Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հայտարարում է«Կանայք հայ արվեստում» ծրագրի մեկնարկը

  • 27.04.2022
  • 0
  • 329 Views

Ապրիլի 26, 2022թ, Երևան. Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Կանայք հայ արվեստում» նոր կրթական ծրագրի մեկնարկը:

ԳԱԿ-ի նոր ծրագիրը հիմնված է 2022թ․ապրիլի 22-ից հունիսի 19-ը ԳԱԿ-ում գործող «Թերեզա Միրզոյան 100» հետահայաց ցուցադրության վրա՝ նվիրված քանդակագործի ծննդյան 100-ամյակին, որի շրջանակում ներկայացված են 20-րդ դարի հայ քանդակագործության մեջ կարևոր ավանդ ունեցած ականավոր արվեստագետ Թերեզա Միրզոյանի ստեղծագործությունները:

Ընդլայնելով թեման՝ կրթական ծրագրի շրջանակում, բացի Թերեզա Միրզոյանից, նաև անդրադարձ կկատարվի 20-րդ դարի այլ հայ կին արվեստագետներին, որոնց անունները ցավոք հանրային լայն շրջանակներին հայտնի չեն կամ մոռացության եզրին են:

«Կանայք հայ արվեստում» կրթական ծրագիրը հրաշալի առիթ է ուսումնասիրելու 20-րդ դարի հայ կին արվեստագետներին, նրանց թողած գեղարվեստական ժառանգությունը և այն արվեստային միջավայրը, որտեղ նրանք ստեղծագործել են:  

Ծրագրի ամփոփիչ հատվածում մասնակիցները քարտեզի վրա կփակցնեն ներկայացված արվեստագետների ստեղծագործությունների փոքր տարբերակները, որոնք գտնվում են քաղաքի տարբեր հատվածներում կամ ցուցասրահներում: Բացի այդ, մասնակիցները հնարավորություն կունենան գտնելու կին արվեստագետների ստեղծագործությունների բնօրինակները հատուկ պատրաստված  բուկլետ-քարտեզների օգնությամբ:

Մասնակցել կարող են 15 տարեկանից բարձր բոլոր տարիքային խմբերը։ Մասնակցությունն  անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ:                    

Տեղեկությունների և գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (+374) 10 54-19-32/34 հեռախոսահամարով։                                                                                          

***
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայ մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում