Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան խնդրագիր է ներկայացրել Նիդերլանդների խորհրդարանին՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար անհրաժեշտ հրատապ քայլերի մասին

  • 18.01.2023
  • 0
  • 270 Views

Հաագա, 17 հունվարի 2023 թ. –  Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) այսօր եռօրյա Լուռ բողոքի ակցիա է սկսել Նիդերլանդների խորհրդարանի դիմաց` քաղաքական և հասարակական ուժերի ուշադրությունը հրավիրելու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի վրա, որն առաջացել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի անողոք ռեժիմի կողմից իրականացված Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով։

Այսօր Լուռ բողոքի ակցիայի ընթացքում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON-ի) ներկայացուցիչներին ընդունեց Նիդերլանդների խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռյուդմեր Հերման, հանձնաժողովի մեծ թվով անդամների ներկայությամբ։ FAON-ը հանձնաժողովի նախագահին հանձնեց 10 կետից բաղկացած խնդրագիր, որտեղ նշված էր հրատապ քայլեր ձեռնարկել Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը մեղմելու և Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն ապաշրջափակելու համար։

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON-ի) պատվիրակությունը խնդրագրի բովանդակությունը ներկայացրեց պատգամավորներին, այդ թվում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռյուդմեր Հերմային (VVD կուսակցություն), Գեյս վան դեր Ստային (SGP կուսակցություն), Յասպեր վան Դեյկին (SP կուսակցություն), Ռայմոնդ դե Ռոնին (PVV կուսակցություն), Ագնես Մյուլդերին (CDA կուսակցություն), Շյուրդ Շյուրդսմային (D66 կուսակցություն), Լամերտ վան Ռանին (PvdA կուսակցություն), Դերկ Յան Էպինկին (JA21 կուսակցություն), Կարոլայն վան դեր Պլասին (BBB կուսակցություն), Քեթի Պիրիին (PvdA կուսակցություն), Դոն Սեդերին (CU կուսակցություն), Ռուբեն Բրեկելմանսին – (VVD կուսակցություն), Պիտեր Օմտզիգտին (Omtzigt խմբակցություն) և Թոմ վան դեր Լեյին (GL կուսակցություն)։ Պատվիրակությունը հատկապես ընգծեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Արցախում տիրող մարդասիրական սարսափելի իրավիճակին և գտնել հնարավորություններ վերացնելու Արցախի բնիկ հայ ազգանբնակչության դեմ ուղղված Ադրբեջանի սպառնացող գործողությունները, որոնք միտված են իրագործել էթնիկ զտումներ, ինչպես խոստովանել է ադրբեջանցի բռնապետը:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON-ը) շնորհակալ է հանդիպմանը ներկա գտնված պատգամավորներին և անհամբեր սպասում է առաջիկա հունվարի 19-ին խորհրդարանում կայանալիք բանավեճին, որտեղ կքննարկվեն հրատապ գործողությունների թեման, որոնք հարկավոր են Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար, հաշվի առնելով, որ հաջորդ շաբաթ կայանալու է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որի օրակարգում ներառված է նաև այս հարցը:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում