղթելը։

– Դա երկար պատմություն է։ Երեսուներեք տարի առաջ, դեռեւս Խորհդային Միության օրոք, 1975-79թթ-ին Գերմանիայում ուսանելու հնարավորություն ստացա։ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտից ուղարկեցին կրթությունս շարունակելու։ Այն տարիներին ԽՍՀՄ-ի եւ ԳԴՀ-ի միջեւ ուսանողական փոխանակման պայմանագիր կար։ Քսաներկու տարեկանում ավարտեցի ուսումնառությունս եւ վերադարձա Հայաստան։ Անմիջապես զգացի, որ իմ հոգին շատ է փոխվել։ Իհարկե, ես շատ կցանականայի Հայաստանում աշխատել։ Բայց քանի որ վերադարձա Գերմանիայից եւ ոչ մի թիկունք չունեի, ինձ ուղարկեցին Սեւանի շրջանի գյուղերից մեկում դասավանդելու։ Վիրավորականն այն էր, որ այդքան տարիներ պետությունն ինձ վրա գումար էր ծախսել եւ իմ գիտելիքները ավելի լայն լսարանի համար չօգտագործելով, ինձ ուղարկում էին Սեւանի շրջանի մի փոքրիկ գյուղ։ Դա իմ առաջին հիասթափությունն էր։ Հետո երկար տարիներ աշխատեցի Հենրիկ Իգիթյանի գեղագիտական կենտրոնի մանկական թանգարանում, բայց էլի իմ տեղը չգտա, չկարողացա հարմարվել։ Եվ Հայաստանից իմ դուրս գալու պատճառը հենց այդ քաղաքական անհարմարությունն էր։ Ես հասկացա, որ իմ տեղը չեմ գտնի կյանքում եւ որոշեցի մեկնել Հայաստանից։ Եվ օրերից մի օր դա ինձ հաջողվեց։

Միանգամից  աշխատանքի անցա՞ք։

– Ոչ, նախ պետք է հարմարվեի միջավայրին։ Մեկ տարի անց գնացի Մյունխեն, իսկ հետո էլ Վիսբադեն, ուր եւ ապրում եմ մինչ օրս։ Մեկ տարի աշխատեցի «Զիմենս՚ ընկերությունում։ Այդ ընթացքում մտածում էի իմ մասնագիտությամբ աշխատելու մասին, քանի որ համալսարանի գերմանական բաժինն էի ավարտել, ուր նաեւ անգլերեն էինք սովորել։ Պատկերացրեք ամեն ինչ ստացվեց։ Դիմեցի Գերմանիայի կրթության նախարարությանը, եւ ինձ թույլատրեցին բացառության կարգով Ֆրանկֆուրտի համալսարանում մեկ տարի էքստեռն սովորել եւ քննությունները հանձնել, ինչը ես արեցի մեծ հաջողությամբ։ Տարբեր առարկաներից քննություն պետք է հանձնեի, որից հետո իրավունք ստացա երկու տարի ուսուցչական պրակտիկա անցնել։ Այնուհետեւ քննություն տվեցի, երկու առարկա ընտրեցի, գերմաներեն եւ ռուսերեն լեզուները, եւ մեծ չարչարանքից հետո անցա այդ փորձաշրջանը ու կրկին շատ բարձր գնահատականներով քննություն հանձնելուց հետոˋ անցա ուսուցչության։

Այժմ Վիսբադենի եղբայր եւ քույր Հանս եւ Սոֆի Շոլլների անվան դպրոցում աշխատում եք իբրեւ գերմաներենի ուսուցիչ, այդպես չէ՞։

– Այո, բայց երբեք չեմ մոռանում, երբ առաջին անգամ իբրեւ պրակտիկանտ գնացել էի դպրոց, ուսուցիչներից մեկը ինձ շփոթեց տեխնիկական աշխատակցի հետ։ Երբ իմացավ, որ ես էլ ուսուցչուհի եմ, կարմրեց, ներողություն խնդրեց։ Իրենց համար տարօրինակ էր, որ օտարազգին պետք է իրենց հետ աշխատեր իբրեւ գերմաներենի ուսուցչուհի։ Գերմաներենից զատ դասավանդում եմ նաեւ ռուսերեն։

Իսկ գերմանացի աշակերտները ինչպե՞ս ընդունեցին։

– Շատ նորմալ։ Իմ առաջին դասարանում թուրք աշակերտներ էլ կային, եւ մի դեպք պատահեց, որ մշտապես հիշում եմ։ Ժամանակին ես աշակերտներիս Հայաստանի մասին նկարներ էի ցույց տվել, այդ թվում Արարատի նկարը։ Եվ մի օր, երբ ինձ մոտ եկան դասալսման, միակը մի թուրք տղա էր, ով կանգնեց եւ ասաց, որ նկարում պատկերվածը Մասիս սարն է։ Դա ինձ համար հուզիչ էր։ Իհարկե, սկզբնական շրջանում թուրքերի հետ շփումն ինձ համար տարօրինակ էր։ Այդ ժամանակ սովոր չէինք, որ թուրքերի հետ շփվեինք։ Հիմա արդեն շատ թուրք աշակերտներ ունեմ։ Ընդհանրապես որեւէ ազգի հետ դժվարություն չունեմ։ Ես շատ լավ հասկանում եմ երեխաների հոգեբանական վիճակները, հատկապես թուրքերի։ Երբեմն թուրք կամ արեւելցի տղաները դիմում են ինձ, մտածելով, որ ես կարող եմ ավելի օգտակար լինելˋ իրենց խնդիրները հասկանալու եւ լուծելու հարցում։

Իսկ այս տարիների ընթացքում ինտեգրվե՞լ եք գերմանական հասարակությանը, թե դեռ կան անհաղթահարելի անջրպետներ։

– Այդ հարցին կարող եմ պատասխանել եւ այո՛, եւ ո՛չ։ Իհարկե, ես փաստորեն չափից շատ ինտեգրված եմ։ Ես գերմանական չինովնիկ եմ, եւ համարում եմ, որ իմ տարիքի համար աշխատում եմ բավականին լավ կարգավիճակում։ Ես ստեղծագործում եմ գերմաներենով, ավելի լավ մտքերս կազմակերպում եմ գերմաներեն։ Բայց տարիների ընթացքում զգում եմ, որ հոգիս զատվում է այստեղից, եւ այդ առումով չեմ կարող ասել, որ ինտեգրվել եմ։ Ինձ համար ինտեգրման երեւույթը անհնարին է։ Տարիների ընթացքում զգում եմ, որ հեռանում եմ այստեղից։ Թեեւ աղջիկսˋՄարիան այստեղ է ծնվել, մեծացել։ Ամուսինս գերմանացի է։ Բայց այդ ինտեգրումը հոգեպես հնարավոր չէ։ Աղջիկս, իհարկե, հայերեն խոսում է, օրորոցից միայն հայերեն եմ հետը խոսել, սակայն պարզ է, որ մեծանում է գերմանական շրջապատում եւ այդ ազդեցության կրողն է։

Իսկ Հայաստանի նկատմամբ ձգտում ու՞նի։

– Դեռ շուտ է։ Ես չեմ ձգտում աղջկաս ստիպել, որ սիրի։ Ես ծածուկ եմ ներմուծում այդ սերը հայրենիքի նկատմամբ եւ առաջին հերթին հայոց լեզվի։ Այստեղ շատ հայ ընտանիքներ ունենք, որոնց երեխաները ոչ նորմալ հայերեն գիտեն, ոչ էլˋ գերմաներեն։ Թե հետագայում ինչպիսին կլինի նրա վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, դժվարանում եմ ասել։ Բազմիցս եղել ենք Հայաստանում, ինքը շատ լավ գիտի հայկական միջավայրը։

Այժմ խոսենք ձեր գրական գործունեության մասին։ Գերմաներեն ստեղծագործելու պահանջը այստե՞ղ զգացիք։

– Երեւանում, իհարկե, ստեղծագործել եմ, բայց այստեղ ես անսպասելիորեն զգացի, որ հայերենս չի բավարարում եւ գրեցի գերմաներեն։ Զգացմունքներս շատ արեւելյան են, բայց լեզուս գերմաներեն է։ Մտքերս չեմ կարող հայերեն ճիշտ արտահայտել։ Գերմաներեն մեկ գիրք ունեմ հրատարակվաˋՙ բանաստեղծությունների եւ պատմվածքների ժողովածու է։ Այն թարգմանել եմ հայերեն եւ հրատարակել երկու գրքով։ Դրանից զատ գերմանական շատ ժողովածուների մեջ եմ տպագրվել։ Վերջերս էլ մի պատմվածք գրեցի, որը կապված է բազմալեզվային առանձնահատկությունների հետ։ Այն լույս կտեսնի իմ նոր ժողովածուի մեջ։ Վերնագիրն է «Սեւ դեմքը՚։ Հետաքրքիր պատմվածք է ստացվել։ Հիմնական ծրագիրս հաջորդ գրքիս տպագրությունն է, որին խանգարող բան չկա, ուղղակի ականջիս հետ կապված խնդիրներ ունեցա եւ մի քիչ ձգձգվեց դրա տպագրությունը։

Նախորդ գրքում կարոտի զգացումը շատ էր։ Ո՞րն է լինելու նոր գրքի պատգամը։

– Նոր գիրքս կարոտից ազատվել է եւ ավելի համամարդկային է։ Նոր պատմվածներ ունեմ, որ մի քիչ անսովոր վերնագրեր ունեն, օրինակˋ«Թե ինչպես շորերը պատժեցին մարդկանց՚, «Տան հայելու օրագրի էջերից՚։ Մի այլ պատմվածք կա, որ շատ եմ հավանում։ Բուն պատմվածքի հետեւում իսրայելցիների ու պաղեստինցիների կոնֆլիկտն է։ Մի տղա գյուղից հեռանում է, որ փնտրի պատերազմ բառը եւ դուրս շպրտի երկրագնդից։ Երեխայի հոգեբանությունն եմ ցույց տալիս։ Հեքիաթային վերջաբան է ունենում։

Հայրենասիրության թեման ձեզ որքա՞ն է հուզում։ Սփյուռքահայ գրողներից շատերն են այդ ուղղությանը հետեւում են, երբեմն հայրենասիրական երկերը կեղծ բնույթ են կրում։

– Իմ մոտ հայրենասիրությունը այլ կտրվածք ունի։ Երբ ես ուսանելու գնացի Գերմանիա, տասնինը տարեկան էի, որից տասնյոթը գյուղում եմ ապրելˋ Գեղաշենում։ Մայրս ուսուցչուհի էր, հայրսˋ դպրոցի տնօրեն։ Հետո Երեւանում երկու տարի ուսանել եմ եւ հիմնականում զբաղվել եմ իմ դասերով։ Այնուհետեւ մեկնել եմ Գերմանիա, եւ այն ժամանակը, որը պետք է միգուցե իմ մեջ հայրենասիրություն սերմաներ, կորցրել էի։ Ես դա չունեմ։ Ինձ մոտ դա այլ կերպ է արտահայտվում։ Երբ իմ երեխան ծնվեց, հակառակ, որ ամուսինս գերմանացի էր, ամեն ինչ արեցի, որ աղջիկս հայերեն խոսի։ Հայրենասիրությունն իմ մեջ կա, բայց իբրեւ պատմվածք ես չեմ կարողանում դա տալ, թե ինչո՞ւ, չեմ կարող ասել։ Իմ մոտեցումը Հայաստանին այդ ճանապարհով չի գնում, ինչը մեր այլ սփյուռքահայ գրողների մոտ ընդունված է։

Գերմանական միջավայրը ի՞նչ ազդեցություն է ունենում ձեզ վրա իբրեւ ստեղծագործողի։

– Ազդեցությունն այն է, որ ես գնալով ավելի եմ պարփակվում այն աշխարհի մեջ, որ ինձ հետ բերել եմ այստեղ եւ մեծացրել եմ։ Ես չեմ կարող ասել, որ շրջապատի ազդեցությունը դրական չէ։ Չնայած իմ կյանքի պայմաններին, ես զգում եմ, որ գնալով իմ մեջ ըմբոստությունն է բարձրանում։

Ժամանակ առ ժամանակ լինում եք Հայաստանում, մասնակցում եք սփյուռքահայ գրողների հավաքներին։ Ինչպի՞սն է ժամանակակից սփյուռքահայ գրականությունը ըստ Ձեր անձնական դիտարկումների։

– Նախ պետք է տարբերենք սփյուռքահայ գրականության երկու ուղղություններըˋ հայախոս եւ օտարլեզու, հատկապես, որ վերջինս իր հոգեբանությամբ ուրիշ է։ Մենք ունենք շատ լավ գրողներ, որոնցով կարելի է հպարտանալ։ Իհարկե, լավ կլիներ, որ մեր գրական նոր սերունդը տեղային միջավայրից դուրս գար, գլոբալ աշխարհին մոտենար, փոքր թեմաներից անցնեին մեծ թեմաների։ Իսկ սփյուռքահայ գրողների հավաքները կարեւոր են նաեւ գրողների միջեւ կապերի ստեղծման, միմյանցից սովորելու առումով։ Ինչ վերաբերում է թեմաներին, ապա դրանք պետք է ավելի համամարդկային խնդիրներ շոշափեն։

Ընդհանրապես օտարագիր հայ գրականության մասին ի՞նչ կասեիք։

– Ես ոչ բոլորին եմ ծանոթ, որոշներին կարդացել եմ, ծանոթացել եմ։ Այդպիսի հայ ստեղծագործողների դերը շատ կարեւոր է։ Դա մեզ համարˋ մեր պատմության, մեր գոյության համար մի սերմ է, ինչքան շատˋ այնքան լավ։ Անկախ նրանից, թե որ երկրում է ստեղծագործող հայը, ինչ մակարդակի է, կարեւորն այն է, որ տեղում գիտեն, թե այդ երկրում ապրում է  յան ազգանունով մի հայ գրող։ Շատ կարեւոր է, որ տարբեր երկրներում այդ խոսքը չլռի։

Ձեր գործերը գերմանացի ընթերցողերի մոտ ի՞նչ արձագանքների են արժանացել։

– Գերմանացի ընթերցողները շատ ջերմորեն են մոտենումՙ հատկապես հանդիպումների ժամանակ։ Մի անգամ ներկաներից մեկը արտասվեց եւ խոստովանեց, որ իմ բանաստեղծությունը կարծես իր կողմից գրված լինի։ Հիմնականում դրական արձագանքներ են լինում իմ ստեղծագործությունների ընթերցումների ժամանակ։ Այդ հանդիպումներում շատ հաճախ հարցերին պատասխանելիս նաեւ Հայաստանն եմ ներկայացնում, որպեսզի տեղի մարդիկ քիչ թե շատ ծանոթանան մեր մշակույթին ու պատմությանը։

– Եվ վերջում, գերմանական «Վիսբադեներ Կուրիր՚ թերթին տված հարցազրույցում նշել եք, թե երջանիկ եք, որ կրում եք տարբեր մշակույթների խառնուրդը, եւ հայ-գերմանական մշակութային դեսպան եք։ Գերմանական մշակույթից հատկապես ի՞նչն է Ձեզ վրա մեծ ազդեցություն ունեցել։

– Գերմանական դասական երաժշտությունը մեծ ազդեցություն ունի իմ վրա։ Իսկ Գյոթեն մեր մոլորակի մտքի հսկաներից է։ Նրա պոեզիան ինձ համար հոգեւոր հարստացման անսպառ աղբյուր է։

Զրույցը վարեց Հ. Ասատրյանը

ՕՐԵՐ,  5/2008


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: