Եղեռնի նահատակների ոգեկոչման Սուրբ Պատարագ Ցյուրիխում

  • 25.04.2022
  • 0
  • 431 Views

Ապրիլի 24ին Ցյուրիխում մատուցվել է ցեղասպանության նահատակների ոգեկոչման պատարագ։ Պատարագիչն էր հոգեւոր հովիվ Տեր Շնորհքը։ Պատարագին ներկա էր եւ ելույթ ունեցավ Ցյուրիխի մարզային խորհրդարանական Հանս Էգլին։

Սուրբ Պատարագի ավարտին ներկաներին դիմեց նաեւ Հայ Ակադեմիականների խորհրդի անդամ Մանուկ Մալխասյանը։ Ներկայացնում ենք վերջինիս ելույթը։

Սիրելի հայրենակիցներ, սիրելի հավատի քույրեր եւ եղբայրներ. Այսօր մենք կրկին վերհիշում ենք մեր պատմության խոշորագույն ազգային աղետը եւ հարգում եղեռնի զոհերի անմար հիշատակը։ 107 տարի առաջ այս օրը Չարն ու սուտը մարմնավորող թուրքական յաթաղանը փորձեց վերացնել մեր հազարամյա գենը, սակայն աշխարհի առաջին քրիստոնյա ազգը դատապարտված չէր վերանալու։ Այն որպես փյունիկ վեր հառավ մոխրից եւ մենք՝ այսօր կանք։ Սակայն այդ նույն չարքը կրկին չի համակերպվում մեր գոյության հետ Հայաստանում եւ Արցախում։ Թուրքիայի արտգործնախարար Չավուշողլու այսօրվա սադրիչ եւ լկտի պահվածքը Ուրուգվայի մեր հայրենակիցների նկատմամբ հուշում է մեկ բան. Հայի գոյությունն իր բնօրրանում այսօր կրկին վտանգված է։

Սիրելի հայրենակիցներ այստեղ ներականերս, բոլորս ունենք տարբեր արմատներ՝ լինի պոլսահայ, լիբանանահայ, սիրիահայ, պարսկահայ, հայաստանցի կամ արցախցի, սակայն բոլորիս միավորում է ցեղասպանություն վերապրածի ժառանգ լինելու փաստը։ Ցեղասպանություն վերապրածի որդի էր նաեւ Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը, ում ծննդյան 90-ամյակը լրացավ ապրիլի 17-ին։ Քչերը գիտեն, որ Կարեն Դեմիրճյանը 1960-ականներին ոչ միայն Ծիծեռնակաբերդի Եղեռնի հուշահամալիրի շինարարության գլխավոր պատասխանատուն էր, այլեւ ապրիլի 24-ը՝ որպես Ցեղասպանության հիշատակի օր, հենց նրա ջանքերի շնորհիվ է 1970-ականների սովետական Հայաստանում դարձել ամենամյա ավանդույթ։ Ուստի եկեք հարգենք նաեւ Կարեն Դեմիրճյանի վառ հիշատակը։ Եկեք գիտակցենք, որ մեր թշնամիների համար մենք բոլորս նույն հայն ենք եւ նույն թիրախը։ Ուստի մեր փրկությունը մեր միասնության, մեր փոխադարձ հարգանքի, մեր՝ իրար նկատմամբ հանդուրժողականության եւ ի վերջո փոխադարձ սիրո մեջ է։

Ոչ ոք եւ ոչ մի ազգ մեզ չի կարող օգնել, եթե մենք ինքներս իրար մեջ չլինենք համերաշխ եւ ներդաշնակ։ Ուստի մեր մեծագույն հարգանքը Եղեռնի սուրբ նահատակների հիշատակի առջեւ մեր համերաշխությունն ու միասնականությունն է։ Աստված պահապան մեզ։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում