19
Fri, Apr

Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

Աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում Հայաստանի դեսպանությունում հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր վարչապետին դիմավորել են ջերմորեն և բուռն ծափահարություններով:

Վարչապետը նշել է, որ իր աշխատանքային ու պաշտոնական այցերի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները իր ամենասպասված հանդիպումների թվում են: «Իսկապես Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների առանցքային և կարևորագույն իմաստն այն մթնոլորոտն է, սերն է, որ կա մեր միջև: Այսօր իսկապես շատ կարևոր է արձանագրել, թե ինչ հանգրվանի վրա է գտնվում Հայաստանի Հանրապետությունը, այն իրոք ժողովրդավարական պետություն է, որտեղ իշխանությունն իսկապես պատկանում է ժողովրդին: Ինձ համար մեծ պատիվ է լինել այս կարգավիճակում ոչ թե այն պատճառով, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, այլ բացառապես այն զգացման պատճառով, որ ես ՀՀ վարչապետ եմ բացառապես ՀՀ ժողովրդի ցանկության, ընտրության բերումով: Սա ամենակարևորն է: 

Մենք անընդհատ քննարկել ենք իշխանության լեգիտիմության հարցը, և այսօր այդ պնդման կարևորությունը զգում եմ իմ աշխատանքում, միջազգային հարաբերություններում: Կասկած չունեմ, որ տեղի ունեցած փոփոխությունները, ժողովրդական հեղափոխությունը մեզ բերելու է իրական, ռեալ տնտեսական քաղաքական հաղթանակների:

Արդեն իսկ ամենակարևոր հաղթանակը տեղի է ունեցել. դա ժողովրդի իշխանության հաստատումն է Հայաստանի Հանրապետությունում: Այն տնտեսական ցուցանիշները, որ սկսում են այսօր երևալ, այն գնահատականները, որ մեր տնտեսական զարգացման մասին անում են միջազգային կազմակերպությունները` ցույց են տալիս, որ մենք իրար հետ հաջողելու ենք նաև տնտեսական հեղափոխության գործընթացում: 

Բայց այս ամենի ամենակարևոր հիմքն աչքերի և հայացքների հեղափոխությունն է, այն հեղափոխությունը, որ տեղի է ունենում մեր հայացքներում: Մենք այսօր միմյանց աչքերում կարդում ենք փոխադարձ վստահություն, փոխադարձ սեր, փոխադարձ հարգանք և իհարկե պատրաստակամություն` լինել իրար հետ, կողքի կողքի և մեր ուսերին իրար հետ տանել մեր հայրենիքի ապագայի պատասխանատվությունը»,-
 ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետն անդրադարձել է այսօր Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքներին:

«Հասկանում եմ, որ թիվ մեկ հետաքրքրությունն այսօրվա հանդիպումն է: Կարող եմ ասել, որ դրական եմ գնահատում նախագահ Ալիևի հետ մեր հանդիպումը: Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խդիրների մասին և խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում և հետագայում իմ ունեցած ասուլիսի ընթացքում:

Այսօրվա հանդիպումը գնահատում եմ դրական ու հույս ունեմ, որ նախագահ Ալիևն էլ հանդիպումը դրական կգնահատի: Ուզում եմ մի նրբության անդրադառնալ: Երբ ասում եմ, որ դրական եմ գնահատում` դա չի նշանակում ինչ-որ մեկի հաղթանակ կամ պարտություն: Ընդհանրապես, մինչև հիմա ընդունված է եղել այդ տրամաբանությամբ մոտենալ խոսակցություններին, գալ այն եզրակացության, թե, լավ` հանդիպեցին, ո՞վ հաղթեց, ո՞վ պարտվեց: Այս խոսակցության կարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ և հայտարարել` ես հաղթեցի, դիմացինը պարտվեց: Այդպես եղել է Դուշանբեի, Սանկտ Պետերբուրգի, Դավոսի քննարկումների ընթացքում:

Սկսվել է խոսակցություն և կողմերից յուրաքանչյուրն իր պատկերացումներն է ներկայացնում. հակամարտությունն ունի խորն արմատներ և ամենակարևոր արձանագրումը պետք է լինի այն, որ պարզ իրավիճակի հետ գործ չունենք: Սա շատ խորը, լուրջ խնդիր է և կարևոր եմ համարում, որ լինի մթնոլորտ, որտեղ կարողանանք բարձրաձայնել, թե ինչ ենք մտածում, կարողանանք խոսել, հասկանալ, կարո՞ղ ենք արձանագրել, որ խոսելու մեջ ոչ մի վնասակար բան չկա, կարո՞ղ ենք խոսել այնպես, որի հիմքում չի լինի իրար վնասելու կանխավարկածը, կարո՞ղ ենք արդյոք ջանքեր գործադրել, որ հայ-ադրբեջանական սահմաններում, շփման գծում լինի կայուն իրավիճակ, կարո՞ղ ենք սկսել խոսակցություն, որ սահմանին գտնվող գյուղերում փորձենք այնպես անել, որ մարդիկ ապրեն բնականոն կյանքով, զբաղվել գյուղաշխատանքով` առանց մտավախության, որ դիպուկահարներն իրենց կոչնչացնեն: Պետք է հասկանալ` մենք կարող ենք արդյո՞ք մտածել, թե ինչ հումանիտար ասպեկտներ կան, որ կարող ենք քննարկել: 

Կան երկու կողմերի քաղաքացիներ և և պետք է հասկանալ, կարո՞ղ ենք փորձել ընտանիքների հետ հանդիպումներ կազմակերպել, որ այդ մարդիկ իրենց ընտանիքների անդամների հետ շփվելու հնարավորություն ունենան, կարո՞ղ ենք արդյոք հանձնարարել մեր արտաքին գործերի նախարարներին, որպեսզի նրանք շարունակեն այս խոսակցությունը` հասկանալու համար խնդրի էությունը: Բայց նաև պարզ է, որ ամեն մեկս ունենք մեր դիրքորոշումները, որոնցում խորապես համոզված ենք, բայց կարո՞ղ ենք փորձել խոսել նաև դիմացինի դիրքորոշման մասին, ի՞նչն է, որ դիմացինի դիրքորոշման մեջ տրամականական է, կամ ոչ: Ահա այս իմաստով եմ դրական համարում այս հանդիպումը և անկեղծ ասած դեռ չգիտեմ, թե ինչպիսի գնահատական ունի նախագահ Ալիևը, բայց հույս ունեմ, որ մեր գնահատականներն առնվազն տեսանելիորեն և շոշափելիորեն իրարից չեն տարբերվի»,-
 ասել է վարչապետ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև Վիեննայի հայ համայնքի ներկայացուցիչների մի շարք հարցերի: