Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունների միջև

  • 15.12.2023
  • 0
  • 147 Views

Դեկտեմբերի 14-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, չեխականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Յան Մարիանը:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Չեխիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և այն պահպանելու անհրաժեշտությունը և քննարկել են հայ-չեխական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Անդրադառնալով տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ կողմերը կարևորել են այս տարվա մայիսին հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը և պատրաստակամություն հայտնել քայլեր ձեռնարկել տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ։ Քննարկվել է նաև համագործակցությունը մշակութային, կրթական և գիտական ոլորտներում։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին, ընդգծվել պարբերական քաղաքական շփումների կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

Փոխնախարար Հովհաննիսյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությանը և այդ ուղղությամբ հետագա գործուն քայլերի կարևորությանը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սեպտեմբերին իրականացված լայնածավալ ռազմական հարձակմանը և դրա հետևանքով ԼՂ էթնիկ զտմանը՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստան բռնի տեղահանված ԼՂ հայության կարիքների և իրավունքների հասցեագրման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում